HRA.AM-ը խստորեն դատապարտում է բռնությունը Էդիկ Բաղդասարյանի հանդեպ

Նոյեմբերի 17–ին, երեկոյան ժամը 20.00–ի սահմաններում Բյուզանդի փողոցի վրա հարձակման է ենթարկվել լրագրող եւ իրավապաշտպան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի նախագահ եւ HetqOnline էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Էդիկ Բաղդասարյանը հայտնի է սոցիալական, հասարակական եւ տնտեսական ամենատարբեր թեմաները շոշափող սուր եւ հրատապ հրապարակումներով եւ հետաքննություններով։

Մեր համոզմամբ Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ։

Այս միջադեպի հիմնական պատճառներից է երկրում առկա անպատժելիության մթնոլորտը, որի վկայությունն է այն փաստը, որ վերջերս հաճախակի դարձած նմանատիպ դեպքերից ոչ մեկը իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել։

Շարունակվող անպատժելիության, ինչպես նաեւ լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների հանդեպ հանդուրժողականության մթնոլորտը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում խոսքի ազատության եւ առհասարակ ժողովրդավարական արժեքների համար։

Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցած միջադեպը եւ կոչ ենք անում իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործներին գտնելու եւ պատժելու համար։

Մենք հայտարարում ենք, որ հետեւողական ենք լինելու այս հանցագործության բացահայտման հարցում։