Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ–ն ողջունում են Սաշա Դավթյանի ազատ արձակումը 2010 թ. փետրվարի 26–ին և կոչ են անում քննություն իրականացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ

Փարիզ, Երևան, Մարտի 9, 2010թ.

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն ողջունում են Սաշա Դավթյանի ազատ արձակումը և կոչ են անում անհապաղ քննություն անցկացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։ 2010թ. փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանը 1 տարով նվազեցրեց նրա ազատազրկման ժամկետը՝ թողնելով  3 տարի։ Սաշա Դավթյանի նկատմամբ կիրառվեց 2009թ. հունիսի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը և նրան անմիջապես ազատ արձակեցին։ 

2008թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող անչափահաս աղջկան բռնաբարելու փաստի կապակցությամբ։ 2009թ. փետրվարի 6-ին գործը կասեցվել էր՝ հանցագործի անձը պարզված չլինելու հիմքով։  2009թ. մայիսին դատական այս գործի քննությունը վերսկսվեց այլ քննիչի կողմից։ Սաշա Դավթյանը՝ աղջկա հայրը, մեղադրվում էր իր դուստր Շ.Դ.-ին բռնաբարելու և իր երկու դուստրերին՝ Շ.Դ-ին և Թ.Դ-ին խոշտանգելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138.2 (3) և 119.2 (1) հոդվածներով։ 

2009թ. օգոստոսին Շ.Դ.-ն և Թ.Դ.-ն հրաժարվեցին իրենց ցուցմունքներից և բողոք ներկայացրեցին Գլխավոր Դատախազություն։ Շ.Դ.-ն, ում 18 տարին լրացել է 2009թ. ապրիլին, դատական նիստերից մեկի ժամանակ հայտնեց, թե ինչպես են այդ ցուցմունքները նրանից կորզել։ Նա հաղորդեց, որ իրեն և իր քրոջը՝ Թ.Դ.-ին Կենտրոն ոստիկանություն են տարել 2009թ.-ի մայիսի 7-ին և չորս օր շարունակ ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվազացնող վերաբերմունքի, ստիպել են ցուցմունքներ տալ, որ Սաշա Դավթյանն իսկապես խոշտանգել է և բռնաբարել է Շ.Դ.-ին։ Ֆիզիկական բռնությունների արդյունքում կորզված ցուցմունքերը դրվել են մեղադրանքի հիմքում։

Սաշա Դավթյանին նույնպես պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահը՝ Սուեր Բելասենը, ով 2010թ. փետրվարի 5-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) նախագահ Արման Դանիելյանի հետ այցելել է քրեակատարողական հիմնարկ նրան հանդիպելու, արձանագրեց, որ Սաշա Դավթյանը ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, և 8 ատամները կոտրվել են ծեծի արդյունքում։  Նրանք նաև հանդիպել են «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և բժշկի հետ, ով ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ հաստատելով, որ քրեակատարողական հիմնարկ ընդունելիս պրն. Դավթյանը շատ վատ առողջական վիճակ է ունեցել։

2009թ. դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Սաշա Դավթյանին՝ իր դստերը բռնաբարելու մեղադրանքի մասով։ Սակայն չնայած նա և իր դուստրերը ակնհայտորեն ենթարկվել են ֆիզիկական ճնշումներին, նրան մեղավոր են ճանաչել իր դուստրերին խոշտանգելու համար և 4 տարվա ազատազրկման են դատապարտել 119.2 (1) հոդվածի հիման վրա։ 

FIDH-ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, հետևելով այս քրեական գործի զարգացումներին, կոչ են անում Հայաստանի իշխանություններին,

- իրականացնել լիարժեք, արդյունավետ, անկողմնակալ և անկախ քննություն Սաշա Դավթյանի և իր երկու դստրերին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ,

- բացահայտել Շ.Դ.-ին իրական բռնաբարողներին և պատժի ենթարկել նրանց,

- վերսկսել Սաշա Դավթյանի դեմ հարուցված գործի քննությունը՝ հաշվի չառնելով իր նախկին խոստովանությունը, որը տրվել է հոգեբանական և ֆիզիկական ճնշումների արդյունքում և ապահովել նրա արդար և անկողմնակալ դատավարությունը։