Մարդու իրավունքների պաշտպան. «Ռեալ մեղավորները պետք է պատժվեն»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ամփոփելով 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած գործունեությունը, հայտարարել է, որ ստացել է 4096 դիմում–բողոք: Քաղաքացիներն ավելի շատ բողոքել են ոստիկանության աշխատանքից՝ 191 դիմում-բողոք: Երկրորդ տեղում դատարաններն են՝ 113 դիմում-բողոք: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից դժգոհ քաղաքացիները 59 են: Շատ են եղել դժգոհողներ նաև Երևանի քաղաքապետարանից ու դատախազությունից՝ համապատասխանաբար՝ 67 դիմում-բողոք եւ 44 դիմում-բողոք։

Երկու օր առաջ Հյուսիսային պողոտայում ոստիկանները փորձել են խանգարել քաղաքական զբոսանքի մասնակիցներին և հեռացրել են նրանց: Այս առթիվ Արմեն Հարությունյանը նկատել է. «Այնտեղ գնացած մեր տղաների տպավորությունն այնպիսին է եղել, որ կարծես ոստիկանությունը, մի կողմից` առանց զգուշացնելու է գործողություններ կատարել, բայց մյուս կողմից ոստիկանների նկատմամբ պրովոկացիաներ են եղել։ Օրենքով մարդիկ իրավունք ունեն զանգվածային միջոցառում իրականացնել, բայց` հասարակական կարգը չխախտելով»։ ՀՀ Օմբուդսմենը այօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, եւ պայմանավորվել են, որ այսուհետև ամեն անգամ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով զգուշացնեն հասարակական կարգի խախտման մասին ու հետո միայն գործեն: «Եվ նաև ես խնդրել եմ, որ ոստիկանությունը պարտադիր հրավիրի մեր արագ արձագանքման խմբի տղաներին, որպեսզի մեզ համար պարզ լինի` ինչ է կատարվում։ Ոստիկանության հետ պաշտպանի գրասենյակի համագործակցությունը արդյունավետ կլինի, օրենքի սահմաններում։ Երեկոյան ժամերին չի կարելի գնալ, բղավել շենքերի տակ. նման բաները հասարակական կարգի խախտում են»։

Մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ քննության տեսանկյունից Արմեն Հարությունյանը շատ է կարևորում Հանրապետության նախագահի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբի ստեղծման հրամանագրի նախագիծը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները ներկայացված կլինեն հավասար քանակով։ Այս ձեւաչափը, սակայն, դեռ հաստատված չէ։ Անդրադառնալով նաև Շոթա Վարդանյանի այն մեկնաբանությանը, թե մարտի մեկի հանձնախմբի պատրաստած տեսաերիզում երևացող ծնոտը ոչ թե մարդու է այլ խոճկորի ծնոտ է, Մարդու իրավունքների պաշտպանը նկատել է, որ Ճիշտ կլինի նմանատիպ ժապավենները ուղարկել միջազգային փորձաքննության, քանի որ այստեղի փորձաքննությունը հավատ չի ներշնչում։

Խոսելով լրագրող Արթուր Սահակյանի եւ պատգամավոր Լեւոն Սարգսյանի շուրջ զարգացումներին, որոնց պատճառով անմեղ մարդ է սպանվել, Արմեն Հարությունյանը ասել է. «Իմ մտահոգությունն այն է, որ խորը ուսումնասիրություն կատարավի, այլ ոչ թե ինչ-որ մեկը գտնվի` գնա մեղքը իր վրա վերցնի: Ռեալ մեղավորները պետք է պատժվեն: Գործի արդար քննությունը առանցքային նշանակություն կունենա ողջ իրավապահ համակարգի հեղինակության բարձրացման առումով»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցները բազմակարծություն չեն ապահովում: Ավելին` ասուլիսում պաշտպանը հայտարարեց, որ օրերս ԱԺ կողմից ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը գնահատում է որպես հետընթաց: Այդ փոփոխությամբ, մինչև 2010 թվականը հաճախականությունների համար մրցույթ չի հայտարարվելու. «Ըստ էության դա հակասում է եվրոպական դատարանում Ա1+-ի գործով կայացրած վճռին, որտեղ նշված է, որ մրցույթ պետք է անցկացվի», նկատել է օմբուդսմենը։

Խոսելով հասարակության շրջանում մշտապես առկա սեփականության խնդիրների մասին, պաշտպանը տեղեկացրեց, որ իրեն են դիմել Հյուսիսային պողոտայի կառուցման պատճառով իրացման գործընթացի տակ ընկած Լալայանց փողոցի 45 բնակիչ:

«Ըստ էության օրենքի ընդունումն էլ չի նպաստում մարդկանց սեփականության իրավունքի պահպանմանը: Գնահատող ընկերությունները շուկայական գներից ավելի ցածր գին են նշանակում, և քաղաքացիները ոչ մի կերպ իրենց իրավունքները պաշտպանել չեն կարող։ Այս 5 տարիների ընթացքում ոչ մի քաղաքացի, ում սեփականության իրավունքը ոտնահարված է եղել, գործ չի շահել: Մինչդեռ Եվրոպական դատարանում նրանցից մի քանիսը շահել են», հայտարարել է Արմեն Հարությունյանը եւ երկրի բարձրագույն ղեկավարությանը կաչ արել. «Թույլ մի տվեք, որ Հյուսիսային պողոտայի խայտառակությունը կրկնվի»։