ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Պետք է առանց հապաղելու իրականացնեն առաջարկված բարեփոխումները»
Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղի ուունեցած քննարկման մասին։ Արդյունքում Հայաստանի հարցով զեկուցողները Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն եզրակացրել են , որ «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հապաղելու իրականացնեն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները»։
«Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումներ, ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւերի հանձնարարականների հետ միասին, բարեխղճորեն իրականացվելու դեպքում թույլ կտան համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք հանգեցրեցին 2008 թվականի մարտի 1-2-իրադարձություններին», -համազեկուցողների այս հայտարարությունը ներկայացված է ԵԽԽՎ-ի կայքէջի տեղեկատվության մեջ։
Նրանք ընդգծել են, որ առանց հապաղումների պետք է իրականացվեն հատկապես այն առաջարկները, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության բարեփոխմանը՝ ներառյալ անկախ վերահսկող ու բողոքարկող մարմնի ստեղծմանը, և «Ընտրական օրենսգրքի» բարեփոխմանը։
Համազեկուցողները հայտարարել են նաև, որ նամակով դիմելու են Հայաստանի խորհրդարանին՝ մինչեւ մարտի 17-ին Փարիզում կայանալիք նիստը Մոնիտորինգի հանձնաժողովին նշված բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը տրամադրելու խնդրանքով:
«Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունենալիք քննարկումների հիման վրա, երբ գալիք գարնանը այցելենք Երեւան՝ կքննարկենք նշված բարեփոխումների իրականացման հստակ ճանապարհային քարտեզը», - հավելել են համազեկուցողները:
Ճանապարհային քարտեզից զատ, համազեկուցողները մտադիր են բարձրացնել նաեւ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցը, ինչպես նաեւ այլ հարցեր, որոնց վերաբերյալ համազեկուցողները պարզաբանումներ են խնդրել իշխանություններից։
Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացվել է նաև մամուլի ազատության խնդիրների վերաբերյալ զեկույց, որի համահեղինակներն են բրիտանացի խորհրդարանական Էնդրյու Մաքինթոշը եւ մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի հանձնակատար Միկլոշ Հարաշտին: Զեկույցի քննարկման արդյունքում Վեհաժողովը բանաձեւ է ընդունել' Եվրախորհրդի նախարարների կոմիտեին ուղղված հանձնարարականներով։
Զեկույցում նշված է, որ բռնությունները եւ բռնություն գործադրողների անպատժելիությունը անկախ մամուլի համար մեծ սպառնալիք է մնում ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի անդամ երկրների տարածքում:
«Սպանությունների եւ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեռ շատ գործեր մինչեւ հիմա բացահայտված չեն, չկան դատավճիռներ, եւ այս ամենը մեծացնում է վախի մթնոլորտը, որը լրջորեն սառեցնում է անկախ լրագրությունը», - ասված է զեկույցում:
«Լրագրողների դեմ բռնությունները կազմաքանդում են երկրների ժողովրդավարական հիմքերը», - հայտարարել է Միկլոշ Հարաշտին:
Զեկույցում եւ բանաձեւում Հայաստանին կատարված անդրադարձի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ, Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը իր տեսակետն է հայտնել։
«Բանաձեւում հստակ անդրադարձ կա «Ա1+»-ի վերաբերյալ այն մասին, որ թեպետ կա դատարանի որոշում, սակայն օրենսդրության փոփոխության պատճառով մինչ օրս այդ [լիցենզավորման] մրցույթները հնարավոր չէ անցկացնել: Զեկույցում հստակ անդրադարձ կա, թե, որ լրագրողներն են իրենց մասնագիտական գործունեության ժամանակ ենթարկվել բռնությունների 2007թ-ից ի վեր»:
«Ընդհանուր զեկույցը վերաբերում է բոլոր անդամ երկրներին: Բարեբախտաբար, մեր լրագրողները, որոնց ենթարկել են բռնությունների, կյանքից չեն զրկվել. այստեղ այլ պետությունների համեմատ մենք միգուցե ավելի շահեկան վիճակում ենք գտնվում: Բայց, միեւնույն է, ես կարող եմ ասել, որ Հայաստանը այստեղ «պատվավոր» տեղը եւ դերը ունի այդ զեկույցի եւ բանաձեւի նախագծի մեջ», - հավելեց Փոստանջյանը:
Նրա վկայությամբ' բանաձեւում կա նաեւ անդրադարձ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը եւ այն փաստին, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, թեպետեւ փոփոխվել է, սակայն մինչ օրս չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածին։
