Միայն հինգ ոլորտում ավելի քան 1.3 միլիարդ չարաշահում

Հայաստանի հանրապետության Վերահսկիչ պալատը նախագահական ընտրությունների պատճառով քիչ ուշացումով է ամփոփում այս տարվա առաջին կիսամյակը, սակայն միայն երեք ոլորտներում՝ քաղաքաշինության նախարարություն, գյուղնախարարություն եւ Համաշխարհային բանկի քաղաքային ջեռուցման ծրագիր, իրականացրած ստուգումների ընթացքում հայտաբերել է մոտ 1.3 միլիարդ դրամի ֆինանսական խախտումներ եւ չարաշահումներ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց նաեւ որոշ օրինակներ։

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նորոգել է որոշ մեքենաներ եւ վաճառել։ Սակայն նորոգման վրա պետական բյուջեից ծախսել է մոտ 800 000 դրամ, վաճառել մոտ 200 000 դրամով։ Ընդհանուր խախտման չափը՝ 2.1 միլիոն դրամ։ Նախարարությունը 2007 թվականին 14 միլիարդի շինարարություն է իրականացրել՝ 213 օբյեկտ։ Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է ընդամենը 26 օբյեկտ, բայց ավելի քան 171 միլիոնի հավելագրումներ՝ չկարատված աշխատանքի դիմաց վճարումներ, 106 միլիոն դրամի արհետսական թանկացումներ։ 500 միլիոն դրամով պատվիրվել է 104 նախագիծ, սակայն իրականացվել միայն 48–ը։ «ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչությունը 2007 թվականի ընթացքում կանաչ տարածքների վնասելու որեւէ ակտ չի կազմել, սա ծիծաղելի է», հայտարարեց Իշխան Զաքարյանը։

Սույն տեսչությունը լայնածավալ շինարարություն իրականացնող Երեւանի քաղաքապետարանին ընդհանրապես չի տուգանել, իսկ 57 օբյեկտներից ընդամենը երկուսն է ստուգել են տուգանել ընդամենը 100 000 դրամ։ Իսկ ահա «Հայր եւ որդի Մուրադյաններ» ՍՊԸ–ն ստուգվել է 25 անգամ, «Ախուրյանկոբշին» ընկերությունը ստուգվել է 13 անգամ։ Քաղաքաշինության պետական տեսչության համար ՀՀ պետական բյուջեից տարեկան առանձնացվում է 93 միլիոն դրամ, իսկ տեսչության աշխատանքի արդյունքում պետական բյուջե է մտել հազիվ 32.7 միլիոն դրամ։

ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 22.9 միլիոն է տրվել Սեւան լճի առափյա տարածքների ծրագրային փաթեթների մշակման համար ու թեեւ կատարվել է ընդամենը 7.1 միլիոնի աշխատանք, սակայն գումարը վճարվել է ամբողջությամբ։ Բնակարանների գնման վկայագրերի հարցում էլ չարաշահումները շատ են։ Հաղարծին գյուղին հատկացվել է 110 միլիոն դրամ 22 ընտանիքի համար։ Վերահսկիչ պալատը պարզել է, որ ԲԳՎ ստացել է ընդամենը երկու ընտանիք։ «Գումարները տրամադրվել են ամբողջությամբ, իսկ գումար տրամադրելու տեղեկանքը տալիս է մարզպետարանը։ Տվյալ դեպքում Տավուշի մարզպետարանը տվել է կեղծ տեղեկանքներ, որոնց հիման վրա կատարվել են վճարումներ», հայտարարեց Իշխան Զաքարյանը։ Նույն վիճակն է նաեւ Ողջաբերդ գյուղում. 34.8 միլիոն է տրամադրվել 11 ընտանիքի, ստացել են երեքը եւ էլի կեղծ տեղեկանքներով գումարը վճարվել է ամբողջությամբ։ Կամ 2006 թվականին Սպիտակի քաղաքապետը ԲԳՎ ստանալու համար ներկայացրել է 380 ընտանիքի ցուցակ, 49 ընտանիք ստացել է ԲԳՎ, սակայն մեկ տարի անց՝ 2007 թվականին ներկայացվել է 381 ընտանիքի ցուցակ։

Քաղաքաշինության ոլորտում խախտումների չափը մոտ 240 միլիոն է։ Իսկ ահա գյուղատնտեսության նախարարությունում միայն գետերի հուների մաքրման, ափերի ամրացման, վարակների դեմն առնելու համար սահմանային հսկիչ կետերի կառուցման, լաբորատորիաների շինարարության ծրագրերի ստուգմամբ Վերահսկիչ պալատը հայտաբերել է 284 միլիոն դրամի ֆինանսական խախտումներ։
Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացումը դեդեկտիվ ֆիլմ է հիշեցնում։ ԾԻԳ–ը պայմանագիր է կնքել «Երֆրեզ» ընկերության հետ, համաձայն որի պետք է աղքատ ընտանիքների բնակարաններում ջեռուցման համակարգեր տեղադրվեին։ Ընկերությունը սակայն ԾԻԳ–ից ստացած 500 000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Պանամա, իբր սարքավորումներ բերելու համար, բայց դրանք այդպես էլ չկան։ Փողն էլ չկա։

Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ խախտումներ բացահայտելուց հետո եղել են վերահսկիչների հետ «լեզու գտնելու» փորձեր։ «Մեր այսօրվա ասուլիսը դրանց պատասխանն է», հայտարարեց բանախոսը։ «Կարծում եմ, որ պետական պաշտոնյաները շատ լուրջ պատասխանատվություն պետք է կրեն այս բացահայտ կոպիտ խախտումների համար։ Պետք է սրբագրենք արատավոր երեւույթները։ Այսպես առաջ գնալ չի լինի», հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը։

Ամփոփելով, տեղեկացնենք, որ առաջիկայում ՀՀ Վերահսկիչ պալատը ուսումնասիրելու է ՀՀ ոստիկանությունը, Սեւան Ազգային պարկը, Հանրային հեեռուստաընկերությունը, առողջապահության նախարարությունը, վարկային մի շարք ծրագրեր։