Ի՞նչ է կատարվել «ՍԻԼ կոնցեռնում»

Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել են տեղեկանք, որտեղ մանրամասն ներկայացված է փետրվարի 12-ին «ՍԻԼ կոնցեռնում» տեղի ունեցածը։ Տեղեկանքը ներկայացնում ենք ստորև․

«2010թ. փետրվարի 12-ին ժամը 16-ի սահմաններում Սիլ Կոնցեռն ՓԲԸ գրասենյակ են ներխուժել շուրջ 60 ոստիկաններ, որոնց մի մասը եղել են քաղաքացիական հագուստներով, մի մասը` ոստիկանական, ինչպես նաև` առանց տարբերանշանների մոխրագույն քողարկող համազգեստներով, ինչպիսին սովորաբար կրում են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները:

Ներխուժումն ուղեկցվել է ոչնչով չարդարացված գույքի ջարդերով: Մասնավորապես երբ ընդհանուր մուտքից գրասենյակ ներխուծ ոստիկաններին տեսնելով, նրանց ընդառաջ դուրս եկած Սարիբեկ Սուքիասյանը նրանց անգամ իր աշխատասենյակ է հրավիրել, գրասենյակի մյուս մուտքից ներխուժած ոստիկանները, անտեսելով թե Ս.Սուքիասյանի առաջարկը բաց մուտքից մտնել գրասենյակ, թե արդեն գրասենյակում գտնվող իրենց կոլեգաների հորդորները` չկոտրել դռները, քանի որ ներսում արդեն ոստիկաններ կան, այնուամենայնիվ կոտրել են դռներն ու կոտրած դռների միջով մտել գրասենյակ:

Ժամը 16.15-ից մինչև 16.20-ը ընկած ժամանակահատվածում Սարիբեկ Սուքիասյանը` Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 60/3 շենքում գտնվող իր աշխատասենյակից ու ՙԱյրարատ՚ տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանը` Տիգրան Մեծի պողոտայի 1-ին նրբանցքի 62 շենքում գտնվող ՙՍիլ Կոնցեռն՚ ՓԲԸ-ի գրասենյակից, բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Սակայն ոստիկանությունում կազմվել են 'անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու' մասին արձանագրություններ, որոնց համաձայն Ս.Սուքիասյանն ու Ա.Ստեփանյանը իբր բերման են ենթարկվել համապատասխանաբար ժամը 18.15-ին և 18.45-ին:

Ժամը 16.30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի մուտքի մոտ կանգնած են եղել Ս.Սուքիասյանի և Ա.Ստեփանյանի փաստաբանները, որոնց մինչ ժամը 20.20 րոպե արգելվել է մուտք գործել բաժին և տեսակցել Ս.Սուքիասյանին ու Ա.Ստեփանյանին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ՙՀանցանք կատարելու մեջ կաuկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կաuկածյալին ձերբակալելու մաuին արձանագրություն, որի պատճենը uտորագրությամբ տրվում է ձերբակալված անձին՚: Հակառակ պարագայում անձն անհապաղ պետք է ազատ արձակվի:

Օրենքի պահանջները կատարելու փոխարեն ոստիկանության աշխատակիցները ապօրինաբար շարունակել են անազատության մեջ պահել Ս.Սուքիասյանին և Ա.Ստեփանյանին, ինչպես նրանց փաստացի բերման ենթարկելու պահից 3 ժամը լրանալուց հետո, այնպես էլ անգամ բերման ենթարկելու արձանագրություններում նշված, իրականությանը չհամապատասխանող ժամերից հաշված 3 ժամը լրանալուց հետո:

Ավելին, Ս.Սուքիասյանն ու Ա.Ստեփանյանը շարունակել են ապօրինի անազատության մեջ պահվել անգամ այն բանից հետո, երբ ժամը 22-ի սահմաններում հրաժարվելով բացատրություններ տալ, ոստիկանության քննիչի ներկայացրած բացատրություն վերցնելու մասին արձանագրության մեջ զետեղել են իրենց ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին հայտարարությունն ու անհապաղ ազատ արձակելու պահանջը:

Հաջորդ օրը` փետրվարի 13-ին համապատասխանաբար ժամը 01.40-ին և 02.05-ին ոստիկանության քննիչի կողմից կազմվել են Ս.Սուքիասյանին և Ա.Ստեփանյանին` սպանության սպառնալիք կատարելու և ապօրինաբար զենք, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալելու մասին արձանագրությունները:

Այսինքն ոստիկանության բաժին բերման ենթարկված Ս.Սուքիասյանն ու Ա.Ստեփանյանը ժամեր շարունակ պահվել են ազատությունից ապօրինի զրկված վիճակում. Ա.Ստեփանյանը` առնվազն 6 ժամ 20 րոպե, Ս.Սուքիասյանը` առնվազն 6 ժամ 45 րոպե:

Ս.Սուքիասյանին ձերբակալելու մասին արձանագրությունը կազմելիս, վարույթն իրականացնող մարմինը տեղեկացված է եղել, որ այդ պահին Ս.Սուքիասյանը տառապում է թոքաբորբով և սրտի ձախ պատի լայնացում ունի, ուստի կարիք ունի մասնագիտական բուժման: Վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է նաև նշված ախտորոշումները հիմնավորող բժշկական փաստաթուղթը: Չնայած այս հանգամանքին ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո վարույթն իրականացնող մարմինը Ս.Սուքիասյանին տեղափոխել է ոչ թե ՀՀ ԱՆ ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկ, այլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. ՙՁերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի՚: Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ՙՁերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե`

1) չի հաuտատվել անձի կողմից քրեական oրենքով չթույլատրված արարք կատարելու մաuին կաuկածը.

2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը.

3) լրացել է ձերբակալման` uույն oրենuգրքով uահմանված առավելագույն ժամկետը, եւ դատարանը մեղադրյալին կալանավորելու մաuին որոշում չի կայացրել՚:

Սարիբեկ Սուքիասյանն ու Արտաշես Ստեփանյանը անազատության մեջ են պահվել մինչև 2010թ. փետրվարի 15-ը, երբ միայն ժամը 18.30-ի սահմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրանց արգելանքից ազատելու մասին և նրանք ազատ են արձակվել:

Այսինքն ձերբակալման համար օրենքով սահմանված 72 ժամը լրանալուց հետո էլ շուրջ 2 ժամ նրանք պահվել են ապօրինի անազատության մեջ:

2010թ. փետրվարի 13-ին խուզարկություն է իրականացվել ՙՍիլ Կոնցեռն՚ ՓԲԸ-ի գրասենյակում: Գրասենյակ ժամանած քննիչը ներկայացրել է խուզարկություն կատարելու թույլատրելու մասին դատարանի որոշումը, որից պարզվել է, որ դատարանը թույլտվություն է տվել խուզարկելու ոչ թե Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 60/3 շենքում գտնվող ՙՍիլ Կոնցեռն՚ ՓԲԸ-ի գրասենյակում, այլ բոլորովին այլ հասցեում` Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 62 շենքում գտնվող գրասենյակում: Ամեն գնով խուզարկություն կատարելու մղումով քննիչը դիմել է ապօրինության` իր ձեռքով ջնջում է կատարել դատարանի որոշման ներածական մասում` ՙՄ.Խորենացու՚ փոխարեն ձեռագիր գրել է ՙՏ.Մեծ՚ և ստորագրել, ապա իրականացրել է ապօրինի խուզարկությունը, հարկ չհամարելով անգամ ապօրինի ուղղում կատարել նաև դատարանի որոշման նկարագրական և եզրափակիչ մասերում:

Խուզարկությամբ քննիչի կողմից առգրավվել է համակարգիչը, չնայած այն հանգամանքին, որ խուզարկության ընթացքում Ս.Սուքիասյանի պաշտպանը հայտարարել է, որ այդ համակարգչում է գտնվում փաստաբանների կողմից Ս.Սուքիասյանի գործի վերաբերյալ պատրաստված փաստաթուղթ, որը հանդիսանում է փաստաբանական գաղտնիք և լրամշակվելուց հետո պետք է տրամադրվի լրատվամիջոցներին: Պաշտպանին նույնիսկ թույլ չի տրվել պատճենահանել համակարգչում գտնվող այդ ինֆորմացիան և առգրավվել է նաև այդ նյութի միակ տպագրված օրինակը: Արդյունքում ոչ միայն խախտվել է փաստաբանական գաղտնիքը, այլ կատարվածի արդյունքում Ս.Սուքիասյանի պաշտպանները զրկվել են նաև լրատվամիջոցներին շտապ կարգով տեղեկություններ տրամադրելու հնարավորությունից:

2010թ. փետրվարի 13-ին Արտաշես Ստեփանյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում կազմված արձանագրության համաձայն, բնակարանում հայտնաբերվել է 7 հատ փամփուշտ: Խուզարկությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի էական խախտումներով, մասնավորապես խուզարկությունն իրականացվել է շուրջ 6-7 ոստիկանների կողմից, որոնցից միայն չորսի մասին է նշված խուզարկության արձանագրությունում, բացի այդ խուզարկության ժամանակ ներկա են եղել նաև շուրջ 5 անհայտ քաղաքացիներ: Բացի այդ մինչ օրս անհասկանալի է, թե ինչպես են խուզարկությունն իրականացրած ոստիկանները հայտնաբերել այդ փամփուշտները, քանի որ ոչ խուզարկությանը մասնակցած Ա.Ստեփանյանի մայրը, ոչ որպես ընթերականեր հրավիրված անձինք չեն նկատել փամփուշտների հայտնաբերման պահը, այլ դրանք տեսել են միայն ոստիկաններից մեկի ձեռքում:

2010թ. փետրվարի 19-ին ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (նախնական համաձայնությամբ խմբի կազմում, շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելը), Արտաշես Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինաբար ռազմամթերք պահելը):

Համաձայն որպես մեղադրյալ ներգրավելու որոշման իբր Ս.Սուքիասյանի կանչով Սիլ Կոնցեռն ՓԲԸ գրասենյակ է հրավիրվել Գոռ Դավթյանը: Ս.Սուքիասյանն ու Ա.Ստեփանյանը Բյուրեղ ՍՊԸ-ի բաժնետոմսերը Ս.Սուքիասյանի կողմից ամեն կերպ ձեռք բերելու մղումով, ՙհոգեկան բռնություն՚ կիրառելով` Գ.Դավթյանից պահանջել են ստորագրել փաստաթղթեր: Դրանից հետո հսկողության ներքո, Գ.Դավթյանի կամքին հակառակ նրան ապօրինի պահել են անազատության մեջ:

Իրականում Սիլ հանքային ջուրն արտադրող Բյուրեղ ՍՊԸ-ի բաժնետոմսերը Գ.Դավթյանը Ս.Սուքիասյանի կնոջն է վաճառել դեռևս 2008թ.: Հետագայում առ ու վաճառքի գործարքը դատարանի վճռով անվավեր ճանաչվելուց հետո Գ.Դավթյանը համապատասխան նախնական պայմանագրով կրկին համաձայնություն է հայտնել բաժնետոմսերը փոխանցել Ս.Սուքիասյանի կնոջը: Իսկ 2010թ. փետրվարի 12-ին Գ.Դավթյանն ինքն է փաստաբանի միջոցով խնդրել Ս.Սուքիասյանին հանդիպել իր հետ, ասելով, որ օգնության կարիք ունի, քանի որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը իրեն ստիպում է, որ բաժնետոմսերի վաճառքից հրաժարվի և դրանք իրեն վաճառի: Իսկ Սիլ Կոնցեռն ՓԲԸ-ի գրասենյակում փաստաբանների ներկայությամբ Գ.Դավթյանի և Ս.Սուքիասյանի զրույցի արդյունքում Գ Դավթյանը որոշել է նամակ գրել Ռ.Հայրապետյանին, որը փաստաբանների կողմից պատրաստվելուց հետո ստորագրել է:

Իսկ այն հանգամանքը, թե գրասենյակում գտնվելու ընթացքում Գ.Դավթյանն իբր անազատության մեջ գտնվելու մասին կարճ հաղորդագրություններ է ուղարկել, միայն հիմնավորում է այն, որ վերջինս ազատ է եղել և որևէ ՙհոգեկան բռնության՚ չի ենթարկվել: Բացի այդ հիմնավորում է նաև այն, որ Գ.Դավթյանը իրականում ճնշումների է ենթարկվել բոլորովին այլ անձանց կողմից և այդ ճնշումների հետևանքով է որ հանդիպում է խնդրել Ս.Սուքիասյանի հետ, ապա կեղծ հաղորդագրություններ ուղարկել կարծեցյալ սպառնալիքների և անազատության մեջ գտնվելու մասին»: