Արդարադատություն ակնկալում են միայն Եվրոպական դատարանից

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 31-ին լսվելու է «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալների վերաքննիչ բողոքը: Այն քննվելու է վճռաբեկության կարգով, այսինքն՝ փաստաբանները ներկայացնելու են իրենց բողքի բովանդակությունը, որից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու:

«7-ի գործը» հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված գործերից ամենաաղմկահարույցն էր. այն ստացել էր «մայր քրեական գործ» անվանումը, քանի որ դրա շրջանակներում մեղադրանք էր ներկայացվել ԱԳ նախկին արտգործնախարար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին, ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, ԱԺ նախկին պատգամավոր, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին եւ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանին, ինչպես նաև հասարակական գործիչ Շանթ Հարությունյանին (հետագայում Շանթ Հարությունյանը դատաբժշկական փորձաքննությամբ ճանաչվեց անմեղսունակ, նրան ազատ արձակեցին եւ քրեական գործը կարճեցին):

Ընդդիմադիր յոթ գործիչներին սկզբում մեղադրում էին պետական իշխանությունը յուրացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդված), ինչպես նաեւ՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3 մաս) մեջ: Հետագայում, սակայն, միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ հասարակության ճնշումների տակ իշխանությունները ստիպված եղան փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ փոփոխելով քրեական օրենսգրքի 225 ու 300 հոդվածների դիսպոզիցիան, այնտեղ վերացնել քաղաքական ռիսկերը:

Դատախազությունը քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո ստիպված եղավ վերաորակել մեղադրանքը, եւ «7-ի գործով» անցնողները մեղադրվեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ քրեական օրենսգրքի 225 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը տարանջատվեց, եւ քաղբանտարկյալների դատավարություններն ընթացան արդեն առանձին-առանձին:

Ընդհանուր իրավասության դատարանը քաղբանտարկյալների նկատմամբ կայացրել էր մեղադրական դատավճիռ' Սասուն Միքայելյանին դատապարտելով 8, Ալեքսանդր Արզումանյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին' 5, Սուրեն Սիրունյանին' 4, Գրիգոր Ոսկերչյանին' 2 տարվա ազատազրկման: Այնուհետեւ՝ ԱԺ-ի վավերացրած համաներման որոշման համաձայն՝ հիշյալ անձանցից 6-ը ազատ արձակվեցին դատարանից, իսկ Սասուն Միքայելյանը՝ դատապարտվեց ազատազրկման (համաներումը չէր տարածվում քրեական օրեսնգրքի 235 հոդվածի 2 մասի վրա):

Այս գործով անցնող քաղբանտարկյալները, եւ նրանց փաստաբանները, սակայն, պնդում են, որ եւ նախաքննական մարմինը, եւ այնուհետեւ' դատարանը թույլ է տվել դատավարական կոպիտ խախտումներ եւ կատարելով քաղաքական պատվեր' իրենց նկատմամբ կայացրել են անարդար դատավճիռներ: Եվ հիմա քաղբանտարկյալները վերաքննիչ դատարան ներկայացված բողքում պահանջում են իրենց հանդեպ կայացնել արդարացման դատավճիռներ:

«Եթե իշխանությունները ձեւ գտան քաղաքական որոշումով մեզ ազատ արձակելու եւ դա արեցին համաներման միջոցով, դա իշխանությունների խնդիրն է: Մենք երբեւէ որեւէ քրեորեն հետապնդելի արարք չենք կատարել: Մենք որոշել ենք անցնել բոլոր ներպետական ատյաններով, եւ եթե չբավարարվեն մեր պահանջները, ապա կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ կվերականգնենք մեր իրավունքները»,- համոզված է ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Մեկ այլ քաղբանտարկյալ' Սուրեն Սիրունյանի վստահեցնում է. «Եթե ես ինքս ընդունեի, որ ես կատարել եմ հանցագործություն, միանշանակ վերաքննիչ դատարան չէի դիմի»:

Քաղբանտարկյալներն ու նրանց փաստաբանները, սակայն, որեւէ հույս չեն կապում վերաքննիչ դատարանի հետ:

«Բնականաբար եթե դատավճիռն օրինական ու հիմնավորված լիներ, ապա չէր բողոքարկվի: Ինձ թվում է՝ դատավճիռն ակնհայտ անհիմն է»,- նշեց Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ հավելելով. «Եթե դատարանն արդար դատաքննություն իրականացնի, արդարացման դատավճիռ կկայացնի»:Փաստաբանը պնդում է, որ խախտվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բազմաթիվ դրույթներ, օրինակ՝ արդար դատաքննության իրավունքը:

 

«Ես կարծում եմ, որ իմ պաշտպանյալի արարքում հանցագործության դեպք չկա: Եթե սա չկա, ապա անիմաստ է խոսել  հանցակազմի մասին: Դատարանում այդպես էլ չի ապացուցվել, որ իմ պաշտպանյալը քրեորեն հետապնդելի որեւէ արարք է թույլ տվել»:

 

Սուրեն Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասում է, որ ինքը որեւէ ակնկալիք չունի վերաքննիչ դատարանից: «Պահանջել ենք բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, սակայն որեւէ ակնկալիք չունեմ: Իմ կարծիքով, վերաքննիչ դատարանում դատավճիռը մնալու է անփոփոխ, մանավանդ, որ որոշում է կայացվել՝ գործը լսել վճռաբեկության կարգով: Այսինքն՝ կողմերին ձայն չի տրվելու: Կներկայացնենք բողքը եւ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ»։

Փաստաբանը պնդում է, որ այս քրեական գործի եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ կան, որոնք կարող են հիմք հանդիսանալ դատավճիռը բեկանելու համար: Սակայն ՀՀ դատական ատյաններում փաստաբանը արդարադատություն չի ակնկալում: «Մենք միջնորդել ենք գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով: Մեր պաշտպանյալների արարքում հանցակազմ չկա: Եվ մեր վերաքննիչ բողոքներում մենք ներկայացրել ենք՝ տեղի ունեցե՞լ են զանգվածային անկարգություններ, թե ոչ: Մենք գտնում ենք, որ այդ օրն անգամ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել: Այնպես որ, մեր պաշտպանյալների արարքներում հանցակազմը բացակայում է»,- նշեց տիկին Էլբակյանը: Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանն ուսումնասիրել է միայն մեղադրող կողմի ապացույցները և լսել է միայն մեղադրող կողմի վկաներին:

«Սակայն անգամ այդ դեպքում, մեղադրող կողմի՝որպես ապացույց ներկայացրած տեսաերիզները դիտելիս բավական է ապացուցելու համար իմ պաշտպանյալի անմեղությունը: Սուրեն Սիրունյանը չի կատարել որեւէ գործողություն, որը մեղսագրվում է նրան: Ինչ վերաբերում է վկաներին, ապա նրանցից ոչ մեկը չկարողացավ ցուցմունք տալ, որը կհիմնավորեր մեր պաշտպանյալներին վերագրված մեղադրանքը, թե նրանք  զանգվածային անկարգություններ են կազմակերպել»: Վարդուհի Էլբակյանը նշում է, որ եթե իրենց պաշտպանյալների անմեղությունն ապացուցող փաստերի ճնշման տակ անգամ դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ արդարադատություն ՀՀ-ում չի գործում:

«Միակ հույսը մնացել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը: Ուղղակի՝ Հայաստանում սպառում ենք ներպետական ատյանները՝ Եվրոդատարան դիմելու հիմք ունենալու համար»,- եզրափակեց փաստաբանը:

Իսկ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդարացի վճիռ կկայացնի եւ կարդարացնի քաղբանտարկյալներին, դրանում փաստաբանները չեն էլ կասկածում:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ