ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մեղադրողը պետք է մեղադրանքից հրաժարվեր»

Դեկտեմբերի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող կողմը պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր, Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Վաղը նշանակված դատական նիստից առաջ մեր հարցերին պատասխանում է փաստաբան Լուսինե Սահակյանը:
Դատական նիստը շարունակվեց արդեն աշխատանքային ժամի ավարտից հետո, ինչի դեպքում դատավարության մասնակիցների կարծիքը պարտադիր էր: Դուք որևէ միջամտություն արեցի՞ք դատական նիստը ընդմիջելու վերաբերյալ:
Ինձ զարմանացրեց այն, որ մեղադրող կողմը դատաքննության ավարտի մասին հայտարարությունից հետո անմիջապես մեղադրական ճառով հանդես գալու պատրաստակամություն հայտնեց: Այսինքն արդեն պատրաստի մեղադրական ճառ ունեին: Ինձ համար այնքան էլ էական չէր, թե որ ժամին են նրանք դա անում, այլ թե ինչ են անում: Թեև Նիկոլ Փաշինյանը դատարանին հիշեցրեց, որ բացի մեղադրյալ լինելուց, ինքը նաև հանդիսանում է պատգամավորության թեկնածու և դատարանին խնդրեց ավարտել նիստը և հնարավորություն տալ հանդիպելու վստահված անձանց հետ, սակայն դատարանը մերժեց:
Մեղադրող կողմն ի՞նչ տրամաբանությամբ էր առաջնորդվում՝ դատարանին առաջադրված մեղադրանքի առավելագույն պատժաչափ միջնորդելով:
Այստեղ խնդիրն այն չէ, թե պատժաչափն ինչքան է սահմանվել, այլ որ մեղադրողը պետք է մեղադրանքից հրաժարվեր, քանի որ դեռևս նախաքննության ընթացքից էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պատժելի արարք չէր կատարել: Հենց դատախազության հրավիրած վկաներն այնպիսի ցուցմունքներ տվեցին դատարանում, որոնցով հիմնավորվեց, որ իմ պաշտպանյալը քրեորեն հետապնդելի որևէ արարք չի կատարել: Ավելին, պաշտպանական կողմը բազմաթիվ ապացույցներ ներկայացրեց դատարանում, որ մարտի 1-ին խաղաղ հանրահավաքի հարկադիր դադարեցում է եղել ինչպես Մյասնիկյանի արձանի, այնպես էլ Ազատության հրապարակում, և բազմաթիվ անձինք բռնությունների են ենթարկվել իրենց իրավունքից օգտվելու համար: Հանրահավաքին մասնակցելն իրենց իրավունքն էր: Այս ամբողջը դատարանում հիմնավորվեց: Հիմնավորվեց նաև, որ տեղի չի ունեցել որևէ հակաօրինական արարք ոստիկանության դեմ և այն կրել է զուտ ինքնապաշտպանական բնույթ: Այս ամենը հիմնավորվեց տեսաերիզներով ու լուսանկարներով, ինչպես նաև բազմաթիվ այլ ապացույցներով: Հիմնավորվել է, որ տեղի ունեցած թալանը կատարվել է զինվորական հագուստով անձանց կողմից: Այս կադրերը ցույց են տրվել դատարանում. որ ավտոմեքենաները հրկիզելուց առաջ բերվել և տեղադրվել են համապատասխան տեղում հենց զինվորականների կողմից: Հստակ հիմնավորվել է, որ Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ոստիկանական մեքենաների հրկիզումները կազմակերպված են եղել իշխանությունների կողմից:
Հիմնավորվել է նաև այն, որ թալանը կատարվել էր զինվորականների հսկողության ներքո, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոստիկանության ներկայացուցիչներին ժողովրդի վրա հարձակվելու փոխարեն գնան թալանը կանխեն, ասել է. "հավաքեք ձերոնց տուն տարեք, որ թալանը տեղի չունենա" և այլն: Հիմնավորվեց, որ խաղաղ ցուցարարները թալանի հետ որևէ առնչություն չունեն և իրենց գործողությունները կրել են զուտ ինքնապաշտպանական բնույթ: Այս ամենից հետո մեղադրող կողմն ուղղակի պետք է հրաժարվեր մեղադրանքից, եթե Հայաստանը իրավական երկիր լիներ: Դատախազությունը դատարանում կարդաց մեղադրանքը և իր գործը համարեց ավարտված:
Ինչ վերաբերում է 2007-ի հոկտեմբերի 23-ի դրվագին, այն բացարձակապես աբսուրդ էր: Այսքանից հետո մեղադրող կողմը հայտարարում էր, որ պաշտպանական կողմը գործում էր ոչ իրավական հարթության մեջ: Ես ուզում եմ հայտարարել, որ մեղադրող կողմին դատավարությունն ընդհանրապես չէր հետաքրքրում և մեր ցուցադրած կադրերը, որտեղ ակնհայտ տեսանելի էր ամեն բան, դատախազությունն ասում էր, թե չեմ տեսնում ու չեմ լսում: Մեղադրողը ընթերցեց մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ, հղում անելով այնպիսի ապացույցների վրա, որոնք ընդհանրապես գոյություն չեն ունեցել և դատավարության ընթացքում չեն հետազոտվել կամ ձեռք չեն բերվել: Մենք առաջին անգամ նրանց ճառում լսեցինք իրադարձությունների մասին, որոնք ընդհանրապես տեղի չեն ունեցել:
Նիկոլ Փաշինյանի դատավարությունն առանձնացավ և ակնհայտորեն տարբերվում էր մարտիմեկյան իրադարձությունների բոլոր գործերից հենց նրանով, որ այն ընթանում էր բացառապես իրավական հարթության վրա: Եվ դուք, և Փաշինյանը ամբողջ դատավարության ընթացքում մնացիք իրավական դաշտում: Ո՞րն էր այս ռազմավարության նպատակը:
Մեր նպատակն էր իրավական հարթության մեջ ապացուցել մարտի 1-ի իրական պատկերը: Ինչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին:
Պաշտպանական կողմը դատավարության ամբողջ ընթացքում հանդես է եկել բազմաթիվ միջնորդություններով, որոնցից որոշ մասի քննությունը հետաձգվել է, որոշները որպես ապացույց կցվել են քրեական գործին՝ պատճառաբանելով, թե դատարանը հետագայում դրանց իր գնահատականը կտա: Ի՞նչ եք կարծում, դրանց իրավական գնահատականներ կտրվե՞ն:
Մենք դատարանին ներկայացրինք ապացույցներ, որոնք էապես փոխում էին գործի ընթացքը: Ես որևէ հույս չունեմ, թե դատարանը դրանց որևէ գնահատականի կարժանացնի: Նախ, մենք դատարանում հիմնավորեցինք, որ բանակն այդ ամբողջ օրը կատարել է գործողություններ, որի իրավունքը չուներ: Դատարանը պետք է սրան գնահատական տա, իսկ գնահատական տալու դեպքում պետք է գործողությունների իրավաչափության հարց բարձրացնի: Ոստիկանության ուժերը զենք են կիրառել, որի իրավունքը չունեին: Գործադրվել է զենքի տեսակ, որից բազմաթիվ անձինք վնասվածքներ են ստացել, խոսքը վերաբերում է "Զարյա" տեսակի զենքին: Համեմատելու և իշխանությունների անփոփոխ գործելաոճը ապացուցելու նպատակով, պաշտպանական կողմը ներկայացրեց նաև 2004 թ.ապրիլի 12-ի իրադարձություններին վերաբերող կադրեր: Երկու դեպքում էլ կիրառվել է "Զարյա" անունով հատուկ միջոց: Երկու դեպքում էլ եղել են վիրավորներ: Ցույց տվեցինք այդ վնասվածքների կադրերը: Դրանք նույնական էին: Բացի դրանից, գործադրվել է զենքի տեսակ, որի արդյունքում մարդիկ են մահացել: Մենք հիմնավորեցինք, որ մարդկանց հասցրած վնասվածքները հատուկ միջոցների կիրառման արդյունք է: Մեղադրանքում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում 10 մարդ զոհվել է և բազմաթիվ անձինք՝ զինվորականներ ու քաղաքացիներ, վնասվածքներ են ստացել: Այսինքն, եթե իրավական գնահատական տրվի այս ամեն ինչին, պետք է բազմաթիվ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն:
Եթե ասենք շաբաթ օրը դատարանը դատավճիռը հրապարակի և Նիկոլ Փաշինյանը դատապարտվի համաներման կիրառմամբ, դատավճիռն օրինական ուժ ստանալու դեպքում, նա կարո՞ղ է մասնակցել հունվարի 10-ի ընտրություններին:
Դատավճիռը օրինական ուժ կստանա վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտից հետո միայն: Նկոլ Փաշինյանը կարող է մասնակցել ընտրություններին և այդ առումով որևէ խոչընդոտ չի կարող լինել:
Դատապարտվելու դեպքում, քանի որ նա դեռևս թեկնածու է, ընտրություններին մասնակցելու համաձայնություն պետք է տա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ արդեն պատգամավոր ընտրվելու դեպքում՝ Ազգային ժողովը:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից:
Մենք կարծում ենք, որ դատարանը հնարավորություն չունի արդար դատավճիռ կայացնելու և այդ առումով ակնկալիքներ չունենք դատարանից:
Ինչպիսի՞ ինքնազգացողություն ունի Նիկոլը վաղվա դատական նիստից առաջ:
Ինքը շատ ձիգ է, շատ հանգիստ: Ես հիացած եմ նրա պահվածքով: Մեղադրական կողմի հանդես գալուց հետո նա բոլորովին չէր ընկճվել և բոլորին հանգստացնում էր: Նա ընդհանրապես շատ հանգիստ ու հավասարակշիռ վիճակում է:
Հարցազրույցը վարեց ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
