Վկաների նկատմամբ ճնշումներ են գործադրվում

Մարտի մեկի իրադարձություններից հետո հարուցված քրեական գործերից ամենաաղմկոտը «Յոթի գործ» անունը ստացած գործն էր` որով երկրի սահմանադրական կարգը բռնության տապալելու փորձերի եւ սպանություններով ուղեկցված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրված յոթ հոգու` Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Գրիգոր Ոսկերչյան, Ալեքսանդր Արզումանյան, Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան: 2009 թ-ի ապրիլի 1-ի դատական նիսիտն, որը դարձավ «Յոթի գործի» վերջին նիստը, մեղադրողները հայտարարեցին, որ նկատի ունենալով, որ գործի դատական քննության ընթացքում` 2009թ. մարտի 18-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածներում, մեղադրողները որոշել են դադարեցնել նշված ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը` փոփոխել եւ առաջադրել նոր մեղադրանք: 2009թ-ի մայիսի 13-ն Շանթ Հարությունյան ազատ արձակվեց, քանի որ նրա նկատմամբ գործը կարճվեց՝ հացագործության պահին նրա անմեղսունակ լինելու պատճառով։

Դատաիրավական բարեփոխումների հերթական փուլի եւ ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում «Յոթի» գործը բաժանվեց 6 տարբեր մասերի, սակայն հասարակական ուշադրությունը չպակասեց: Զանգվածային լրատվամիջոցները առաջվա նման բաց չէին թողում այս գործերի դատաքննությունների ոչ մի նիստ, չէին պակասում այս գործերի վերաբերյալ վերլուծություններն ու գնահատականները` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ` իշխանական ճամբարներից: Ապրիլի սկզբներին, երբ գործերը քննվում էին տարբեր դատարաններում եւ եկել էր վկաների հարցաքննության փուլը, սկսվեց իսկական սենսացիաների շարք, որը չի դադարում մինչ օրս: Շատ վկաներ դատարանում ակնհայտ սուտ ցուցմունքներ էին տալիս, որոնք ընդդեմ մեղադրյալների էին: Մասնավորաբար Սամվել Գասպարյանը, դատարանում հայտարարեց, թե մարտի մեկի առավոտյան Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում` Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է Լեւոն Տեր-Պետրոսյանին` ելույթ ունենալիս: Մեկ այլ վկա քանիցս կրկնեց, որ ոստիկանները Ազատության հրապարակ են եկել մարտի մեկին երեկոյան ժամը 7-ին: Վկա Հրաչիկ Աթոյանը տավուշցի է, հայերեն «սատարել» բառը չէր հասկանում, բայց գրագետ նախաքննական ցուցմունք է տվել, իսկ դատարանում հայտարարել, որ իրեն դատարան են բերել մարզի ոստիկանները:

Այս ակնհայտ հակասությունները, չարժանացան ոչ դատարանի ոչ դատախազության ուշադրությանը, իսկ մյուս վկաների մեծ մասը մեկը մյուսի հետեւից դատարանում հայտարարում էին, թե իրենց նախաքննական ցուցմունքները իրականության չեն համապատասխանում, ոստիկանները կամ դատախազության աշխատակիցները դրանք կորզել են ծեծի, բռնության, քննությանը խորթ այլ միջոցներով եւ մեթոդներով: Օրինակ Սասուն Միքայելյանի գործով վկա Յաշա Մելքոնյանը հայտարարեց. «ես նախաքննության ընթացքում սուտ եմ գրել: Ներողություն եմ խնդրում դրա համար: Ես շատ վատ վիճակում էի, ասում էին գրի, գրում էի, մենակ թողնեն գնամ մի տեղ պառկեմ: Մեռնում էի ցավից: Շատ բան քննիչներն են թելադրել»: Այս վկան հայտարարել է, որ իրեն ծեծել են Հրազդան քաղաքի ոստիկանությունում դիմակավոր անձինք, քրեական բաժնի պետ Սերգեյ Մարկոսյանի գլխավորությամբ: Նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ կիրառված խոշտագումների մասին դատարանում ցուցմունքներ տվեցին նաեւ վկաներ Գագիկ Ավդալյանը, Էդիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը, Խաչիկ Դավթյանը, 18-ամյա Գեւորգ Մուրադյանը: Մուրադյանը բացի իրեն ծեծի ենթարկելու մասին հայտարարությունից, դատարանում ի լուր աշխարհի հայտարարեց, որ ոստիկանությունում հաստատ այլ մարդկանց էլ են ծեծել, քանի որ հարեւան սենյակից լսել է «մամա ջան, էս ինչ եք անում, մի խփեք» եւ նման գոռոցներ: Գեւորգ Մուրադյանը սրտի արատ ունի եւ երբ այս մասին ասել է ոստիկաններին, նրանցից մեկը ասել է. «ընենց ծեծեք վրեքներս չմնա»: Տեղի ունեցածի մասին դատարանում հայտարարելուց հետո Գեւորգ Մուրադյանը նկատեց. «հաստատ գիտեմ, որ լավ չի լինելու, ինձ նորից տանելու են բաժին»:

Այս հայտարարություններից հետո ամենատարածված եզրակացություն գնատականն էր` «քաղբանտարկյալների գործերը փլուզվում են»: Պետական կառույցները հակառակ տեսակետը ներկայացրեցին` հենվելով վերը նշված հակասական ցուցմունքների վրա: Սկսվեց իսկական տեղեկատվական պատերազմ Հայ ազգային կոնգրեսի համակիրների եւ դատախազության միջեւ: Սակայն սա միայն սկիզբն էր: Վկաների համար ամենացավալին դեռ առջեւում էր: Նախաքննության ընթացքում խոշտանգումների, ծեծի եւ բռնության մասին դատարանում նրանց արած հայտարարություններով մտահոգված իրավապաշտպանները չէին էլ հասցրել ուշքի գալ, երբ նույն վկաները նույն դատարաններում հայտարարեցին, թե ոստիկանությունն ու դատախազությունը իրենց հետապնդում են` փորձում հասնել նրան, որ իրենք պաշտոնապես հերքեն ծեծի, բռնությունների, խոշտանգումների մասին հայտարարությունները: Ըստ վկաների, իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են այցելել գործերով անցած ու խոշտանգված վկաների տներն ու սպառնացել եւ ճնշել նրանց, որպեսզի դատարանում տան այն ցուցմունքները, որոնք նրանց անունից տրվել եւ ստորագրվել են նախաքննության ընթացքում: Մյասնիկ Մալխասյանի գործով անցնող վկա Հմայակ Գալստյանը հրաժարվելով իր նախաքննական ցուցմունքներից, ասել էր, թե դրանք կորզվել են ծեծի եւ խոշտանգումների կիրառմամբ: Դրանից հետո նա հրավիրվել էր Ապարանի ոստիկանություն, որտեղ նրանից պահանջել էին դատարանում կրկնել այն ցուցմունքները, որոնք նա տվել է նախաքննության ընթացքում: Ոստիկանները նման պահանջ-սպառնալիք էին ներկայացրել վկաներ Սերոբ Սերոբյանին, Թաթուլ Կարապետյանին: Փորձ է արվել սպառնալ նաեւ վկաներ Ռոմիկ Շահինյանին եւ Հենրիկ Հարթենյանին, սակայն վերջիններս տանը չեն եղել:

Աշտարակ քաղաքի բնակիչ Հենրիկ Հարթինյանը , որը Մյասնիկ Մալխասյանի գործով վկա է , մայիսի 19-ի դատական նիստի ժամանակ հայտնեց, որ 2008 թ-ի մարտի 2-ին երբ նա ընկերոջ հետ մեքենայով Երեւան էր եկել, նրանց մեքենան կանգնեցրել են, դիմակներով մարդիկ, Հենրիկ Հարթինյանի գլխին ատրճանակ են դրել եւ հանել մեքենայից, որից հետո ենթարկել են նրան դաժան ծեծի, որի արդյունքում Արթինյանը կոտրվածքներ է ունեցել։ Որից հետո նրան տարել են ՀՀ Ոստիկանության 6-րդ բաժին, որտեղ նրան ստիպել են ցուցմունք տալ եւ թելադրել ցուցմունքի բովանդակությունը, սպառնալով, որ եթե ուզում է կենդանի մնալ այդպես անի։ Որից հետո նրան դուրս են շպրտել շենքից դուրս, նա մի քանի ժամ գրեթե անգիտակից վիճակում է եղել, հետո ուշքի եկել եւ գնացել տուն։ 2008 թ-ի մարտի 3 -ին Հենրի Արթինյանը դիմել է բժշկի, սակայն բժիշկը հրաժարվել է ռենգեն անել եւ համաձայնել է միայն այն բանից հետո, որ Հենրի Արթինյանը ասել է, թե իբր ծառից է ընկել։ Ըստ բժշկական եզրակացության, նա ստացել է կողի կոտրվածք։ Դատարանում վկայություն տալու ժամանակ Հարթինյանը հայտնեց, որ հրաժարվում է նախաքննական ցուցմունքից: Դատավորը դիմեց դատախազին, պահանջելով, որ տվայլ տեղեկութոյւնը ընդունվի որպես հանցագործության հաղորդում եւ համապատասխան քայլեր ձեռնարկվի։

Նմանօրինակ հայտարարություն արեց Մ. Մալխասյանի գործով վկա Ապարանի Արագած գյուղի բնակիչ Հմայակ Գալստյանը, որը մայիսի 20-ին դատարանում հայտնեց, որ մարտի մեկի գիշերը նրան բերման են ենթարկել, երբ նա Մյանսիկ Մալխասյանի հետ Երկրապահի գրասենյակից տուն էր գնում։ Նրան դաժան ծեծի են ենթարկել, ֆիզիկական եւ հոգեբանակն տարբեր տեսակի ճնշումներից հետո ստիպել են որոշակի ցուցմունքներ գրել։ Հարցաքննության նաեւ ներկա են եղել դիմակներով ինչ որ անձիք։ Դատարանում Հմայակ Գալստյանը հրաժարվեց իր առաջին նախաքննական ցուցմունքներից, հերքելով թե իբր Մյասնիկ Մալխասյանի ձեռքին մետաղյա ձող է եղել, որ ցուցարարները թմրանյութի եւ ալկոհոլի ազդեցության տակ էին, որ Մալխասյանը զինվելու եւ իշխանություն տապալելու կոչեր է արել։ Հմայակ Գալստյանը նաեւ դիմել էր դատախազություն իր նկատմամբ բռնությունների մասին հայտնելով, նրան հարցաքննության էին ենթարկել այդ կապակցությամբ, սակայն մեղավորներ չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել։
Մյանսիկ Մալխասյանի գործով մեկ այլ վկա Գագիկ Ավդալյանին մայիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի շենքից բռնի ուժով տարել են Մաշտոցի ոստիկանության բաժին։ Նրան առաջարկել են դատարանում պնդել նախաքննական ցուցմունքները, ասել, որ նրա նկատմամբ ուժ չի կիրառվել եւ փոխարենը առաջարկել են ազատ արզձակել ազատազրկման դատապարտված եղբորը։

Մի շարք վկաներ մեղադրյալների օգտին ցուցմունքներ էին տվել: Օրինակ Հակոբ Հակոբյանի գործով վկա՝ Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանի դատարանում տված ցուցմունքի համաձայն, Հ. Հակոբյանը մարտի 1-ին կանխել է ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումը: Ի դեպ, մեղադրյալներին արդարացնող ցուցմունքներ տվածները դատաքննության ժամանակ որպես վկա չեն դատակոչվել, իսկ դատակոչված վկաների մեջ էլ քիչ չեն ոստիկանները:

Վկաներին ծեծելը դատապարտեցին բազմաթիվ կազմակերպություններ եւ անձինք: Վկաների նկատմամբ ահաբեկումներից հետո ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրգործեր են հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 341 հոդվածի հատկանիշներով՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը: Սակայն գործի հարուցումը բան չփոխեց, վկաների ճնշումները շարունակվում էին: Ավելին` քրեական գործերը պետք է քննեն հենց այն մարմինները, որտեղ, ըստ վկաների, իրենց ծեծել, խոշտանգել են: