ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորին սպանողը բացահայտված չէ
Վայքի զորամասում ծեծի ենթարկված զինծառայող Արամ Մկրտչյանի մահից արդեն 2 ամիս է անցել, բայց նախաքննությանն առայժմ չի հաջողվել պարզել, թե ով է զինվորի մահվան հիմնական մեղավորը: Փոխարենը գործի վարույթը նախաքննական մի մարմնից հանձնվել է մեկ այլ մարմնի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին առավոտյան ժամը 6-ից 6.45-ն ընկած ժամանակահատվածում Վայքի զորամասի վաշտի հրամանատար Անդոկ Գասպարյանը դաժան ծեծի էր ենթարկել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ երեք ամսվա զինծառայող Արամ Մկրտչյանին, ինչի հետեւանքով տղան տեղափոխվել էր Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել էր, սակայնբժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 1-ին զինծառայողը մահացել էր:
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանազանցություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ/ քրեական գործ էր հարուցվել Անդոկ Գալստյանի նկատմամբ: Հաջորդ օրը կապիտան Գալստյանը ձերբակալվել էր: Սպան խոստովանել էր մեղքը, բայց եւ խնդրել, որ ծեծված երիտասարդին ենթարկեն դատաբժշկական փորձաքննության և հաստատեն, որ 18-ամյա երիտասարդը մահացել է հատկապես իր հասցրած հարվածների հետեւանքով:
Ավելի ուշ, սեպտեմբերի 17-ին, ձերբակալվել էր նաեւ նույն զորամասի մայոր Մամիկոն Վարդանյանը:Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինը, լինելով գնդի հրամանատարի տեղակալ, իսկ դեպքի օրը' գնդի հրամանատարի պաշտոնակատար, առաջինն ինքն է ծեծել զինվորին' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Զինծառայողի հարազատների հայտնած տեղեկություններով, գոստոսի 28-ին' «վեր կաց» հրահանգից հետո, առավոտյան վազքի ժամանակ զինծառայող Արամ Մկրտչյանը մի քանի քայլ հետ է մնացել մյուս զինվորներից, ինչը դուր չի եկել գնդի հրամանատարի տեղակալ Մամիկոն Վարդանյանին, եւ նա հարվածել է Արամի գլխի աջ հատվածին, այնուհետեւ ոտքով' որովայնին, հայհոյել եւ ասել. «վազիր, հասիր շարքին»: Այնուհետեւ մայոր Վարդանյանը վաշտի հրամանատար կապիտան Անդոկ Գալստյանին ասել է. «Արա, արի' լակոտներիդ տիրություն արա»: Անդոկ Գալստյանը յուրովի է հասկացել վերադասի խոսքը: Նա նախ մոտեցել է Արամին եւ ասել. «Դու հըլը հալդ կտենաս», ապա դաժանաբար ծեծի է ենթարկել զինվորին, ինչի արդյունքում, տեւական ժամանակ մնալով առանց ուշադրության, Արամ Մկրտչյանը ծխարանում ուշագնաց է եղել:
Երկու զինվոր հայտնբերելով Արամին այդ վիճակում, նրան տեղափոխել են բուժկետ: Այստեղ, սակայն, չի հաջողվել Արամին գիտակցության բերել: Դրանից հետո միայն զինվորին տեղափոխել են Վայքի հիվանդանոց, որտեղից էլ' զինվորական հոսպիտալ, ուր նրան վիրահատության են ենթարկել, բայց կյանքը փրկել, ցավոք, արդեն չի հաջողվել:
Այժմ նախաքննական մարմինը' փորձագետների օգնությամբ պետք է պարզի, թե հատկապես ում հարվածներն են ճակատագրական եղել Արամի համար' Անդոկ Գալստյանի՞, թե՞ Մամիկոն Վարդանյանի, քանի որ ծեծը ողբերգական հետեւանքներ է ունեցել զինվորի համար: Այս հանցանքի համար հանցագործին ամենաքիչը մի քանի տարվա ազատազրկում է սպառնում, մինչդեռ նխաքննությամբ առաջադրված հոդվածները, մահացած զինվորի հարազատների համոզմամբ, չեն արտահայտում կատարված ողջ հանցանքը:
Տուժողի հարազատները համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ եւ պահանջում են խստացնել պատիժը, քանի որ Քր օր-ի վերոհիշյալ հոդվածները ենթադրում են իշխանազանցության եւ պաշտոնեական անգործության հետեւանքով առաջացած ծանր հետեւանքներ, մինչդեռ տվյալ դեպքում խոսքը մահվան ելքի մասին է: Այդուհանդերձ, մեղադրանքն առայժմ չի վերաորակվել:
«Մեզ համար այդ հոդվածը աբսուրդ է: Եթե նախաքննությամբ հիմնավորվի, որ երեք անգամ է իրականացրել այդ դաժան ծեծը, մենք դա կգնահատենք որպես առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության փորձ, եւ այդ պարագայում պետք է մեղադրանքի վերաորակավորում տեղի ունենա», - ասաց մահացած զինծառայողի հորեղբորորդին՝ Նորայր Նորիկյանը:
Փոխարենը, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Լեւիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել Մամիկոն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին' ժամանակավոր ազատության դիմաց վերջինից պահանջելով մուծել ութ հարյուր հազար դրամ: ՀՀ զինդատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը, եւ վերաքննիչ դատարանի որոշմամբ, ուժի մեջ է թողնվել կալանքն իբրեւ խափանման միջոց կիրառելու որոշումը:
Բայցեւայնպես, Արամ Մկրտչյանի հայրը' Ոսկան Մկրտչյանը մեզ հետ զրույցում կասկած հայտնեց, թե Մամիկոն Վարդանյանն ամեն կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից:
«Հենց դատարանի դահլիճից Մամիկոն Վարդանյանը տեղափոխվել է Զինվորական Ոստիկանության Կենտրոնական վարչության վարչական տարածք: Այնուհետեւ, թե ինչ հանգամանքներում, նա տեղափոխվել եւ մի քանի օր պահվել է Կանազի հոսպիտալում' սրտի նոպայի պատճառաբանությամբ: Ապա 7-8 օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվել է Վարդաշենի մեկուսարան», - պատմում է Ոսկան Մկրտչյանը:
Արամի հարազատներին տարօրինակ է թվացել եւս մեկ հանգամանք: Արդեն մի քանի օր է, ինչ գործի վարույթը պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնից տեղափոխվել է նույն ծառայության հատուկ կարեւորագույն գործերի բաժին: Տուժողի հարազատներին զարմացրել էր ոչ այնքան նախաքննական մարմնի փոփոխությունը, որքան այն, որ գործը տեղափոխվել է հենց Մամիկոն Վարդանյանի եւ իր փաստաբանի դիմումի համաձայն:
«Դիմումի մեջ երկու խնդրանք- առաջարկություն է եղել. մեկը, որ բացարկ հայտարարվի գործը քննող քննիչին եւ վերահսկող դատախազին, մյուսը, որ գործի վարույթը տեղափոխվի հատուկ կարեւորագույն գործերի բաժին»,- նշում է տուժողի հայրը:
Տուժող կողմն առայժմ փորձում է հասկանալ, թե գործի նախաքննությունը մի մարմնից մյուսը տեղափոխելով, ինչ նպտակ է հետապնդում զինվորին դաժանաբար ծեծելու համար մեղադրվող գնդի հրամանատարի տեղակալը: Բայց, որ դրանում շահադիտական նպատակներ կան, Մկրտչյանները վստահ են:
«Մամիկոն Վարդանյանը, ունենալով տարբեր մակարդակի եւ որակի հովանավորներ, փորձում է ամեն կերպ խուսափել քրեական պատասխանատվությունից»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկան Մկրտչյանը:Նա նաեւ նշեց, որ գործը արդեն մի քանի օր է, ինչ հանձնվել է ՀԿԳ քննիչ Արայիկ Բաբայանի վարույթ, սակայն, նախաքննական նոր մարմինն, ըստ տուժող կողմի, առայժմ քննչական որեւէ գործողություն չի իրականացրել: Քննչական գործողություն չէր իրականացվել նաեւ նախորդ մարմնի օրոք' Ոսկան Մկրտչյանի մեկնաբանմամբ, գործը ձգձգվել էր նախկին քննիչի առողջական խնդիրների պատճառով:
Այսպիսով, արդեն ավելի քան 2 ամիս շարունակվող նախաքննությունը այդպես էլ մինչ օրս պատասխան չի տվել, թե որ սպայի մեղքով է մահացել հայրենիքին ծառայող 18-ամյա երիտասարդը:
«Մեզ համար այս գործում շատ հանգամանքներ շարունակում են մութ մնալ, բայց մի բան հաստատ է' երկու սպան էլ' վաշտի հրամանատարն էլ, գնդի հրամանատարն էլ դաժանաբար ծեծել են երեխային եւ այդ ծեծի արդյունքում, երեխան գիտակցության չգալով, մահացել է»,- նշում է զինվորի հայրն ու ավելացնում, որ իրենք դեռ շարունակում են հավատալ արդարադատությանը:
Նելլի Դանիելյան
Խմբ.կողմից. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրապարակայնորեն չէր դատապարտել կատարված ոճրագործությունը, սակայն մամուլին տված հարցազրույցներից մեկում ասել էր. «Համապատասխան ընթացք է տրվելու, սպան ձերբակալված է եւ պատասխան է տալու օրենքի ամբողջ խստությամբ: Տվյալ հարցը դատապարտված է ամբողջությամբ զինված ուժերում եւ հասցված է մինչեւ վերջին դասակի հրամանատարը եւ ենթասպան, թե ինչպիսի ընթացք կստանա, մենք նաեւ հասարակության մեջ կդատապարտենք այդ արարքը»։
