ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ում զոհն է դառնում գործազուրկը
Խորհրդային շրջանից ձևավորված ինժեներական խավը 90-ականների սկզբին ողջ արդյունաբերական համալիրի փլուզման հետ մեկտեղ հայտնվեց մերժված ու սոցիալապես ամենաչպահանջվածի կարգավիճակում: Սա ինտելեկտուալ լուրջ ներուժ ունեցող այն զանգվածն էր, որ կարող էր հասարակական կրիչի դերակատարում ունենալ և կազմել այդպես էլ չձևավորված միջին խավի կորիզը:
Այս խավի ներկայացուցիչներն հաճախ ստիպված են լինում իրենց ներուժը սպառել ամենաստորացուցիչ աշխատանքային պայմաններում' ի նպաստ մեր նորօրյա կապիտալիստ ձեռնարկատերերի:
Որոշ ձեռնարկատերեր, քաջ գիտակցելով նման աշխատողների ճարահատյալ վիճակը, կիրառում են բազմաբնույթ ձևերով իենց դրսևորած «քցելու» տեխնոլոգիաները։ Իսկ վերջին 1-2 տարում համաշխարհային տնտեսական ճգնաժամ կոչվածն էլ լրացուցիչ պատրվակ է դառնում նման ձեռնարկատերերի համար: Պատրվակը կա, և այն էլ շատ ծանրակշիռ ու սրտաճմլիկ. «Ինչպես ձեզ վճարեմ, եթե փող չկա»:
Վերը նկարագրվածի վառ օրինակ կարող է լինել մեքենաշինության ոլորտում բիզնես ձեռնարկող «Շաբեր» ՍՊԸ-ի սեփականատեր Լ. Միքայելյանի, ինչպես նաև վերջինիս արտադրական պահանջների հիման վրա նրա ձեռնարկությունում աշխատանքի ընդունվելու համար մարդկանց հավաքագրող աշխատանքային գործակալությունների վարքագիծը:
Այդ գործակալություններում բրոքերներն իրենց օրահացը վաստակում են հիմնականում գործարքներից ստացված տոկոսներից: Նրանք խիստ շահագրգռված են, որպեսզի օրական հնարավորինս շատ մարդ «աշխատանքի ընդունվի»: Իրենցից հասնում է միայն լավ տեղեկատվություն հրամցնելը. որ, ասենք «Շաբերի» պես ձեռնարկությունը աշխատատեղ ունի, ապա գանձել 2000-ական դրամները և առանց որևէ այլ պարտավորություն կրելու մարդկանց ուղարկել այնտեղ։
Մարդիկ շտապում են գտնել աշխատատեղը, առանց մտածելու,որ պետք է լինի հստակ պայմանագիր, որտեղ ամրագրված են փոխադարձ պարտավորություններ և այլն: Սակայն ստացվում է փակ շղթա. երբ հասկանում ես, որ ձեռնարկատերն ինքը չի առաջնորդվում այդ գործելաոճով. «Պայմանները հեռախոսով չեն ասվում, պետք է գալ այստեղ ու տեղում խոսել»:
Իսկ «տեղում» զրույցը ընթանում է հստակ մշակված սխեմայով.
«Հիմա սովետմիությունը չի, որ քիթ քչփորելու համար մարդկանց փող տան, հիմա կապտալիզմ ա, կապիտալիստը հենց այնպես փող չի տալիս», պարբերաբար կրկնում է «Շաբերի» տերը՝ շեշտը դնելով «հենց այնպես»-ի վրա։ Միքայելյանը տեղյակ էլ չէ, որ գործատուն էլ պարտավորություններ ունի և պարտավոր է ստեղծել արդյունավետ աշխատանքի պայմաններ։
Սակայն կարճ ժամանակ անց, 2000 դրամ գործակալությանը վճարելուց հետո, լքում են պր. Միքայելյանի «դուքանը»: Սակայն այլևս չեն վերադառնում գործակալություն, որտեղից իրենց ուղարկել էին ու հաշիվ չեն պահանջում իրենց հետ այս կերպ վարվելու համար։ Ետ չեն պահանջում նաև իրենցից հենց այնպես գանձված գումարը:
Ոմանք, չունենալով ընտրություն համաձայնում են աշխատել նման պայմաններում։ Իսկ աշատանքի արդյունքն այդպես էլ չեն ստանում։ Ինչ-որ ժամանակահատված իր աշխատանքն ու ժամանակը «Շաբերին» նվիրաբերելուց հետո այստեղ հայտնված մարդը հեռացվում է աշխատանքից:
Ա. Մ.-ն արտադրության պետ է աշխատել «Շաբեր»-ում 45 օր և չի վճարվել: Երբ նրա համբերությունը հատել է և նա հետաքրքրվել է, թե երբ է վճարվելու կատարած աշխատանքի դիմաց՝ ղեկավարությունը դժգոհել է նրանից «չափից ավելի» շատ հարցեր տալու համար և խորհուրդ է տվել լքել գործարանը։
Գործատուն ասել է, որ Ա.Մ.-ն 45 օրերի ընթացքում ոչինչ չի արել գործարանը «մի քայլ առաջ գցելու ուղղությամբ»:
Դատելով այն բանից, թե օրական քանի-քանիսն են գործակալություններից գալիս-հասնում այդ թվացյալ աշխատատեղն ու մերժված թողնում-գնում, սկսում ես կասկածել. արդյոք «Շաբերի» պես ձեռնարկությունները չեն համագործակցում աշխատանքային գործակալություններ հետ, ու թեկուզ իրար հետ չեն կիսվում այդ գանձված 2000-ական գումարները։
Օրինակ, Հ. Պ.-ն տեղեկանալով «Շաբերում» ինժեներ-մեխանիկի թափուր տեղի մասին և գործակալությունում միայն բանավոր տեղեկությունների համար վճարելով պահանջվող գումարը, գալիս է «տեղում պայմանների հետ ծանոթանալու», ինչից հետո նրան հասկացնում են, որ «նման մարդ իրենց պետք չէ»։ Եվ երբ Հ. Պ.-ն պահանջում է, որ գործակալությունից իրենց տված անդորրագրի վրա նշեն, որ իրեն մերժել են աշխատանքի վերցնել, պր. Միքայելյանը կտրուկ հրաժարվում է դա անել։
Հայաստանում շատ են Միքայելյանների նմանները, որ բոլոր գործակալություններն էլ, ի վերջո աշխատում են առանց աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման, սակայն խնդրի լուծումը, անխոս, մեր ազգաբնակչության, և հատկապես սոցիալապես, տնտեսապես ոտնահարված իրավունքների մասին տեղյակ չլինելն է կամ դրանց համար պայքարելուն անկարող լինելը:
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի իրավաբան Մերի Խաչատրյանը նշում է ՀՀ աշխատանքային օրենսգքով սահմանված կարգը, որի համաձայն, մեր հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները ծագում և ձևավորվում են երկկողմանի պայմանագրի հիման վրա:
Ըստ իրավաբանի, տվյալ դեպքում գործատուն օրենքը խախտում է այնքանով, որ նա պարտավոր է մասնագետին աշխատանքի ընդունել գոնե փորձաշրջանով, որի ժամկետը կարող է կախված լինել մի շարք գործոններից (1-3 ամիս) և ենթադրում է երկկողմանի պարտավորություններ։
«Գործատուն պարտավոր է ապահովել նվազագույն վարձատրություն, ինչպես նաև տրամադրել որակյալ մասնագիտական տեղեկատվություն, մասնակից դարձնել խորհրդատվությունների, որակավորման բարձրացման հարցերը լուծել, որից հետո միայն կողմերը կարող են որոշել շարունակում են աշխատանքը նոր պայմաններով, թե ոչ», ասում է Խաչատրյանը
Ինչ վերաբերում է երրորդ կողմին' աշխատանքի ընդունվողը պետք է պասհանջի հստակ տեղեկատվություն, որպեսզի կարողանա տեր կանգնել իր իրավունքին։
«Եթե ամփոփենք ասվածը, խնդրի հիմքում բոլոր կողմերի, իրավական իրազեկության պակասն է, ինչի զոհն էլ, ի վերջո դառնում է աշխատանք փնտրող գործազուրկը»:
Վահե Քոչար
