ԵԽԽՎ դիտորդների առաջին զեկույցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական առաքելությունը ժամանել էր Երևան քաղաքական մթնոլորտն ու նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ: Հիմնական նպատակն էր գնահատել նախընտրական օրենսդրության կիրառումը, քանի որ գալիք նախագահական ընտրությունների կազմակերպման շարունակական առաջընթացը առանցքային է երկրում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վստահության ապահովման համար:

Պատվիրակությունը նկատեց, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները առաջընթաց են արձանագրել նախորդ ընտրությունների համեմատությամբ և հույս հայտնեց, որ այս առաջընթացը կշարունակվի 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Այն գոհունակությամբ նկատեց նախկին թերությունները շտկելու և ամբողջապես ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու իշխանությունների հստակ արտահայտած քաղաքական կամքը` Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն: Այս կապակցությամբ պատվիրակությունը ողջունում է ընտրական օրենսդրության բարելավումը, որի արդյունքում հաշվի են առնվել Խորհրդարանական վեհաժողովի մի շարք հանձնարարականներ: Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցանկանում է նաև նշել, որ գալիք ընտրությունների ժողովրդավարական նորմերի համապատասխան կազմակերպումը ուղղակիորեն կախված կլինի ընտրական օրենսդրության լիակատար իրականացումից` օրենքի ոգուն և տառին համապատասխան:

Իրապես ժողովրդավարական ընտրությունները և դրանց արդյունքների լեգիտիմությունը մարդկանց աչքերում, կախված են ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակից: Այս առումով պատվիրակությունը մտահոգված է ընտրական գործընթացների, ներառյալ բողոքարկման իրավական գործընթացի անաչառության, նկատմամբ վստահության ակնհայտ բացակայությամբ, որն արտահայտվել է մի շարք հանդիպումների ընթացքում: Այն հետևաբար առաջարկում է, որ իշխանությունները կիրառեն բոլոր միջոցները ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու համար, հատկապես կապված քվեարկության գաղտնիության, քվեների հաշվառման և աղյուսակավորման գործընթացի նկատմամբ:

Թեև փոխվել է քվեարկության խցիկների տեղադրման կարգը, որպեսզի կանխվի քվեների գնումը և բազմակի քվեարկումը, կա մտահոգություն, որ դա կարող է բերել նրան, որ քվեարկողները անկանխամտածված կերպով ցույց տան, թե ինչպես են քվեարկել, հատկապես եթե ընտրական տեղամասում ներկա են մեծ թվով մարդիկ: Պատվիրակությունը տեսել է քվեարկության խցիկի նմուշը և համոզվել, որ դրանք նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան: Այնուամենայնիվ, այն կոչ է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռնարկել բոլոր միջոցները ընտրության օրը քվեարկության գաղտնիությունը ապահովելու համար: Ավելին, մինչ ԿԸՀ-ն գովելի ջանքեր է գործադրել աղյուսակավորման գործընթացի թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ միջոցները լիովին բավարար չեն եղել նախորդ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այն ժամանակվա տեխնիկական խնդիրները հաղթահարվել են և առաջարկում, որ ԿԸՀ-ն սահմանի նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում արդյունքների արձանագրությունները հանրությանը մատչելի կլինեն ընտրական տեղամասերում:

Ընտրական օրենսգիրքը ապահովում է ընտրական հանձնաժողովների հավասարակշիռ ներկայացուցչություն, սակայն նկատվել է, որ այս հավասարակշռությունն առկա չէ Տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավար եռյակներում: Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այս անհավասարակշռությունը չի կրկնվի Տեղական տարածքային հանձնաժողովների մակարդակում:

Ժողովրդավարական ընտրությունները պահանջում են պաշտոնական ընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն ոչ միայն այդ ժամանակ, հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների միջև: Պատվիրակությունը այդ պատճառով ափսոսանք է հայտնում պաշտոնական քարոզարշավից առաջ հեռարձակողների մեծամասնությունում` ներառյալ հանրային հեռուստատեսությունում, առկա հստակորեն անհավասարակշիռ լուսաբանման վերաբերյալ` ինչպես հաղորդեցին մոնիտորինգ անցկացնող մի քանի կազմակերպություններ, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտարկման առաքելությունը, որի առաջին միջանկյալ զեկույցում հրապարակված տվյալները լիովին սատարում է պատվիրակությունը:

Պատվիրակության ուշադրությունն են հրավիրել մի քանի բողոքներ առ այն, որ ներկա Վարչապետը, ով Նախագահի պաշտոնի թեկնածու է, կունենա քարոզարշավի անարդար առավելություն, որպես հետևանք քարոզարշավի ընթացքում Վարչապետի իր պաշտոնում պաշտոնավարելը շարունակելու ընդունած որոշման: Ընդունելով անկախ թեկնածու լինելու հանգամանքից ներկա Վարչապետի պաշտոնավարման իրավականությունը` պատվիրակությունը գտնում է, որ կառավարությունը ստանում է լրացուցիչ պարտավորություն չստեղծել այնպիսի տպավորություն, որ վարչական ռեսուրսները օգտագործվում են որևէ թեկնածուի դեմ կամ օգտին: Պատվիրակությունը ողջունում է, որ ցայսօր քարոզարշավը ընթացել է բաց և անկաշկանդ մթնոլորտում, սակայն ի նկատի է առնում որոշ թեկնածուների բողոքները որոշ մարզերում ընտրական շտաբների համար գրասենյակներ ձեռք բերելիս հանդիպած դժվարությունների վերաբերյալ:

Պատվիրակությունը վստահ է, որ իշխանությունները կարձագանքեն պատվիրակության արտահայտած մտահոգություններին և կշարունակեն հայ ժողովրդի լիարժեք վստահությունը վայելող ամբողջովին ժողովրդավարական նախագահական ընտրություններ անցկացնելուն ուղղված ջանքերը:

Պավիրակությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել իշխանություններին այցի ընթացքում ցուցաբերած համագործակցության և օժանդակության համար: Խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա Հայաստան 30 հոգանոց առաքելությամբ նախագահական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին տեղեկացնում են ԵԽ Երեւանյան գրասենյակից: