ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարացրեց անպատիվ մեղադրանքից

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ հայաստանյան արդարադատության համակարգի համար սենսացիոն է։ Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը արդարացման դատավճիռ կայացրեց Սաշա Դավթյանին առաջադրված մեղադրանքներից մեկով՝ անչափահաս դստերը բռնաբարելու մեղադրանքով։
«Դատաքննությամբ չի հաստատվել Սաշա Դավթյանի մեղքը» դատավճիռն ընթերցում էր դատավորը՝ հուզված ու դողացող ձայնով։ Սակայն դատավորը 4 տարվա ազատազրկման դատապարտեց Սաշա Դավթյանին՝ ավագ դստերը՝ 22 ամյա Թ.Դ-ին, իբր խոշտանգելու մեղադրանքով։ Սաշա Դավթյանի երկու աղջիկներն էլ դատարան էին եկել սպիտակ մեխակների փնջով՝ համոզված, որ այսօր դատարանն ազատ է արձակելու իրենց հորը և ծաղիկները միայն կուրախացնեն նրան։ Դատական նիստը նրանց համար ավարտվեց շատ տխուր։ Ծաղիկները շպրտեցին և իրար գրկախառնված լաց էին լինում։ «Իմ հայրն ինձ ապտակել է՝ լավ է արել, իրենց ինչ գործն է», ասում էր Թեհմինեն,-«Իսկ ոստիկանները, քննիչ Ռուբեն Վարդանյանը, որ մեզ օրերով խոշտանգել և հորից զրկել են, պատասխան տալո՞ւ են»։
Հարց, որի կարոտն են ոչ միայն այս խեղճ ու կրակ աղջիկները, այլ ամբողջ հասարակությանը։ Անպատժելիության մթնոլորտը Հայաստանում այնքան արմատացած է, որ արդարադատության որևէ դեպք սենսացիա է առաջացնում։ Խոսքը կոնկրետ իրավապահ մարմինների՝ ոստիկանության գործելակերպի մասին է, իսկ այս դեպքում արտոնյալ կարգավիճակում հայտնված Էրիկ Պողոսյանի ու քննիչ Ռուբեն Վարդանյանի, որոնք օրեր շարունակ ինչպես ուզել վարվել են այս անպաշտպան ընտանիքի հետ։։ Դատախազության թուրը միայն խեղճ ու կրակ մարդկանց՝ անչափահասների վրա է կտրում, թող գործ սկսի այս անձանց նկատմամբ։
«Գյուղով մեկ խայտառակ ենք եղել, մարդու երես չենք կարող նայել, էս ինչ անպատվություն մտցերեցին մեր ընտանիք», ասում էր Սաշա Դավթյանի եղբայրը՝ Սամվելը, ով այս ընթացքում տեր է կանգնել աղջիկներին։
Սաշա Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանը աննախադեպ և բարձր է գնահատում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի այս քայլը։ «Ամեն մի դատավոր չէ, որ կարող էր վեր կանգնել դատախազության ճնշումներից և արդարացնել մարդուն այդ անպատիվ մեղադրանքից»։ Փաստաբանը վճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում։
Չենք բացառում, սակայն, որ գլխավոր դատախազությունը պատժիչ գործողություններ ձեռնարկի և հետապնդումներ սկսի դատավորի նկատմամբ։ Ինչ որ մեկը ըմբոստացել է իրենց սարքած մեղադրանքի դեմ։
Ժաննա Ալեքսանյան
