ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դաժան հարձակում իրավաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանի վրա
Ապրիլի 30, 2009
Մամուլի հաղորդագրություն
2009 թ–ի ապրիլի 30–ի լուսաբացին իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել Armenia Today էլեկտրոնային թերթի խմբագիր համակարգող, փաստաբանական պալատի անդամ Արգիշտի Կիվիրյանը։ Երեք անհայտ անձինք փայտե ձողերով դաժան ծեծի են ենթարկել Կիվիրյանին, նրա վրա նաեւ փորձել են կրակել հրազենային զենքից։ Կիվիրյանը դեմքի, գլխի, ոտքերի վնասվածքներ է ստացել հարվածներից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժին։ Հիմա Կիվիրյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Արգիշտի Կիվիրյանի վրա գազանաբար հարձակումը ցավոք լրագրողների հանդեպ բռնությունների եւ հարձակումների առաջին դեպքը չէ։ Մի շարք լրագրողներ ենթարկվել են հարձակումների եւ սպառնալիքների իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով։ Դեռեւս 2008 թ–ի նոյեմբերին լրագրող եւ իրավապաշտպան Էդիկ Բաղդասարյանը ենթարկվեց դաժան հարձակման եւ մինչ օրս մեղավորները չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել։ Մեր խորհին համոզմամբ այդ անպատժելիության մթնոլորտը եւ իշխանությունների կողմից արդյունավետ քայլերի բացակայությունը հնարավոր դարձրեցին հերթական հարձակումը լրագրողի վրա։
Մենք հայտնում ենք մեր ծայրաստիճան մտահոգությունը կատարվածի եւ երկրում տիրող մթնոլորտի վերաբերյալ, գիտակցելով, որ վտանգված է ժողովրդավարական եւ ազատ պետության համար կարեւորագույն երաշխիքներից մեկը՝ խոսքի ազատությունը։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Նախագահին, Վարչապետին, Գլխավոր Դատախազին եւ Ոստիկանապետին կտրուկ դատապարտել կատարվածը եւ անհապաղ ձեռնարկել արդյունվաետ քայլեր այս հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
FIDH-ի մասին
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH /, որի գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում` միջազգային հասարակական կազմակերպություն է, որը պաշտպանում է 1948 թ-ի Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված մարդու իրավունքները: Կազմակերպությունը ստեղծվել է 1922 թ-ին: Այն ներառում է 155 անդամ կազմակերպություններ 5 մայրցամաքներից: FIDH-ը հանդես է գալիս որպես միջնորդ իր անդամների եւ միջազգային կառույցներիի միջեւ: Այսօր FIDH-ը իրականացնում է հազարից ավելի առաքելություններ` հետազոտություններ, դատավարությունների դիտորդություն, միջնորդություն եւ ոսուցում շուրջ հարյուր երկրներում:
FIDH-ը նաեւ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, UNESCO-ում, Եվրախորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաեւ դիտորդական կարգավիճակ ` Մարդու եւ ժողովուդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովում:
