ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունը մերժեց Լեվոն Գուլյանի իրավահաջորդներին
Անցած տարի մայիսի 12-ին քրեական հետախուզության վարչությունում մահացած «Պանդոկ» ռեստորանի սեփականատեր Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է 2008 թվականի մարտի 19-ին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ «Պանդոկ» ռեստորանի սեփականատեր Լեւոն Գուլյանը ոստիկանություն է հրավիրվել իր ռեստորանի մոտ տեղի ունեցած մի սպանության գործով` որպես վկա: Ըստ պաշտոնական վարկածի, Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելու պահին վայր է ընկել երկրորդ հարկից ու մահացել: Լեւոն Գուլյանի հարազատներն ու բարեկամները չեն հավատում այս վարկածին: Նրանք համոզված են, որ Լեւոն Գուլյանին դաժանաբար ծեծել են:
Գործը կարճելուց հետո Լեւոն Գուլյանի իրավահաջորդների դիմել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նրանք գտնում են, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն անօրինական է, չհիմնավորված ու չպատճառաբանված. «խնդրում ենք վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին անօրինական ու չհիմնավորված որոշումը եւ վերսկսել սույն քրեական գործով վարույթը», նշված է Լեւոն Գուլյանի իրավահաջորդների դիմումում: Ինչպես մեզ տեղեկացրեց, ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը Լեւոն Գուլյանի իրավահաջորդների դիմումը քննարկվել եւ մերժվել է: Մոտ օրերս կհրապարակվեն նաեւ մերժման հիմքերը:
