Դատարանում վիճարկվում է Ներսես Նազարյանի պաշտոնական անգործությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ երեկ  շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնական անգործության:

Նիստի սկզբում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ դատարանի նիստերի դահլիճում տեղադրված չեն ՀՀ դրոշն ու զինանշանը, ինչը օրենքի խախտում է: Դատավոր Էդիկ Ավետիսյանն ընդունել է, որ նիստն անցկացվում է օրենքի խախտմամբ։

Դատավորը  որոշակի դժգոհությամբ է ընդհատել նիստը և հայտարարել, որ այդ դեպքում դատավարության մասնակիցները պետք է սպասեն այնքան, մինչև հնարավորություն կլինի նիստն անցկացնել այլ դահլիճում:

Դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի որոշումը հասցեագրված պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և թվագրված փետրվարի 26-ով, ստացվել է մարտի 9-ին:

Փաստաբանը դատարանին տեղեկացրել է, որ Ն.Նազարյանի որոշման մեջ նշված  պատգամավորի հաղորդումները հանցագործությունների մասին ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է ոչ միայն չորս ամիս ուշացումով, այլև չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից։

Որոշման մեջ մատնանշված օրենքի համապատասխան դրույթը նախատեսում է միայն հանցագործության վայրում տեղազննման կամ այլ գործողության կատարում, ինչի կապակցությամբ փաստաբանը դատարանին ներկայացրել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լրացուցիչ բողոքի պահանջը։

Այն է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի 26.02.2010թ. որոշումը նյութերն ըստ ենթակայության ուղարկելու մասին պետք է վերացնել և պարտավորեցնել Ն.Նազարյանին կատարել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին կետի պահանջը, մասնավորապես կայացնել որոշումներ քրեական գործեր հարուցելու մասին:

Դատավարությանը մասնակցող Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին դատարանին հայտնել է, որ Երևան քաղաքի ոստիկանության պետ Ն. Նազարյանը պարտավոր է հանցագործությունների մասին իր կողմից տրված հաղորդումների վերաբերյալ հարուցել քրեական գործեր և հետո միայն, եթե նման անհրաժեշտություն ծագի, այն ուղարկել ըստ ենթակայության:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի պետ Ն. Նազարյանի ներկայացուցիչը դատարանից ժամանակ է խնդրել լրացուցիչ բողոքի պահանջին ծանոթանալու համար: Դատարանը բավարարել է խնդրանքը, և նիստը հետաձգել առանց նշելու հաջորդ նիստի օրն ու ժամը: