«Հասարակական կազմակերպությունների մասին» նախագծի շուրջ

Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ Կարեն Խտրյանը մամուլում մեկնաբանություն է տվել «Հասարակական կազամակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի շուրջ։

Նրա պարզաբանմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են հ/կ-ների գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու  հանգամանքով, քանի որ նման պահանջները  սահմանված են նաև այլ զարգացած երկրների իրավական ակտերում։

Ըստ Խտրյանի՝ թափանցիկության պահանջը վերաբերում է ոչ  միայն հ/կ-ներին, այլև պետական մարմիններին և պաշտոնատար անձանց.«Այսօր թափանցիկության պահանջը դրված է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների առջև, հայտարարագրերը հրապարակվում են, հասարակությունն արդեն գիտի պաշտոնատար անձանց գույքային վիճակի մասին, կա պահանջ, որ պետական մամիններն ապահովեն իրենց գործունեության թափանցիկությունը , կառավարության նիստերն են մոնիտորի վրա ցուցադրվում»։

Վարչության պետի խոսքով՝ քննարկումներին եկել էին մարդիկ, ովքեր տեղյակ չէին նախագծից ու բողոքում էին մի շարք դրույթներից, իսկ երբ նախգիծը կարդում էին համոզվում էին, որ նման բան իրականում չկա։

«Ի սկզբանե կանխակալ կարծիք էր ձևավորվել, կարծես որոշ հ/կ-ների  ներկայացուցիչներ հատուկ եկել էին, որ շոու սարքեն ու քննադատեն»,- ասել է նա իր մեկնաբանության մեջ՝ նշելով, որ իրենք չեն գործել գաղտնի, կաբինետային պայմաններում և օրինագիծն էլ  պահանջվող հաշվետվությունում որևէ սխալ հայտնաբերելու դեպքում  դատական կարգով Հ/կ-ների գործունեությունը դադարեցնելու հնարավորություն չի նախատեսում։

«Եթե նման բան լիներ, միջազգային փորձագետները կասեին՝ այ ընկեր, այս ինչե՞ր եք գրել։ Հ/Կ-ների այս մոտեցումը ես չեմ հասկանում, կարծում եմ՝ ուղղակի ցանկանում են դրանով քաղաքական դիվեդենտներ շահել»,-ասել է Խտրյանը։

Օրինագիծն ուղարկվել է  միջազգային փորձաքննության, ստացվել են նաև փոռձաքննության պատասխանները, հիմա այն լրամշակման փուլում է։Փետրվարի առաջին տասնօրյակում լրամշակումը կավարտվի և այն կուղարկվի Ազգային ժողով։