Համաներում ըստ Սերժ Սարգսյանի

Լուսանկարը՝  Onnik Krikorian / Oneworld Multimedia 2008

Ժաննա Ալեքսանյան

Երևանյան հասարակությունն այս օրերին բուռն քննարկումների նյութ է դարձրել համաներման թեման; Շրջանառվում են ամենատարաբնույթ մեկնաբանություններն ու կարծիքները, սակայն մինչ այս պահը համաներման կիրառման վերաբերյալ որևէ հստակ մեկնաբանություն չկա։ Ակնհայտ է, որ իշխանությունները գաղտնի են պահելու հարցը մինչև համաներման վերաբերյալ վերջնական փաստաթղթի ընդունումը։

Հունիսի 17-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, որտեղ քննարկվել է «Հա,աներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկությունը։ Ինչպես տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից այն այն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Նիստից հետո ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար  Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է շրջանառվող կարծիքը, թե համաներումը չի տարածվելու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա, ով մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 և 235 հոդվածների 1 և 2-րդ մասերով։

«Մարտի 1-2-ի հետ կապված անձինք առանձին ընդգրկված են որպես կատեգորիա, բայց խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ նրանք ազատազրկման են դատապարտված մինչև 5 տարի ժամկետով», հայտարարել է Դավիթ Հարությունյանը։ Ըստ նրա, քանի դեռ կայացած չեն դատական ակտերը, որևէ մեկը միանշանակորեն չի կարող ասել, արդյոք նրանց վրա տարածվում է համաներումը, թե ոչ։

Համաներման նախագիծը ԱԺ-ում քննարկվելու է հունիսի 19-ի արտահերթ նիստում և հնարավոր է, որ այն որոշակի փոփոխությունների ենթարկվի։։ Սակայն Հարությունյանը պարզաբանել է նաև հանգամանքը, թե հրամանագրի նախագծում ներառվելո՞ւ են արդյոք պատգամավորների առաջարկները։ Նա ասել է, որ նման ընթացակարգ գոյություն չունի և նախագահը կարող է լսել պատգամավորների առաջարկները, սակայն միայն ինքը կարող է որոշել՝ դրանք կներառվե՞ն, թե ոչ։ Այսպիսով համաներման կիրառման հարցն ամբողջությամբ կախված է  լինելու հանրապետության նախագահի կամքից։

Համաներման կիրառման հետ կապված հոռետեսական տրամադրություններ ունեն ընդդիմության ներկայացուցիչները։ ԱԺ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «lragir.am»-ում համաներման հետ կապված ընթացող պրոցեսների մասին ասել է, որ իշխանությունները համաներում հայտարարելու իրական ցանկություն չունեն և սա ոչ թե մարդասիրական ակտ է, այլ ընդդիմությանը կապիտուլյացիայի ենթարկելու փորձ։

«Իսկ ինչո՞ւ են համաներում հայտարարում այս ձեւով ու այս տեսքով' առանց 7-ի գործին լուծում տալու: Պատճառը մեկն է' շարունակում են ընդդիմադիր թիմը բաժանել մի քանի մասերի եւ ձերբակալվածներին ցույց են տալիս, որ մի մասին ազատ են արձակում, իսկ մյուս մասն անպաշտպան է, ու նրանցից վրեժ են լուծում», ասել է պատգամավորը: