Կարճվել է լրագրողների դեմ բռնության գործը

Էրեբունի քննչական բաժնում օրերս կարճվել է Երեւանի քաղաքապետի ընտրության օրը' մայիսի 31-ին, Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ նրա թիկնապահների կողմից լրագրողների դեմ կիրառած բռնության առթիվ հարուցված քրեական գործը:

 

Քննչական բաժինը չի կարողացել ապացուցել նրա եւ նրան ուղեկցողների' օրը ցերեկով կատարած բռնությունը եւ լրագրողական աշխատանքը խոչընդոտելու փաստը: Այդ օրը նաեւ ակնհայտորեն խոչընդոտվել է ընտրական հանձնաժողովի աշխատանքը, բայց քանի որ հանձնաժողովի նախագահը «յուրային էր»' ՀՀԿ-ական, այդ առթիվ բողոք չի եղել: Հիշեցնենք, որ ընտրության օրը Լյովա Սարգսյանը սեռական բնույթի հայհոյանքներ էր տեղացել լրագրողների հասցեին' իրեն տեղամասից դուրս հրավիրելու համար, որից հետո նրա հետ եղող հաստավզերից մի քանիսը ապտակել, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ էին հասցրել «ՉԻ»-ի լրագրող Գոհար Վեզիրյանին:

Հարվածներ էր ստացել նաեւ «Հայք»-ի լրագրողը: Իսկ անձամբ Լյովա Սարգսյանը հայհոյելով խլել էր «Ժամանակ»-ի թղթակցի ձայնագրիչը:

Դեպքի շուրջ բարձրացված աղմուկից հետո Ալրաղացի Լյովը գնացել, ոստիկանությունում հետ է կանգնել արարքներից, թե ինքը ոչ ոքի չի հայհոյել, ծեծ չի եղել, ձայնագրիչ չի խլել եւ ընդհանրապես իր կողմից ոչինչ չի եղել: Քննչական բաժինն էլ հավատացել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի կարկառուն անդամ Լյովա Սարգսյանին: Ուշագրավն այն է, որ բացի ներկա լրագրողներից, ովքեր այս կամ այն կերպ տուժել էին նրա ու նրան շրջապատողների արարքներից, ընտրատեղամասում ներկաներից որեւէ մեկը Ալրաղացի Լյովի գործողությունների առթիվ ցուցմունք չի տվել: Սա, թերեւս, ցույց է տալիս, թե ինչ վիճակում է ընտրական եւ իրավական համակարգը, նաեւ' հասարակությունը: Խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ չեն հիշում օրը ցերեկով կատարվածը' Լեւոն Սարգսյանի հայհոյանքները եւ լրագրողի ծեծը: Խնդիրն այն է, որ հասարակության մեջ գիտեն' Լեւոն Սարգսյանը ում սանիկն է, տեսել են' ինչպես է գլուխն ազատել «Ադնակլասնիկ» սրճարանի սպանությունից, ինչպես չի դատվել այլ արարքների համար, ու պարզ տրամաբանությունը, թերեւս, նրանց հուշում է, որ եթե մարդը չի դատվել 2 երեխաների հոր մահվան դեպքում, լրագրողին' թեկուզ աղջկան ծեծելու կամ հայհոյելու համա՞ր պիտի դատվի: Ավելին' քննչական բաժնում վերծանել են մեր ներկայացրած ձայնագրությունը եւ պարզել, որ «այնտեղ հայհոյանք չկա», այն պարագայում, երբ մի քիչ ուշադիր լսելու պարագայում աղմուկի միջից լսվում են Լյովա Սարգսյանի հայհոյանքները:

Գործը քննող մարմնի' Էրեբունի քննչականի որոշումը սկսվում է հետեւյալ տողերով. «Քրգործի վարույթը կարճել' Վեզիրյանի կողմից խուլիգանություն կատարելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով»: Ասել է թե' Լյովա Սարգսյանի թիկնապահի բողոքով քննչական մարմինը փորձել է բռնության ենթարկված լրագրողի դեմ գործ սարքել, բայց չի ստացվել: Որոշման 2-րդ մասում ասվում է. «Վեզիրյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով»: Դատաբժշկի եզրակացության համաձայն' Գոհար Վեզիրյանի մոտ հայտնաբերվել է ձախ բազկի ստորին մակերեսի, աջ բազկի, աջ սրունքի վերին մակերեսի արյան զեղումներ, սրունքի, աջ ծնկահոդի առաջնային մասի քերծվածք, ձախ ճաչանչադաստակային հոդի ձգվածություն, որը պատճառվել է բութ, կոշտ առարկայով, պատճառվել է առողջության թեթեւ վնաս' առողջության կարճատեւ քայքայումով:

Անցյալ տարի այս ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հանրությանն ուղղված ուղերձով եւ ուղերձի վերջում վճռականորեն քննադատեց «դեպքերը, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել», հավելելով, թե «ոչ ոք ՀՀ-ում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀ-ում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն»: Սա «Ադնակլասնիկի»-ի սպանության առթիվ էր: Անգամ նման ուղերձից հետո Լյովա Սարգսյանը ոչ միայն չզրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, այլեւ դատարանի առաջ չկանգնեց: Սերժ Սարգսյանի սանիկի մասնակցությամբ այս գործի քննությունն ապացուցեց, որ ներկա համակարգում անգամ Սերժ Սարգսյանի ուղերձները չեն կարող կատարվել, լյովիկսարգսյանները պարզապես չեն կարող դատվել ներկա իրավական համակարգում, կամ էլ Սերժ Սարգսյանն ինքն այնքան էլ շահագրգռված չէ դրանց կատարման հարցում։

Մարինե Խառատյան

«Ժամանակ» օրաթերթ