Միակ վճիռը՝ արդարացում

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Նիկոլ Փաշինյանի դատավարությունը մտնում է նոր փուլ։ Մեղադրանքի կողմն ավարտեց իր կողմից դատակոչված վկաների հարցաքննությունն ու այլ ապացույցների հետազոտումը։ Այսօր դատարանը կանցնի պաշտպանական կողմի միջնորդությունների քննությանը։

Հարցազրույց փաստաբան Լուսինե Սահակյանի հետ


Ապացույցների հետազոտման այս փուլում, յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակումից հետո դուք հանդես էիք գալիս հայտարարությամբ: Եթե հաշվի առնենք, որ մեղադրանքը կառուցված է 7-ի գործի նմանությամբ ու տրամաբանությամբ, թվում էր, թե այլևս ավելացնելու նոր բան չկար: Ինչո՞ւ էիք այդքան մանրամասնությամբ անդրադառնում դրանց:
 
Նախորդ գործերի հրապարակումները չէին կարող նշանակություն ունենալ այս գործի համար, քանի որ այն բոլոր ապացույցները, որոնք հետազոտվում էին այս ընթացքում, միայն դրանց կարող են հղում անել պաշտպանական և մեղադրող կողմերը: Ինչու էինք առավել մանրամասն անդրադառնում դրանց, որովհետև քրեական գործի նյութերում կար զննություն կատարելու մասին արձանագրություն, որով իբրև այս տեսաերիզներն ուսումնասիրել են քննիչները և արդյունքները տրամադրել փորձագետներին: Արդյունքում, ստացել են փորձագետի եզրակացություն, որտեղ ակնհայտորեն տեղ չեն գտել բոլոր այն տեսանյութերը, որոնք վկայում են, որ Փաշինյանը պարբերաբար հանդարտության կոչեր է արել և արել է ամեն ինչ, որ որևէ մեկը բռնություն չգործադրի ու թալանի մասնակից չլինի: Այսինքն, հատուկ ուշադրություն է դարձրել հանգամանքին, որպեսզի թալանի մասնակիցները որևէ առնչություն չունենան զանգվածային միջոցառման մասնակիցների հետ: Եվ պատահական չէ, որ նախաքննական մարմինն իր զննության արձանագրության մեջ դրան անդրադարձ չի արել և հետագա փաստաթղթերում այդ ելույթները չեն երևում, որովհետև հենց դրանով է երևում, որ Փաշինյանը որևէ հանցագործություն չի կատարել: Սա է պատճատը, որ մենք հատկապես մանրամասն անդրադառնում էինք այդ դրվագներին:
 
Բացի դրանից, այստեղ առավել ակնհայտ էր երևում, թե ինչ է տեղի ունեցել իրականում. ոստիկանների կողմից հարձակումները քաղաքացիների վրա, ինպես են նրանց բռնությունների ենթարկել, իսկ մարդկանց գործողություններն ունեցել են զուտ ինքնապաշտպանական բնույթ: Նշեմ, որ դատարանում ուսումնասիրված տեսաերիզներն ամբողջությամբ մոնտաժված ու կտրտված են և դատարանին ներկայացված են միայն այն հատվածները, որոնք, ըստ մեղադրանքի կողմի, կարող են "մեղադրող ապացույցներ" հանդիսանալ իմ պաշտպանյալի համար: Պետք է ասեմ, որ նույնիսկ այդ տեսքով դրանք դատարանում կարող են ծառայել որպես արդարացնող ապացույցներ: Իսկ եթե շարունակությունն էլ մենք ներկայացնենք, ապա ակնհայտ կդառնա, թե ինչ գործողություններ են իրականում կատարել ոստիկանները և թե ինչ գործողությունների են դիմել խաղաղ ցուցի մասնակիցները:
 
Դատարանում ցուցադրված տեսաերիզների վրա հիմնականում բացակայում է ժամանակային թվագրումը: Եվ դուք, և Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարություն արեցիք այդ կապակցությամբ: Ինչ վտանգ եք տեսնում և ինչ նշանակություն կարող է դա ունենալ քրեական գործի համար:
 
Նշանակությունը շատ մեծ է: Իրենք ինչ որ պատառներ են վերցնում գործից, ինչ որ գործողություններ են ցույց տալիս, բայց չեն ասում, թե տվյալ գործողությունն ինչին է նախորդել կամ հաջորդել, ուստիև կարող է մարդկանց մոտ թյուր կարծիք ձևավորվել: Բազմաթիվ այդպիսի հանգամանքներ կան, ասենք ցույց են տալիս, որ մարդիկ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն ցույց չեն տալիս, որ դրան նախորդել էին այլ գործողություններ, որ մինչ այդ ոստիկաններն արդեն կրակել էին ժողովրդի վրա կամ չերյոմուխայով ուղիղ կրակել էին մարդկանց վրա, և կամ ինքնաձիգերից  են կրակել մարդկանց վրա: Այսինք, երբ մենք այդ ամենը կտրում հանում ենք, ստացվում է, որ մարդիկ առանց պատճառաբանության հարձակվում են ոստիկանների վրա, ինչը հեռու է իրականություն լինելուց: Իրականությունն այն է, որ մարդիկ դիմել են ինքնապաշտպանության:
 
Դուք դատարանում կարծիք հայտնեցիք, որ Փաշինյանի ձայնը տեղադրել են այնպիսի կադրերում, որտեղ, իրականում, Ձեր պաշտպանյալը չէր կարող լինել կամ նրա ձայնը այնտեղ չէր հասնի: Պնդում եք, որ նախաքննական մարմինը դիմել է նման ծայրահեղությունների:
 
Իհարկե դա այդպես է: Կադրերից երևում է, որ նկարահանում կատարողը չէր կարող լսել Նիկոլի Փաշինյանի ձայնը: Նշանակում է, որ նրանք հատուկ միջոցներ են օգտագործել, որպեսզի ձայնը ուղարկվի մի ուղղությամբ, իսկ պատկերը՝ մեկ այլ, և ստացվել է, որ նկարահանվում է Մաշտոց-Պարոնյան խաչմերուկը, ու Նիկոլի ձայնը Մյասնիկյան արձանի մոտից լսվում է, ինչը գործնականում անհնար է: Մենք ունենք բազմաթիվ վկայություններ ու տեսաերիզներ, որտեղից պարզ երևում է, թե Նիկոլ Փաշինյանի ձայնը ինչ կարճ տարածության վրա է լսվում: Եվ սա էլ տրամադրել են փորձագետներին, որոնք ասում են, որ այս գործողություններից հետո դրդել է ժողովրդին... Բոլոր այն կադրերը, որտեղ Փաշինյանն ասում է կանգնեք բարիկադներից այս կողմ կամ հանդարտության կոչեր է անում, կտրտված-հանված են: Այս ամենն իրենք փորձում են չնկատել, դրանք արձանագրություններում տեղ չեն գտնում, ինչ որ մասեր կտրտելով ու միացնելով փորձում են մեղադրանքը հաստատել: Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ նույնիսկ այս ամենով նախաքննական մարմինը որևէ ապացույց չունի, թե Փաշինյանը զանգվածային անկարգություններ է կազմակերպել:
 
Կարելի՞ է ապացույցների հետազոտման այս փուլում ևս մեկ բացահայտում համարել այն, ինչպես Ինտերպոլի գրության դեպքում էր, որ այդ օրը Փաշինյանին հատուկ հետևել են ու նկարահանել, ինչի մասին բազմաթիվ անգամ նշեցիք դատարանում:
 
Ակնհայտորեն երևում է, որ նրանք հետևել են Նիկոլ Փաշինյանին և նրա բոլոր գործողությունները նկարահանել են և իրենց իսկ բերած ապացույցներում մի գործողություն անգամ չկա, որ Նիկոլ Փաշինյանը բռնություն է գործադրել կամ նրա կողքին հայտնված մարդիկ նման քայլի դիմած լինեն: Եթե նման ապացույց ունենային կամ եթե նման բան եղած լիներ, նրանք առաջինը որպես ապացույց դատավորի սեղանին կդնեին:
 
Հաջորդ դատական նիստին դուք միջնորդություններ եք ներկայացնելու դատարանին՝ ձեր կողմից վկաներ հրավիրել ու տեսանյութեր ուսումնասիրել: Կա՞ն դրանց մեջ այնպիսիք, որ հանրության համար նորություն է լինելու:
 
Անշուշտ, մենք ներկայացնելու ենք վկայություններ, որոնցով հստակ կերևա, թե ինչ է տեղի ունեցել իրականում 2007-ի հոկտեմբերի 23-ին և ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Կան տեսանյութեր, որոնք դատարանում չեն դիտվել և կան տեսանյութեր, որոնք հրապարակված չեն առհասարակ: Համենայնդեպս դրանք ես չեմ տեսել, գուցե ինչ որ տեղ եղել է: Մենք ներկայացնելու ենք ազգային անվտանգության ծառայության տեսագրած բոլոր կադրերն ամբողջությամբ, այն ինչը մեղադրող կողմը պատառ պատառ է ներկայացրել: Օրինակ, նրանք ցույց չեն տալիս, որ չերյոմուխայից ուղիղ կրակում են, և անձը վիրավորվում է այդ կրակոցից և այլն: Մենք ցույց կտանք նաև կադրեր, որտեղ հստակ երևում են զինվորականների գործողությունները, և ինչից պարզ երևում է,  որ այդ ամենի հետ կապ չունեն խաղաղ ցույցի մասնակիցները:
 
Ասացիք, որ բազմաթիվ այլ ապացույցներ ունեք դատարանին ներկայացնելու, այդ թվում նաև վկաների, համոզվա՞ծ եք, որ ձեր բոլոր միջնորդությունները դատարանը կբավարարի:
 
Եթե մենք իրականում լսենք բոլոր վկաներին, նրանք հարյուրավոր են, բայց ես մեծ հույս չունեմ, որ դատարանը կբավարարի և այդ բոլոր վկաներին կհարցաքննի: Դրա համար էլ մենք ծրագրել ենք այլ գործողություններ, որոնցով կկարողանանք այդ մարդկանց պատմածը դատարանին ներկայացնել: Եթե դատարանը սահմանափակի մեր միջնորդությունները, ապա գոնե հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ ապացույցներ գոյություն ունեն, իսկ դրանից հետո՝ թե դատարանը կընդունի այդ ապացույցները, կհետազոտի թե չի հետազոտի, դա արդեն մնում է դատարանի խղճին:
Ինչպե՞ս եք գնահատում դատարանի աշխատանքն այս ընթացքում, մասնավորապես նկատի ունեմ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով այդքան էլ լավ համարում չունի օբյեկտիվ վճիռներ կայացնելու հարցում:
 
Շատ դժվար հարց եք տալիս: Առաջին տպավորությամբ, կարծես թե, դատավորը փորձում է պահպանել արտաքին այդ շղարշը, որ, իբր, ինքը դատավարության մասնակիցների հավասարությունն է պաշտպանում, սակայն իրականում, մեր շատ գործողություններ, որ նախորդել են սրան՝ հայտարարություններ անել, կարծիք հայտնել և այլն, մերժվել են: Բացի այս ամենից, նույն դատավորի կողմից կայացրած նախկին դատավճիռները խոսում են այն մասին, որ մենք մեծ ակնկալիքներ չպիտի ունենանք, իսկ մեր միակ  ակնկալիքը արդար դատարանից, կարող է լինել արդար դատավճռի կայացումը՝ Արդարացման դատավճիռը: Մենք չենք հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է արդար դատավճռի հասնել:
 
Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ