ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրապարակեք ողջ ցուցակը
/Թույլ տվեք հավատալ Ձեզ, պարոնայք/
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության Վարաչապետ Տիգրան Սարգսյանին
Մենք երկրորդ անգամ ենք դիմում ձեզ: Առաջին մեր նամակի հետքերով մեր հանդիպմանը
թվաց, որ մեր երկրի, մեր հասարակության զարգացման շուրջ մեր մտահոգությունները
հասկացվեցին: Թվում էր, որ առանցքային խնդիրների շուրջ մոտեցումների մեծ
տարբերություններ չկան: Սակայն դեպքերի զարգացումները հակառակն են ապացուցում:
Անցած ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ
իշխանությունների խոսքի և գործի մեջ անջրպետը ոչ միայն չի լցվում, այլև` մեծանում
է: Սակայն այսօրվա մեր բաց նամակի կոնկրետ առիթը Սարգիս Հացպանյանի գլխին կախված
արտաքսվելու տագնապն է:
Ինչպե՞ս է լինում, որ այլ երկրներում ազնիվ քաղաքացու համարում ունեցող հայերը
Հայաստանի իշխանությունների կողմից դառնում են անընդունելի և հետապնդվող, և ինչպե՞ս
է լինում, որ Հայաստանի բնակչության կողմից ամենավատ և անազնիվ համարում ունեցող
մարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից համարվում են ազնվագույններ,- այս
հարցերը, հավանաբար, երբևէ պատասխան չեն ունենալու գոնե ձեր կողմից: Հասկանալի է,
անշուշտ, որ ազնվության և բարոյականության, առաքինության և ստորության վերաբերյալ
մեր կարծիքները կարող են չհամընկնել: Ցավալին այն է, որ հրապարակային ելույթներում
հնչող ձեր վերացական բնութագրերը համապատասխանում են ընդունված ստանդարտներին, բայց
կոնկրետ գործողությունները հաճախ են հակասում այդ ստանդարտներից բխող անելիքներին:
Թույլ տվեք, պարոնայք, հնարավորություն տվեք մեզ` հավատալ ձեզ: Այս պահին թվում է,
թե մենք պետք է ուրախանանք Մոնթե Մելքոնյանի մահով: Նա, կարծեք, միակն է, որի
դեպքում իշխանությունները համակարծիք են հասարակության հետ` նա ազնվագույն մարդ էր:
Որովհետև… էր, ոչ թե` է: Որովհետև զոհվել է: Չի խանգարում: Այլապես նրա կենդանի
գոյության սոսկական փաստը կխանգարեր: Նրա մահացած գոյությունն օգնում,
հնարավորություն է տալիս հայրենի իշխանություններին ցուցադրել հերոսի հանդեպ իրական
վերաբերմունքը: Ընդունել նրա ազնվությունը: Առաքինությունները: Մեր երկրի, մեր
ժողովրդի հերոսը եղած լինելու իրավունքը: Եթե այսօր կենդանի լիներ Մոնթե Մելքոնյանը,
ու՞ր պիտի արտաքսվեր, ու՞մ պիտի հանձնվեր: Որովհետև ակնհայտ է, որ նրա կենդանի
գոյությունն անընդունելի պիտի լիներ հայրենի իշխանությւոններին: Ինչպես այսօր
անընդունելի է Սարգիս Հացպանյանի, Ժիրայր Սեֆիլյանի կենդանի գոյությունը: Նրանք
եկան և տարբեր ձևերով մնացին: Նրանք եկան ոչ թե արձագանքելով որևէ իշխանության կոչի,
այլ` արձագանքելով իրենց սրտի ցավին, իրենց սրտի կոչին:
Նրանք Հայաստան եկան ոչ թե իրենց ապրած երկրներից փախչելով, այլ` Հայաստան եկած
լինելու ու հայ ժողովրդին օգնած լինելու համար: Նաև` իրենք իրենց օգնած լինելու
համար, իրենց սրտի ցավը մեղմելու, իրենց երազած երկրում աշխատելու և այդ երկրին
սատարելու համար, իրենց գոյության կերպը իրացրած լինելու համար: Եվ գոյության այդ
կերպը մեզ` Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնությանը, հասկանալի և ընդունելի է:
Հավանաբար սա եսասիրական ընտրություն է եղել: Եսասիրական չէր լինի, իհարկե, եթե
նրանք Հայաստան եկած լինեին քանդվող երկրից իրենց համար բաժին պոկելու նպատակով:
Այդպիսիների գալը, հաստատվելը, ապրելը հասկանալի և տրամաբանական է: Այդպիսիներին
նաև կանչում են, հրավիրում են: Իսկ եթե մարդը Հայաստան է գալիս այնպիսի անհասկանալի
մի բանի համար, ինչպես «սրտի ցավն է», կասկածելի է: Եվ` վտանգավոր: Վտանգավոր է,
քանի որ նրա սրտի ցավը հաճախ շարունակվում, գուցե ավելանում է Հայաստանում: Եվ այդ
սրտի ցավից նրանք խենթություններ են անում: Սենթ Էքսզյուպերիի խոսքերով ասած,
զբաղված մարդկանց նրանք խանգարում են «փողերը հաշվել»` խոսելով ինչ որ վարդերի կամ
մի կոնկրետ վարդի մասին: Եվ եթե նրանք չեն հասկանում, որ իրենք իրենց գործն արդեն
արել են և պիտի գնան, նրանց կամ պետք է դա հասկացնել, կամ… արտաքսել: Հայաստանը «լուրջ
մարդկանց երկիր է», որտեղ փոքրիկ իշխանները` սիրո մասին դատարկ խոսողները խանգարում
են: Խանգարում են իրենց անմնացորդ նվիրումով: Խանգարում են նրանով, որ նվիրումը
երկարում է. գործդ արեցիր` հասկացանք, շնորհակալ ենք, դե հիմա վեր կաց ու գնա: «Փող
ենք հաշվում», ժամանակ չկա:
Հայաստան երկրի պարոն Նախագահ
Երբ Դուք ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ հայերիս ուժը մեր
բազմազանության մեջ է, մենք շատ ուրախ էինք, քիչ էր մնում հավատայինք, որ դա Ձեր
անկեղծ կարծիքն է: Որ Դուք հավատում եք դրան: Բայց այսօր Դուք Ձեր առաջ ունեք
ձեզնից տարբերվող Սարգիս Հացպանյանին, որ, պարզվում է, մեր ուժի մասնկիը չէ: Նրան
Հայաստանից արտաքսում են, որքան մենք կարող ենք հասկանալ, իր «տեսակի» համար: Թե
այլ պատճառներ կան` ասեք այդ մասին, ասեք, որ հավատանք Ձեզ: Ասեք, որ մեր
բազմազանությունը Ձեզ ոգևորում է, բայց ահա Սարգիս Հացպանյանի կենդանի
ներկայությունը վտանգ է սպառնում Հայաստանի հասարակությանը և Հայաստան երկրին`
կոնկրետ այս կամ այն բանի համար: Այլապես ստիպված ենք մտածել, որ Սարգիս Հացպանյանի
ներկայությունը կոնկրետ Ձեզ է խանգարում: Ձեզ շատերս ենք խանգարում, խանգարում ենք
մեր տեսակով: Ոչ թե երկրին, հասարակությանը, այլ` Ձեզ:
Բոլորս չէ, որ հերոսներ ենք: Բայց քաղաքացիներ ենք, հուսանք` պարկեշտ մարդիկ,
օրինապահ քաղաքացիներ: Միշտ չէ, որ մենք համարձակվում ենք օրենքով մեզ վերապահված
իրավունքներից օգտվել: Թերևս որովհետև հերոսներ չենք: Որովհետև մեր երկրում
նույնիսկ հերոսները միշտ չէ, որ քաջություն ունեն իրենց իրավունքներից օգտվել:
Շատերը փորձում են տեսականորեն հասկանալ, թե իրենց ինչ իրավունքներ են վերապահում
ոչ թե օրենքները, այլ` իշխանությունները, և ջանում են «տեղավորվել» այդ
վերապահումների շրջանակում: Ենթադրաբար չպետք է խոսել արատավոր երևույթների մասին,
սրտիդ ցավի մասին, կարծիքիդ մասին: Գողին գող չպետք է անվանենք, չինովնիկի առաջ յոթ
անգամ պիտի խոնարհվենք, շնորհակալ լինենք, երբ ոստիկանական բաժանմունքի քննիչն
անհայտ պատճառով տեղամաս տարվածի հանդեպ մի ապտակով է բավարարվում, շնորհակալ
լինենք, երբ մարդուն կարող են ծեծելով սպանել, բայց բավարարվում են ծեծելով…Առայժմ…Երախտապարտ
լինենք, որ ֆիզիկապես կենդանի ենք, ապրում ենք, անկախ արժանապատվության ամենօրա
նվաստացումներից:
Հայրենի իշխանություններ, անկեղծորեն դիմում ենք ձեզ, պարզ հարցնելով` քանի՞սս
զոհվենք, որ չարատավորվենք: Որ պարկեշտ քաղաքացիները մեր երկրում ապրելու իրավունք
ունենան: Ի՞նչ չանենք, որ մեզ չարտաքսեք: Դեռ քանիսին և ում եք արտաքսելու:
Հրապարակեք, խնդրում ենք, մարդկանց ցուցակը: Դեռևս մարտին, պարզվում է, Սարգիս
Հացպանյանին զրկել եք Հայաստանում ապրելու իրավունքից, բայց միայն այսօր եք այդ
մասին ասում: Գուցե մե՞նք էլ ենք արտաքսվածների ցանկում:
Հայաստան երկրի պարոն Նախագահ
Մենք` Հայաստան երկրի պարզ, օրինապահ քաղաքացիներս իրավունք ունենք իմանալ Սարգիս
Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքից զրկելու պատճառները: Դա չի կարող
գաղտնիք լինել: Համոզեք մեզ, որ այդ պատճառներն օրինական են: Գուցե սխա՞լ է եղել:
Մարդուն որևէ երկրում, առավել ևս հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու համար շատ
զորավոր պատճառներ պետք է լինեն: Եթե Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու
իրավունքից զրկելու զորավոր պատճառներ չկան, մնում է, որ մենք ինքներս հրաժարվենք
մեր երկրի քաղաքացիությունից և դիմենք մեր հասարակությանը` քաղաքացիությանից
հրաժարվելու առաջարկով, քանի դեռ մեր հայրենի իշխանություններն իրենց չեն արտաքսել:
Իսկ գուցե և արդեն արտաքսել են, բայց դեռ չգիտենք:
Հրանուշ խառատյան, ազգագրագետ
Զարուհի Մուրադյան, նկարչուհի
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսյոր
Գագիկ Կիլիկյան, գրող
Գագիկ Գինոսյան, պարուսույց
Արամ Թալալյան, թավջութակահար
