ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չեխ լրագրողի աչքերով

«Ճշմարտությունն ու հերյուրանքը տեղեկատվական հակամարտության մեջ». թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպել են նախագահի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ու չեխ լրագրողուհի Դանա Մազալովան:
Վերջինի լրագրողական գործունեությունը կապված է տարածաշրջանի ու, հատկապես, Ղարաբաղյան հակամարտության հետ: Պատերազմական գործողություններին չեխ լրագրողը հետեւել է երկու կողմից էլ' լինելով թե ադրբեջանական, թե հայկական զորամիավորումների հետ:
Դանա Մազալովայի հուշագրությունները հետաքրքիր են հատկապես Խոջալուի դեպքերի առիթով, որոնց ականատեսն է եղել ու որոնց ադրբեջանական խեղաթյուրված մատուցմանն այսօր արձագանքում է հենց որպես ականատես:
Նա շուրջ 20 փաստագրական ֆիլմերի ու բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: Հայ լրագրողներին նա գլխավորապես ծանոթ է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ «Նեզավիսիսմայա գազետա»- ում 1995- ին հրապարակած հարացազրույցից։
«Ինչ եք մտածում Խոջուլուի դեպքերի մասին, որոնցից հետո դուք հարաժարական տվեցիք»,- հարցրել էր Դանա Մազալովան ու ստացել հետեւյալ պատասխանը:
«Ինչպես ասում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ ամենը կազմակերպվել էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ ինչ- որ մեկը շահագրգռված էր այն բանում, որ հետո այդ կադրերը ցուցադրվեն ու ամեն ինչ կենտրոնանա իմ անձի շուրջ: Դեպքերի ընթացքը հուշում է, որ միջանցքը, որով խաղաղ բնակիչները կարող էին դուրս գալ, հայերի կողմից բոլոր դեպքերում թողնվել է: Ինչու այդ դեպքում կրակել, հատկապես Աղդամին այդքան մոտ տարածքում, որտեղ ադրբեջանական բավարար ուժեր կային եւ օգնություն տրամադրել հնարավոր էր՚»:
Այսօր ադրբեջանական կողմը Խոջալուի դեպքերի բոլորովին այլ պատկեր է ներկայացնում ու ողբերգական այս իրադարձություններն օգտագործում որպես հիմնական խաղաքարտ տեղեկատվական պատերազմում: Այն կադրերը, որոնք ներկայացվում են որպես Խոջալուի փաստագրություն, խեղաթյուրված են, որպես ականատես ասում է չեխ լրագրողուհին:
Խոսքը ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուսթաֆաեւի նկարահանած կադրերի մասին է, ում ընկերակցությամբ հենց դեպքերին հետեւել է Մազալովան, հետո տեսել առաջին կադրերը ու հիմա նշում է նաեւ այն տարբերությունները, որոնք կան բնօրինակների ու այսօր ներկայացվող նյութերի մեջ: Ի դեպ, նկարահանումներից վեց ամիս անց ադրբեջանցի օպերատորը զոհվել էր:
Այդուհանդերձ, ճշմարտության բացահայտումը հնարավոր համարում եք, Դանա Մազալովային հարցրին հայ լրագրողները:
«Ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ ես տեսել եմ, պարզապես չեմ ուզում, որ զոհերն ու դիակներն օգտագործվեն պրոպագանդայի նպատակով»:
Փոքր- ինչ ընդլայնելով թեմայի շրջանակաները հայ լրագրողները չեխ գործընկերոջից նաեւ հետաքրքրվեցին, թե որքանով է շարքային եվրոպացին տեղյակ հակամարտությանը, ընդհանրապես ինչ պատկերացում ու վերաբերմունք ունի Ղարաբաղյան խնդրի նկատմամբ:
«Մտավախություն ունեմ, որ այդ թեման արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Ավելի վաղ այն հետաքրքիր էր, այսօր' չեմ կարծում: Ավելին եվրոպացիներն անգամ փորձում են չխորանալ խնդրում: Նրանք գտնում են, որ այդ հարցով զբաղվող կառույցներ կան, այնտեղ որոշումներ են կայացվում: Իսկ շարքային եվրոպացուն հազիվ թե այս խնդիրը հետաքրքրում է»:
Լուսինե Մանուկյան
