Ընտրախախտումներն աղաղակող բնույթ են կրել

Ավարտվել է թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրության արդյունքների հաշվարկը. նախնական տվյալով, Հայաստանի ԿԸՀ հրապարակել է ընտրության արդյունքները, ըստ որի Նիկոլ Փաշինյանը ստացել է 5023 քվե, Դավիթ Հակոբյանը' 299, եւ Արա Սիմոնյանը' 7622: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 13 380, անվավեր է ճանաչվել 438 քվեաթերթիկ։

Քվեարկության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի շտաբը ահազանգում էր խախտումների մասին: Արտառոց իրավիճակ է ստեղծվել թիվ 10/19 ընտրատեղամասում։ Ընտրատեղամասի դուռը փակել են եւ ընտրողներին թույլ չեն տվել ներս մտնել: Ընտրությունների ընթացքին հետևող 2 դիտորդներ նկատել են, որ ընտրություններին մասնակցած անձանց' իրենց արձանագրած թիվը 100-ով տարբերվում է հանձնաժողովի անդամների արձանագրած թվից:Սրան հետևել է այն, որ դիտորդներին, Դավիթ Հակոբյանի վստահված անձին ու լրագրող Հայկ Գեւորգյանին հարվածելով ու քաշքշելով դուրս են հանել ընտատեղամասից:Դրանից հետո ընտրատեղամասը տևական ժամանակ փակ է եղել։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ տեղի ունեցած ընտրախախտումները որոշ տեղամասերում  ուղղակի աղաղակող բնույթ են կրել, ինչ վերաբերում է 10/19 տեղամասին՝ «այն ուղղակի փակվել է, գողացվել է ընտրացուցակը, մատյանը, որտեղ գրառումներ են կատարվում, տեւական ժամանակ ուղղակի ընտրատեղամասը փակված է եղել, մեր տեղեկություններով' շուրջ 40-50 րոպե եւ միգուցե մեկ ժամ, որոշ ընտրական փաստաթղթեր' անհետացած»:

Ընտրատեղամաս են եկել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ, որոնց սկզբում չեն ցանկացել ներս թողնել, այնուհետեւ հաջողվել է մուտք գործել տեղամաս:

Հարցին' կարո՞ղ են արդյոք ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ նշանակելու հիմք հանդիսանալ խախտումները, որոնց մասին ահազանգեր էին ստացվում Նիկոլ Փաշինյանի շտաբից, ինչպես նաեւ լրագրողների կողմից, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը պատասխանելկ է.

«Մինչեւ այս պահը այնպիսի խախտում, որը ազդի ընտրության արդյունքի վրա, հայտնի չէ, բայց ունենք տեղամաս, որը փակված է եղել ինչ-որ ժամանակահատված. վիճել են իրար հետ թե հանձնաժողովի անդամներ, թե դիտորդներ, վստահված անձինք' մեզ դեռ պարզ չէ, չնայած այցելել եմ հենց այդ տեղամաս, բայց միեւնույն է' հստակ չէր, թե ինչ է տեղի ունեցել, բայց տեղամասը փակվել էր»:

Թեկնածուները կարող են վերահաշվարկի պահանջով իրենց դիմում-բողոքները հանձնաժողով ներկայացնել երկուշաբթի կեսօրից հետո մինչեւ ժամը 14:00-ը:

Արա Սիմոնյանի նախընտրական շտաբը ընտրախախտումների վերաբերյալ  որեւէ ահազանգի մասին չի բարձրաձայնել:

Պատգամավորի մյուս թեկնածու Դավիթ Հակոբյանը հայտարարել է

«Ես պահանջում եմ նոր Սահմանադրություն եւ սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, իսկ այս ընտրությունները ճանաչել անվավեր' պարտադիր ճանաչել անվավեր, ազգի խայտառակություն»։

Ժաննա Ալեքսանյան