«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին

23.03.2009

«Ժառանգություն» կուսակցությունը`

  • մեծապես կարեւորելով Հայաստանի Հանրապետության հանրակարգային կայացման գործում
    Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը,
  • դրանք դիտարկելով որպես եւս մեկ հնարավորություն` մեր երկրում վերջապես ազատ, արդար
    եւ թափանցիկ ընտրությունների միջոցով Երեւանի մասշտաբով ձեւավորելու ժողովրդի
    կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն,
  • նկատի ունենալով երկրի կյանքում մայրաքաղաքի հարաճուն նշանակությունը, ինչը Երեւանի
    ավագանու ընտրություններն որոշ իմաստով հավասարազոր է դարձնում համապետական
    ընտրություններին,
  • հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին եւ գործելաոճին,
  • ափսոսանքով արձանագրելով, որ ՀԱԿ-ի հետ այդպես էլ հնարավոր չեղավ միասնական ցուցակի
    շուրջ հանգել համատեղ որոշման,
  • դատապարտելով իշխանությունների կողմից խոսքի ազատության սահմանափակումները եւ
    անհանդուրժողականության մթնոլորտի տեւական արմատավորումը, իշխանածառա սպասարկող
    լրատվամիջոցներում «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին տարիներ
    շարունակվող պատվիրովի եւ անհիմն մեղադրանքները, ստի ու ապատեղեկատվության
    տեղատարափը, որը պարբերաբար ուժգնանում է հատկապես ընտրություններից առաջ, ինչպես
    նաեւ փաստելով վերջին շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ի լռելյայն խրախուսմամբ ընդդիմադիր
    որոշ լրատվամիջոցների նույն արատավոր աշխատաոճի ընդօրինակման փորձերը,
  • քաջ գիտակցելով, որ երկրում տիրող քաղաքական ցածր մշակույթի պայմաններում
    ընդդիմության` երկու առանձին շարասյուներով ընտրություններին մասնակցելու դեպքում,
    անգամ ամենամեծ ջանքերի գործադրմամբ, հազիվ թե կանխվի բախումը, որից կտուժի թե՛
    համակ ընդդիմությունը եւ թե՛ ողջ ժողովուրդը, ստանձնելով նմանօրինակ հնարավոր
    առճակատումը կանխելու ողջ պատասխանատվությունը,
  • եւ հասկանալով, որ ստեղծված պայմաններում ընդդիմադիր այս երկու ուժերից մեկը պետք է
    զիջի,

Որոշեց.

Չառաջադրել սեփական ցուցակը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու
ընտրություններում եւ կոչ անել իր ընտրողներին ու Երեւանի բոլոր քաղաքացիներին`
իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին:

Միեւնույն ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է ՀԱՆՐԱՅԻՆ ԱՆԿԱԽ
ՎԵՐԱՀՍԿՈՂԻ իր վճռականությունը`

  • համալիր պայքար տանել քաղաքացիների քվեներն անաղարտ պահելու, դրանց կեղծման բոլոր
    փորձերը կանխելու ուղղությամբ թե՛ ընտրական հանձնաժողովներում իր նշանակած
    անդամների միջոցով եւ թե՛ այդ հանձնաժողովներից դուրս` նպաստելով նախընտրական
    արշավի ամբողջ ընթացքում, ինչպեսեւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում
    հավասար պայմանների ապահովմանը եւ այդպես հասնելով ընտրությունների ազատությանը,
    արդարությանը, թափանցիկությանը, ուստիեւ` օրինականությանը,
  • դիտազննել ընտրությունների ընթացքը` արձանագրելով եւ հանրությանն ու իրավապահ
    մարմիններին ներկայացնելով տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ փաստերը:

«Ժառանգությունը» Երեւանի բոլոր ընտրողներին եւ ընտրություններին մասնակցող
քաղաքական ուժերին մաղթում է բարի ընտրություն: Թող մայիսի 31-ին հաղթանակի
երեւանցիների կամքը, եւ երեքհազարամյա մեր Երեւանի քաղաքացին ձեռք բերի ընտրելու
Աստվածատուր իրավունքի վրա խարսխված երանելի ազատություն: