ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվս երկու վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կապված 2003թ. նախագահական ընտրություններից հետո տեղ գտած վարչական կալանքների հետ։ Երկու վճռով էլ արձանագրվել է Հայաստանի պարտությունը։
Հայցվորներ Զավեն Կարապետյանն ու Ստեփան Ստեփանյանը 2003թ. նախագահական ընտրություններից հետո մասնակցել են բողոքի ակցիաների։ Նրանք մեղադրվել են ոստիկաններին չենթարկվելու եւ անպարկեշտ արտահայտություններ անելու համար եւ ենթարկվել վարչական կալանքի (Կարապետյանը 2003-ի մարտին՝ 10 օրով, Ստեփանյանը 2003-ի մայիսին՝ 8 օրով)։
Կարապետյանի բողոքը վերաբերում էր կալանավորման պայմաններին (գերբնակեցում, վատ օդափոխություն, ցածր որակի սնունդ եւ բնական լույսի պակաս)։
Ստեփանյանը, ով ազատ էր արձակվել 6 ամիս կալանքի տակ պահվելուց հետո առողջական խնդիրների պատճառով բողոք էր ներկայացրել Քրեական և Զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Բողոքում նա ժխտում էր իրեն ձերբակալած ոստիկանության ներկայացուցիչների կողմից ներկայացված դեպքերի, ինչպես նաև միակ վկաների տրված ցուցմունքների ճշմարտացիությունը և անհիմն է համարել իր դեմ հարուցված մեղադրանքը։ 2004թ. հունիսին վերաքննիչ դատարանի նախագահը միայն գրավոր փաստաթղթերի հիման վրա, առանց հայցվորի և ոստիկաններին հարցաքննելու, անփոփոխ է թողել Ստեփանյանի նկատմամբ մեղադրական դատավճիռը։
Երկու դիմորդներն էլ հիմնվել են, մասնավորապես, կոնվենցիայի 6-րդ հոդված 6-ի (արդար դատավարության իրավունք) վրա և բողոքել իրենց նկատմամբ գործի ընթացքում անարդար քննության, և որ իրենց գործերը քննվել են արագացված դատաքննության կարգով, ինչի հետեւանքով նրանք չեն ունեցել բավարար ժամանակ եւ միջոցներ իրենց պաշտպանությանը նախապատրաստվելու համար։
Դիմումները, համապատասխանաբար Եվրոպական դատարան են ներկայացվել 2003թ. սեպտեմբերի 15-ին եւ 2004թ. դեկտեմբերի 7-ին։
Յոթ դատավորներից բաղկացած դատարանը կայացրել է հետեւյալ որոշումը՝
Կարապետյանի նկատմամբ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքը արգելող 3-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ արդար դատավարության իրավունք, ինչպես հաեւ 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝ բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալու իրավունքի պաշտպանությունը նախապատրաստելու համար, եւ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածը՝ Քրեական գործերով բողոքարկման իրավունք։
Դատարանը փոխհատուցում է նշանակել Կարապետյանին 4500 եվրոյի չափով՝ բարոյական վնասի համար եւ 3000 եվրոյի չափով՝ դատական ծախսերի համար։
Ստեփանայանի նկատմամբ դատարանը գտել է 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում եւ փոխհատուցում է նշանակել 1200 եվրոյի չափով՝ բարոյական վնասի եւ 1000 եվրոյի չափով՝ դատական ծախսերի համար։
Հոկտեմբերի 27-ին դատարանը վճիռ կայացրել եւս մի գործով՝ Բայաթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Բայաթյանը Եհովայի վկա է, ով հրաժարվել է զինծառայությունն անցնել կրոնական համոզմունքների պատճառով՝ պատրաստակամություն հայտնելով անցնել այլընտրանքային զինծառայություն։ Սակայն Հայաստանում այդ պահին դեռևս չկար այլընտրանքային ծառայության մասին օրենք, ուստի նա պարտադրվել է զինծառայությունն անցնել։
2001թ.-ի հոկտեմբերին Բայաթյանը մեղադրվել է զինծառայությունից խուսափելու համար։ Նա կալանավորվել է եւ 2002-ի հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել նրան եւ որպես պատիժ նշանակել է մեկուկես տարի ազատազրկում։ Վերաքննիչ դատարանը ևս մեկ տարով ավելացրել է այդ ժամկետը՝ դարձնելով այն երկուսուկես տարի։ 2003թ-ի հունվարին Վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել վճիռը, իսկ հուլիսին10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո՝ հայցվորը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ հայցվորը բողոք էր ներկայացրել իր նկատմամբ կոնվենցիայի 9-րդ հոդվածի՝ մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքի դրույթների խախտման վերաբերյալ։
Սակայն եվրոպական դատարանի վճռի համաձայն նշված գործով բացակայում է կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտումը։
