Ոստիկաններին սանձելու ժամանակը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է դատախազության միջնորդությունը ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը որպես կալանք ընտրելու հարցը։ Հայաստանյան իրականության մեջ սա եզակի դեպք է, երբ դատախազությունը (հատուկ քննչական ծառայության հետ համատեղ) փորձում է սանձել ոստիկաններին՝ ընդհուպ մինչև կալանքի սանկցիա կիրառելը։

Ներկայացնելով վերաքննիչ բողոք դատախազությունը հիմնավորել է ճանապարհային ոստիկանության տեսուչներին կալանավորելու անհրաժեշտությունը: Ինչպիսին է լինելու Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը' կտեղեկանանք այսօր։ Սա այն նույն դատարանն է, որի որոշմամբ նախկինում կալանավորվել էին իրական տուժողները։

«Գործը քննող ոստիկանությունն ամեն կերպ փորձել է պաշտպանության տակ առնել ոստիկանության աշխատակիցներին, անգամ անմեղ մարդկանց մեղադրելու և կալանավորելու գնով», ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը, ով պաշտպանում է ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկվածների շահերը՝ նկատելով, որ «Հատուկ քննչական ծառայությունը օբյեկտիվ քննություն է կատարել»։

Անցած տարվա հունիսի 27-ին Պարոնյան փողոցում ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Հ. Ջանյանն ու Ա.Չուխաջյանը մոտենում են իր ավտոմեքենայով այստեղ կայանած Արթուր Հակոբյանին (ում նախկինում ճանաչել են) ու զրույցի բռնվում նրա հետ։ Քիչ հետո նրանց է մոտեցել նաև Արթուր Հակոբյանի ընկերը՝ Արտակ Մուսայելյանը, ում և ՃՈ աշխատակիցները ընտրել են որպես թիրախ՝ սկզբում վեճի բռնվելով նրա հետ, ապա ռադիոկապով դեպքի վայր հրավիրելով մի քանի այլ աշխատակիցների և հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով սկսել ծեծի ենթարկել նրան։

Սակայն ՃՈ աշխատակիցները սրանով չեն բավարարվել և բռնություն գործադրելով' Մուսայելյանին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և դաժան ծեծի ենթարկել նրան։ Դաժան ծեծի է ենթարկվում նաև Արթուր Հակոբյանը, ով շտապում է բաժին գալ ընկերոջ հետևից։

Վիճակն այնպիսին է եղել, որ ոստիկանության բաժանմունքից Մուսայելյանին ու Հակոբյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պահանջել են, որպեսզի վերջիններս բուժում ստանան հիվանդանոցային պայմաններում։ Բժիշկներն անգամ հասցրել են նրանց ստացած վնասվածքներն ու վիճակն արձանագրել հիվանդության պատմագրերում, սակայն ոստիկանները դա թույլ չեն տվել և վերջիններիս հարկադրաբար տարել են հիվանդանոցից։

Եվ չնայած Հակոբյանն ու Մուսայելյանը քրեական գործով եղել են տուժողներ, այսուհանդերձ, ձերբակալվել են ոչ թե ոստիկանները, այլ նրանց կողմից բռնության ենթարկվածները (ձերբակալման պահման վայրում երկու անգամ շտապ օգնության մեքենա է կանչվել, քանի որ վերջիններիս վիճակը ծանր է եղել)։

Նույն օրը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ՝ 316 հոդվածի 1-ին մասով՝ Հակոբյանի և Մուսայելյանի կողմից ոստիկանների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կատարելու դեպքի կապակցությամբ։ Ընդ որում, սույն ոստիկանները քրեական գործով զեկուցագրեր են ներկայացրել իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Արդյունքում Հակոբյանն ու Մուսայելյանը կալանավորվել են։

Ստացվել է այնպես, որ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու հետևանքով վերջիններս ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում Հակոբյանը քթոսկրի երկու կոտրվածք, իսկ Մուսայելյանը' գլխուղեղի ցնցում։

Այժմ արդեն Մուսայելյանն ու Հակոբյանը ազատ են արձակվել կալանքից, իսկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Չուխաջյանին ու Ջանյանին, ինչպես նաև վերջիններիս կանչով «օգնության հասած» ևս երկու ոստիկանների մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է Չուխաջյանի ու Ջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։

Նշենք նաև, որ ոստիկանությունում ծառայության ոչ այնքան երկար փորձ ունեցող սույն ոստիկանների «կարիերայի» ընթացքում սա առաջին դեպքը չէ։

Անցած տարի հունվարին այս նույն ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց կողմից տուգանվող վարորդը հեռախոսով նկարահանում է իրենց։ Դա բավարար է եղել, որպեսզի նրանք հարձակվեն ու բռնությունների ենթարկեն նկարահանող վարրորդին և ուղևորին։

Այս փաստով ևս ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել և դարձյալ ոստիկանները ճանաչվել էին տուժող։ Ի վերջո, քրեական այս գործը կարճվել է, սակայն ճանապարհային ոստիկանության այս աշխատակիցները մնացել են անպատիժ, ինչը և հուշել է նրանց առավել սանձարձակ պահվածք դրսևորել։

«Վաղուց է հասունացել ոստիկանի նկատմամբ առանց այն էլ չփայլող վարկն ու համազգեստի պատիվն արատավորող ստահակներին սանձելու ժամանակը։ Առաջին քայլը կատարված է, սակայն ինչ ապագա կունենա այս գործը' դեռևս հայտնի չէ», մտահոգված ասում է փաստաբանը։

Ժաննա Ալեքսանյան

Լրացում.դատախազություն–դատարան հակամարտությունն ավարտվեց դատարանի հաղթանակով։ Վերաքննիչ դատարանը մերժել է Հատուկ քննչական ծառայության  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը։ Ի դեպ այդ նույն դատավորն իր որոշումով կալանավորել էր սույն ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացիներին։