ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության կազմը չի հաստատվել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգային հանձնաժողովը այսօր, երևանյան ժամանակով' 11:30-ին կանդրադառնա հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցին:
Երեկ մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը հաստատել է ազգային բոլոր պատվիրակությունների լիազորությունները' բացի ալբանական ու հայկական պատվիրակություններից: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում վեհաժողովականները հայտարարել են, որ Ալբանիայի պատվիրակությունը «եվրոպական արժեքներին չի համապատասխանում», իսկ Հայաստանի դեպքում «խորհրդարանը պատվիարկությունը կազմելիս մանիպուլյացիաների է դիմել»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայկական պատվիրակության կազմը չհաստատելու մասին հարց էր բարձրացրել իր' Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խմբում, որի անդամներն էլ այդ հարցը բարձրացրել էին լիագումար նիստի ընթացքում: Արդյունքում հայկական պատվիրակության կազմը չէր հաստատվել:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով, ՀՀ Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը համապատասխան հարց է բարձրացրել իր խմբում' Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP), որն էլ իր հերթին հարցը հնչեցրել է Վեհաժողովի նիստի ժամանակ:
«Արդյունքում մեր լիազորությունները չեն վերահաստատվել»,- ասել է Դավիթ Հարությունյանը' ընդգծելով, որ դա ամենևին էլ չի նշանակում լիազորությունների մերժում,- «Եթե Կանոնակարգի հանձնաժողովը հանգի եզրակացության, որ կանոնակարգը պահպանված է, ապա հայաստանյան պատվիրակության լիազորությունները մեխանիկորեն կհաստատվեն, իսկ եթե' ոչ, ապա հինգշաբթի օրը, երկրորդ կեսին Վեհաժողովի նիստում դեբատներ կլինեն»։
Միայն հինգշաբթի օրը պարզ կդառնա հայկական պատվիրակության կազմավորման ժամանակ խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ «Այս պահին մեր լիազորությունները հաստատված չեն, առկախված են», ասել է հայկական պատվիրակության ղեկավարը։
