Ընտրատեղամասերի 85 տոկոսը հաշմանդամներին մատչելի չէ

Պաշտոնական տվյալներով Հայաստանում ապրում է մոտ ընտրելու իրավունք ունեցող 140
000 հաշմանդամ: Այս 140 000 մեջ քիչ չեն սայլակով կամ ձեռնափայտերի օգնությամբ
տեղաշարջվող հաշմանդամները: Մարդիկ, ում համար աստիճան բարձրանալը առաջին դեպքում
անհնար է, երկրորդ դեպքում` բավականին դժվար: Հայաստանում հաշմանդամների համար
մատչելի միջավայրի բացակայությունն է հենց այն միակ պատճառը, որի արդյունքում
հաշմանդամների մասնակցությունը Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքին մեղմ ասած,
գոհացուցիչ մակարդակի վրա չէ: Թեեւ քաղաքաշինության մասին օրենքի համաձայն,
Հայաստանում կառուցվող ցանկացած շինություն պետք է հարմարեցված լինի հաշմանդամների
կարիքներին, սակայն իրականում պատկերը տխուր է: Օրինակ, Լինսի հիմնադրամի
միջոցներով նորոգված 35 մշակութային օջախներից ոչ մեկը չհարմարեցվեց հաշմանդամների
կարիքներին, Երեւանի կենտրոնում կառուցված Հյուսիսային պողոտայում հաշմանդամների
կարիքները նկատի ունենալով ընդամենը մեկ շենք է նախագծված: Հենց այս վիճակն է
հաշմանդամների ստիպել սեփական ուժերով հարցերը լուծել: Հայաստանում գործում են
հաշմանդամների իրավունքները պաշտպանող մի շատ ՀԿ-ներ, որոնցից մեկն էլ «Հաշմանդամների
Փարոս կրթության եւ մշակույթի զարգացման կենտրոնն» է: vspace=5 hspace=13 align=left />

Սկսած 2003 թվականից «Փարոսը» ակտիվ աշխատում է հաշմանդամների ընտրելու իրավունքը
իրացնելու համար մատչելի միջավայր ապահովելու ուղղությամբ: Կազմակերպության նախագահ
Սուրեն Օհանյանը եւ նրա համախոհները նաեւ դիտորդական առաքելություն են իրականացնել
2003 թվականի ընտրություններում եւ նկատել, որ հաշմանդամ-դիտորդ երեւույթը առայժմ
լինելով աչքի համար խորթ, միեւնույն ժամանակ զգաստացնող գործոն է դարձել: «Փարոսը»
մոտ 70 դիտորդներ է ունենալու նաեւ այս տարվա փետրվարի 19-ի ընտրություններում:
Սակայն ինչպես ընտրելու իրավունքը, այնպես էլ դիտորդական առաքելություն
իրականացնելը դժվար է նույն` մատչելի միջավայրի բացակայության պատճառով: Համաձայն
ՀՀ ընտրական օրենսգրքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի, ընտրատեղամասերը բոլորի համար
մատչելի միջավայր ապահովելը տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն
է, սակայն մեկ-երկու չնչին բացառություններով, հարցը լուծված չէ: «Փարոսն» ինքը
սեփական կապերով եւ միջոցներով թեքահարթակներ է կառուցել մի շարք
հաստատություններում, որոնք ընտրատեղամաս են ծառայում: Մասնավորաբար ընտրվել են
այնպիսի դպրոցներ, ուր ներդրված է ներառական կրթության համակարգը: Սակայն Հայաստանի
1923 ընտրատեղամասերից թեքահարթակ է կառուցված ընդամենը ընտրատեղամասների 15
տոկոսում, ընտրատեղամասերի 85 տոկոսը հաշմանդամների համար մատչելի չէ:
Հաշմանդամների եւ հաշմանդամների հարցերով զբաղվող կազմակերպությունները
ընտրություններին հաշմանդամների մասնակցությունը ապահովելու նպատակով
համագործակցության առաջարկ է արել նաեւ կուսակցություններին, սակայն քաղաքական
ուժերը առանձնապես չեն ոգեւորվել այս առաջարկով:



Այս ամենի պատճառով էլ հաշմանդամները ձեռնպահ են մնում ընտրություններին
մասնակցնելուց, հասարակական ակտիվ կյանքից: Սուրեն Օհանյանի կարծիքով, պետք է
բոլորը հասկանան, որ հաշմանդամը հասարակության շատ սովորական անդամ է, որ
հաշմանդամը մեզանից մեկն է, որ հաշմանդամի համար մատչելի միջավայր ապահովելը
կարեւոր է ոչ թե հաշմանդամի համար, այլ բոլորի: