ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքներին նվիրված համաժողով Հայաստանում
Ապրիլի 6-8-ը Հայաստանի իրականության մեջ առաջին անգամ տեղի կունենա մարդու իրավունքներին նվիրված «Արդարադատություն, Նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ (նստավայրը Փարիզ)։ Առաջիկայում սպասվող համաժողովին մասնակցելու են ավելի քան 100 երկրներից ժամանող պատվիրակներ, ինչպես նաև եվրոպական կառույցները ներկայացնող ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս օրերին Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը՝ նախագահ Սուեր Բելասենի գլխավորությամբ, ովքեր հանդիպումներ են ունենում հայաստանյան մի շարք պաշտոնատար անձանց հետ։
Ո՞րն է համաժողովի գլխավոր նպատակը և ինչո՞ւ է որպես անցկացման վայր ընտրվել Հայաստանը։
Համաժողովի գլխավոր թեման արդարադատությունն է և դրան առնչվող խնդիրները, ինչև մեր հիմնական գործառույթն է։ Կհնչեն նաև արդարադատության իրականացմանը միտված տարբեր եղանակներ, կքննարկվեն արդար դատավարության իրավունքին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային դատարաններին հասելու ուղիներ։ Հանձնաժողովը կմիավորի ավելի քան 300 ազդեցիկ մասնակիցների՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ, խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած իրանցի փաստաբան Շերի Էդաբին և այլք աշխարհի տարբեր երկրներից։
Կոնգրեսն անցկացվելու է մարդու իրավունքների հարցերով 37-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: Ի դեպ, առաջին անգամ է այն կազմակերպվում ԽՍՀՄ նախկին երկրներում և արևելյան Եվրոպայի պետություններից մեկում:
Ինչո՞ւ է հենց Հայաստանը ընտրվել: Հայաստանը խորհդանշական առումով շատ կարևոր է մարդու իրավունքների տեսանկյունից: Հայաստանում է տեղակայված մարդու իրավունքներով զբաղվող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունը, որը, ճիշտ է, ֆեդերացիայի երիտասարդ անդամներից է, բայց ակտիվ գործունեություն է ծավալում, ինչն էլ մեզ հավատ է ներշնչում, որ ֆորումը բավականին արդյունավետ կլինի:
Այս ամենից զատ, Հայաստանը մեզ համար առանձնահատուկ է նրանով, որ գտնվում է դեռևս փակ սահմաններից այս կողմ: 2008 թ-ի օգոստոսին էլ պարզ դարձավ, որ Վրաստանի հետ ունեցած բաց սահմանն անգամ կարող է չօգնել Հայաստանին: Կարծում ենք' միջազգային այս համաժողովը կարող է օգտակար լինել Հայաստան պետության համար: Բացի այդ, այսօր Հայաստանում աշխարհաքաղաքական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Գերտերությունները տարածաշրջանում իրենց շահերն ունեն, և այդ առումով քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կարիք ունի բարձրաձայնել մարդու իրավունքների մասին:
Ի՞նչ է Ձեզ հայտնի Հայաստանում մարդու իրավունքների մասին:
-Ես առաջին անգամ Հայաստան այցելեցի անցած հունիսին՝ համաժողովին նախապատրաստվելու հարցերով: Հանդիպել ենք երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, արտաքին գործերի ու արդարադատության նախարարների հետ: Ամենուր մենք խոսում էինք մարդու իրավունքների մասին: Բայց ամենակարևոր հանդիպումը, իմ կարծիքով, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն էր: Նրանց հետ միասին մենք փորձում էինք վեր հանել այս ոլորտում առկա խնդիրները: Եվ կարելի է ասել, որ արդարադատության իրականացումը Հայաստանում շարունակում է մնալ որպես հիմնական խնդիր: Կարծում եմ, մենք՝ մեր ներկայությամբ օգնում ենք Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, քանի որ այս առումով Հայաստանի իշխանությունները դեռ անելիքներ ունեն, իսկ մենք հնարավորություն ունենք լսելու և խոսելու երկրի ղեկավարության հետ: Եվ չնայած մեր բազում խնդրանքներին՝ անձամբ հանդիպելու երկրի նախագահի հետ, չեմ կարծում, թե դա մեզ կհաջողի։ Այդուհանդերձ, համաժաղովի բացմանը մասնակցելու հրավեր մենք ուղարկել ենք նրան։ Հուսով ենք Սերժ Սարգսյանը կընդունի այն, և նրա մասնակցությունը բաց երկխոսության նշան կլինի երկրի իշխանությունների կողմից։ Այնպես, որ մենք Ձեր նախագահից դրական պատասխան ենք ակնկալում։
Որո՞նք են Ձեր կողմից մատնանշված խնդիրների լուծման ուղիները։
Արդարադատության իրականացման հետ կապված խնդիրներ կան բոլոր այն երկրներում, որտեղ մենք աշխատում ենք: Մենք շեշտելու ենք անպատժելիության դեմ պայքարի տարբեր ձևերը: Օրինակ' երբ հունիսին դարձյալ այստեղ էինք, մեզ խիստ անհանգստացնում էր ազատազրկված իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի գործը: Այդ մասին ես բարձրաձայնել եմ Հայաստանում իրավասու տարբեր ատյաններում, սկսած' երկրի նախագահից մինչև իշխանության բոլոր ճյուղերը:
Մեր, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի համառ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ նրա ազատ արձակումը: Ու հասկանում եմ, որ եթե նման ձևով աշխատանք տարվի մյուս բոլոր դեպքերի մասով, հնարավոր կլինի հասնել դրական արդյունքների: Մեզ համար առաջին տեղում արդարադատություն իրականացնող դատարանն է: Երկրորդ' մարդու իրավունքները հակատեռորիստական գործողությունների շրջանակներում:
Ե'վ Հայաստանում, և' մյուս երկրներում թիվ մեկ պրոբլեմը, որի դեմ մենք պայքարում ենք, անպատժելիությունն է: Բացի այդ, մեզ համար կարևոր խնդիր է, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին արդար վերաբերմունքի արժանանալ դատարանի կողմից: Եվ վերջապես՝ արդար դատարանը մեր վերջնական նպատակն է, ինչը ներառում է ամեն բաղադրիչ' փաստաբանական ծառայություն, վճիռ, կողմերի հավասարության ապահովում և այլն:
Մարտի 1-ից հետո իրավիճակը Հայաստանում՝ կապված հանրահավաքների ազատ անցկացման խոչընդոտների ու մարդկանց ազատազրկման դեպքերի հետ, իհարկե, անհանգստացնող է։ Պետք է ձգտել վերականգնել ազատ արտահայտմանն ուղղված այն իրավիճակը, որ եղել է մինչև մարտի 1-ը, և վիճակն անհամեմատ կբարելավվի այդ առումով։
Մենք դարձյալ պիտի անդրադառնանք մարտի 1-ի դեպքերին։ Այս դեպքում նույնպես գործ ունենք արդարադատության չիրագործման հետ։ Զոհվել է տասը մարդ, սակայն բոլորին է հայտնի, որ նրանց սպանության գործով ոչ ոք ձերբակալված չէ: Մենք կխոսենք նաև մարտի 1-ի դեպքերի հետևանքով ազատազրկված այն տասը մարդկանց ճակատագրերի մասին, ովքեր չեն կատարել ծանր հանցագործություններ. սակայն այս պահին ազատազրկված են՝ նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է, ով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Մոտ երկու ամիս հետո կմեկնարկի միջազգային համաժողովը, և Հայաստանի իշխանությունների շահերից է բխում կատարել ցանկացած դրական փոփոխություն արդարադատության համակարգում: Համաժողովին նախապատրաստվելով' մենք, բնականաբար, հետևում ենք արդարադատության վիճակին Հայաստանում և քննարկում դրա վրա ներազդելու տարբեր մեխանիզմներ:
Այս անգամ ևս մենք ամենաբարձր մակարդակներում պիտի ներկայացնենք մեր մտահոգություններն այն դեպքերի առթիվ, որոնք ներկայացվել են մեր ուշադրությանը, դրանցից որոշները նոր չեն, ինչպես, օրինակ, Գուլյանի գործը, որի վրա մենք աշխատում ենք ամիսներ շարունակ: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է նաև Սաշա Դավթյանի գործը, որի մասին մենք կխոսելու ենք մերև այստեղ գտնվելու օրերին տարբեր հանդիպումների ժամանակ:
Դուք հիշատակեցիք իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի անունը, ում դուք հանդիպել եք Ձեր նախորդ այցի ժամանակ, երբ նա ազատազրկված էր։ Հիմա ճիշտ է նա ազատության մեջ է, սակայն քրեական գործը դեռ ընթացքի մեջ է։ Ձեր հանդիպումների ժամանակ խոսելու եք Հակոբյանի գործի մասին։
Իհարկե։ Մենք հետևում ենք այդ գործին և հետևողական ենք լինելու գործի օբյեկտիվ և արդարացի լուծմանը հասնելու համար։ Նախորդ այցիս ժամանակ հանդիպել եմ նրան բանտում: Ցանկացած հարց, որը վերաբերում է արդարադատության խնդիրներին, անշուշտ, պիտի բարձրաձայնվի, ինչը և մեր կազմակերպությունն անում է:
Կոնգրեսը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ: Համաժողովում անդրադարձ կլինի այդ հարցի հետ կապված։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանող իրավապաշտպանները բարձրանալու են Ծիծեռնակաբերդի բարձունք' հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերին: Սա նույնպես խորհրդանշական է այն առումով, որ մեր գործունեությունը միտված է մարդու նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն բացառելու։ Ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում կատարված ամենասարսափելի հանցանքներից մեկն է։
Հարցազրույցը՝ Ժաննա Ալեքսանյանի
