ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնությունների են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ ծեծի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը եւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը։ Կոտրվել է հարձակման ենթարկվածներից մեկի՝ Նիկոլ փաշինյանի վստահված անձՊետրոս Մակեյանի քիթը։ Բոլոր 3 տուժողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի 1-ին հիվանդանոց։
«Ոստիկանությունը դուրս եկավ եւ փոխանակ սափրագլուխներին զսպի, բռնում էր մեր ձեռքերը, որ նրանք խփեն», - «Ազատություն» ռադիոկայանին պատմել է Պետրոս Մակեյանը։
Վերջինիս պատմելով հարձակվողները նախ կուտակվել են ընտրատեղամասի մոտ, ինչի մասին Մակեյանը հայտնել է հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով, որպեսզի նա վերջիններիս հեռացնի տարածքից 50 մետր շառավղով' ինչպես պահանջում է ընտրական կարգը։ Սակայն ընտրատեղամաս ժամանած «ջիփավորները» Մակեյանի հասցեին անվայելուչ արտահայտություններ, հայհոյանքներ են տեղացել, հարձակվել են նրանց վրա, ինչի արդյունքում երեքն էլ ստացել են վնասվածքներ
Պետրոս Մակեյանի պատմածը հաստատել է նաև հիշյալ ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Վանյանը, ով հասցրել է հեռախոսով իրենց շտաբին փոխանցել Փաշինյանի ներկայացուցիչներին ծեծի ենթարկողների ավտոմեքենայի պետհամարանիշները։
:Միջադեպի առնչությամբ նույն օրը հաղորդագրություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը, որտեղ ներկայացված է տեղի ունեցածի ճիշտ հակառակ պատկերը. «Վիճաբանության ընթացքում Պետրոս եւ Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանին և մարմնի տարբեր մասերում պատճառել սալջարդեր»:
Ոստիկանության նույն այդ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Երեւանի թիվ 1 հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար դիմած Սուրեն Մարտիրոսյանի, Պետրոս Մակեյանի եւ Կարեն Մակեյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գործի առնչությամբ հետաքննությունը վարում է ոստիկանության Մարաշի բաժանմունքը:
