ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու եւ բռնությունների փաստեր
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում Երեւանի ավագանու՝ 2009 թվականի մայիսի 31-ին կայացած ընտրությունների ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու եւ բռնությունների մի շարք փաստերի առնչությամբ: Ընտրությունների ողջ ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետեւել է լրատվամիջոցների հաղորդագրություններին, արձանագրել փաստերը, ինչպես նաեւ՝ արձագանքելով ահազանգերի՝ այցելել ընտրատեղամասեր:
Ստուգելով եւ ճշգրտելով ահազանգերի տեղեկությունները, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, արձանագրել է հետեւյալ փաստերը.
1. Ժամը 10:30-ի սահմաններում 9/01 ընտրատեղամասում Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները բռնություն են գործադրել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Տաթեւ Մեսրոպյանի եւ Մարինե Խառատյանի նկատմամբ՝ Գոհար Վեզիրյանին հարվածելով նույնիսկ ոտքերով: Նրանք խլել են նաև «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը և խոչընդոտել «Հայք» օրաթերթի թղթակից Տաթև Մեսրոպյանի աշխատանքը: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Ավելի ուշ Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10.30-ի սահմաններում թիվ 9/01 ընտրատեղամասում պատգամավոր Լ. Սարգսյանի քվեարկության ժամանակ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հարձակվել է իրենց վրա և իրենց հասցեին խուլիգանական հայհոյանքներ տվել` խախտելով հասարակական կարգը: Ըստ Գոհար Վեզիրյանի, ինքը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել ոստիկանների հարցերին, քանի որ այդ պահին իր դատապաշտպան Հովիկ Արսենյանն իրեն խորհուրդ է տվել զերծ մնալ մեկնաբանություններից։
2. Ժամը 15-ի սահմաններում 8/01 ընտրատեղամասում բռնություն է իրականացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ: Երբ լրագրողը նկատել է, որ ատլետիկ կազմվածքով երիտասարդների մի խումբ ցանկանում է լցոնումներ կատարել՝ սկսել է նկարել: Երիտասարդները մոտեցել են նրան, վզից պոկել խմբագրական վկայականը, խլել խցիկը եւ սպառնացել: Երբ Արթուր Հովակիմյանը ասել է, թե դա իր աշխատանքն է, նրանցից մեկը պատասխանել է. «Իմ գործն էլ քո գլուխը ջարդելն է»: Լրագրողը ստիպված է եղել լքել ընտրատեղամասը: Նրան խոստացել են վերադարձնել խցիկը՝ նկարահանածը ջնջելուց հետո:
3. 16:20-ի սահմաններում Մալաթիայի 8/05 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի, «Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանի և «Թերթ.am» կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանի նկատմամբ: Ըստ Արմինե Ավետյանի՝ «տեղամաս մտան մոտ 20 սափրագլուխ և հաստավիզ տղաներ ու 6 հոգով սկսեցին ոլորել իմ և «Թրանսփարնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն » ՀԿ-ի անդամ Սոնա Այվազյանի ձեռքերը։ Ու հետ հրելով՝ տարան դեպի պատուհանները։ 5-6 հոգով էլ շրջապատեցին քվեատուփը, մյուս 5-6 հոգին՝ սեղանները, իսկ կարմիր մարզազգեստով մի տղա և մեկ ուրիշը տրցակներով լցրեցին։ Այս սափրագլուխները նաև խլեցին իմ լուսանկարչական ապարատը և սպառնացին, որ ընդհանրապես էս դպրոցից չեմ կարողանա դուրս գալ ու տուն հասնել»։ Ըստ Լիլիթ Թադեւոսյանի՝ երբ ինքը փորձել է տեսնել, թե ինչ է կատարվում այդտեղ՝ իրեն էլ են քաշքշել եւ թույլ չեն տվել նկարել:
4. Ժամը 17-ին մոտ Էրեբունի համայնքի 13/09 ընտրատեղամասի դիմաց մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Տեղամասային հանձնաժողովի նախագահը սկզբում թույլատրել է նկարահանումներ կատարել ներսում, սակայն արգելել է նկարահանել ընտրացուցակը ու դուրս է հրավիրել օպերատորին։ «Հիմա որ վեկալեմ էս ապարատով տամ գետին, հո չես նեղանա», - սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ժիրայր Այվազյանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի դիտարկմանը, թե նույն ցուցակը փակցված է նաեւ դրսում։ «Ընտրացուցակը հրապարակման ենթակա չէ», - հայտարարել է նա։ Դրսում հավաքված երիտասարդները սպառնացել են «Ազատություն» ռադիոկայանի, ինչպես նաեւ՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներին։
5. Ժամը 17.30 -ի սահմաններում Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/25 ընտրական տեղամասում «Նորագյուղցի Բոկո» մականունով երիտասարդը հարձակվել է «Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա: Վերջինս, տեսնելով, թե ինչպես է Բոկոն սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին, խցիկը ձեռքին մտել է տեղամաս, փորձել է նկարել: Այդ տղան թողել է վստահված անձին, բռնել լրագրողի շորերից, քաշքշել ու այդ ընթացքում գոռացել՝ «արա դու էս ո՞վ էս, ո՞վ ա քեզ թողել նկարես», այնուհետեւ խլել է լրագրողի ֆոտոխցիկն ու փախել անհայտ ուղղությամբ: Ընտրատեղամասում եղել են մի խումբ տղաներ, ովքեր այն բանից հետո, երբ լրագրողը հայտարարել է, որ խոչընդոտվել է իր մասնագիտական աշխատանքը, վազել են այն ուղղությամբ, ուր փախել էր Բոկոն: Ըստ Նելլի Գրիգորյանի՝ «Քիչ անց նրանք վերադարձան ֆոտոխցիկով, սակայն առանց հիշողության չիպի»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ունի նաեւ տեղեկություններ այն դեպքերի մասին, երբ լրագրողական աշխատանքը խոչընդոտելու փորձեր են արվել, սակայն քանի որ առաջացած խնդիրները լուծել են հենց իրենք՝ լրագրողները, կազմակերպությունն այդ միջադեպերը չի ներառել այս հաղորդագրության մեջ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կարծում է, որ սա Երեւանի ավագանու՝ 2009 թվականի մայիսի 31-ին կայացած ընտրությունների ընթացքում լրագրողների իրավունքների խախտման դեպքերի սպառիչ ցանկը չէ եւ դիմում է գործընկերներին՝ առաջարկելով ներակայացնել իրենց նկատմամբ կիրառված բռնարարքները, խոչընդոտումները եւ ապօրինի սահամանափակումները՝ ամբողջական պատկեր ունենալու համար:
