ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունը փրկեց Էրիկ Պողոսյանին»

Ոստիկանությունը երեկ կարճել է Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թևի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝«ապացույցների անբավարարության հիմքով»:Կարճվել են նաև նույն գործով անցնող Սահակ Մուրադյանի և Հերբերտ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը։
Տիգրան Առաքելյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործի կարճման համար մեծ նշանակություն է ունեցել մեր հրապարակումները, որով բացահայտվել է, այսպես կոչված «տուժված» ոստիկան, Կենտրոն ոստիկանության օպեր լիազոր էրիկ Պողոսյանի իրական դեմքը, ով գլխավոր քննչական վարչության վարույթում գտնվող մեկ այլ գործով՝ խոշտանգումների էր ենթարկել 18 ամյա Շ.Դ-ին և նրա քրոջը։ Ինչպես օրերս պարզվեց, սույն ոստիկանը իր սանձարձակ պահվածքով մեծ դերակատարում է ունեցել նաև աղջիկների հորը՝ Սաշա Դավթյանին Կենտրոնի ոստիկանությունում խոշտանգելու գործում։
«Ոստկանությունն այլ ելք չուներ, քան գործը կարճելը։ Ոստիկանությունն ուղղակի փրկեց Էրիկ Պողոսյանին,-մեզ հետ զրույցում ընդգծեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը,- Եթե նրանք այս վտանգը չզգային, հնարավոր է, որ մյուս քաղաքական գործերի նման սա էլ շարունակություն ունենար։ Ես համոզված եմ, որ Էրիկ Պողոսյանի բացահայտելը ուղղակի ներգործություն ունեցավ գործի նման ելքի համար»:
Հիշեցնենք, որ 28 ամյա Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր անցած տարի հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, երբ երիտասարդ ակտիվիստները հանրահավաքը իրազեկող թռուցիկներ էին բաժանում։ Երիտասարդներն ահազանգել էին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի և բռնության են ենթարկվել, ինչի արդյունքում երեքն էլ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Միջադեպից հետո Տիգրան Առաքելյանը ձերբակալվեց և նրան մեղադրանք առաջադրվեց մի քանի հոդվածներով՝ «Խուլիգանություն» և «Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը», հետագայում մեղադրանքը ծանրացվեց՝ հավելեցին նաև նույն հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է մինչև 10 տարի ազատազրկում։ Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց միայն հոկտեմբերին՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի ախտորոշումը։
Թե Տիգրան Առաքելյանը և թե նրա ընկերները պատմել էին միջադեպի հետ կապված մանրամասները։ որ իրենց վրա հանկարծակի հարձակվել են 10-15 անձինք' քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու եւ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, փորձել են խլել բարձրախոսն ու թռուցիկները եւ տեսնելով, որ չի հաջողվում, սկսել են հայհոյել ու զենքերի կոթերով հարվածել:
Չնայած դեպքի մանրամասներն ու իրողությունը հանրությանը հայտնի էին, ոստիկանությունը տարածեց հաղորդագրության, որ իբր երիտասարդներն են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել են, երբ ոստիկանները վկայականները ցույց են տվել ու փորձել հարթել շուրջ 6 տասնյակ մարդկանց վիճաբանությունը, արդյունքում' ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
«Էրիկ Պողոսյանը մարտի 1»-ի տարբեր գործերով դատարաններում որպես վկա կամ տուժող ցուցմունքներ էր տալիս: Հայտնի է նաև «7-ի գործով» տված իր ցուցմունքներով։ Նա միշտ ամեն տեղ ներկա է եղել, հիմա էլ այստեղ է ներկա, իբր ծեծի է ենթարկվել, մարմնական վնասվածք ունի' ակնհայտ սուտ ցուցմունքներ են տրված», նշում է փաստաբանը։
Օպեր լիազոր Էրիկ Պողոսյանին սատարող հայտարարություններով հանդես եկան նաև ոստիկանական վերնախավի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում նաև, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խստորեն դատապարտելով «ոստիկանների նկատմամբ կատարված բռնությունները»՝ավելի հեռուն գնաց՝ նկարագրելով ոստիկանին ծեծի ենթարկելու տեսարանը.
«Ո՞նց կարելի է մարդուն վնասվածքներ հասցնել, հետո նկարներից հանել այն կադրերը, որտեղ կա, թե ինչպես են ոստիկանին գցել բորդյուրին ու գլխին ոտքով խփում են», - ասել էր կենտրոնի ոստիկանապետը՝ սպառնալով, թե «Նրանք պետք է պատասխան տան»։
Սակայն, ինչպես պարզվեց երեկ ոստիկաններն ասելիք չունեին. «ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որ կփաստեին, որ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաեւ նույն գործով անցնող Սահակ Մուրադյանն ու Հերբերտ Գեւորգյանը դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին», սա էր ոստիկանության ասելիքը, որն ի սկզբանե հայտնի էր։
Վարդուհի Էլբակյանը հավելեց նաև, որ քրեական գործը «ապացույցների անբավարարության» հիմքով կարճելը իրեն չի գոհացնում։
«Գործը պետք է կարճվի հանցակազմի բացակայության հիմքով։ Քննիչի այս որոշումը փոխելու հայցով նախ դիմելու ենք վերադաս դատախազին, ապա՝ դատարան», նշեց փաստաբանը։
Ժաննա Ալեքսանյան
Հ.Գ. Ենթադրում ենք, որ Ոստիկանությունը համապատասխան հետևություններ կանի. Պարզվում է, միշտ չէ, որ ոստիկանի մունդիրը պահելը արդյունավետ է։ Ինչպես ժամանակին նշել էին ոստիկանական մեր աղբյուրները «Էրիկ Պողոսյանին արտոնյալ կարգավիճակում դնելը մի օր իրենց դեմ է աշխատելու»։
