Բարեփոխումների ժամանակացույցը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում

«Մինչև տարեվերջ բարեփոխել ընտրական համակարգը և համապատասխան փոփոխություններն ընդունել խորհրդարանում, որպեսզի հնարավորություն ստեղծվի 2011թ-ից նախապատրաստվել հաջորդ ընտրություններին»․ այս առաջնահերթությունները, որոնք պարտավորվում են կատարել Հայաստանի իշխանությունները, նշված են ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացված ժամանացույցում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլերը կատարված կլինեն մինչև վեհաժողովի ապրիլյան նստաշրջանը:

Ըստ Դավիթ Հարությունյանի, Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն դրական է գնահատել ժամանակացույցը, ողջունել  փոփոխություններ կատարելու՝ Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ ընդգծելով, սակայն, որ ոչ թե բարեփոխումների քանակն է կարևոր, այլ դրանց որակը։

«Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ուշի-ուշով հետևել Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների կատարմանը», - ասել է Կոլոմբիեն։

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, Կոլոմբիեն Հայաստանի իշխանություններից ժամանակացույց է պահանջել նաև դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ․

«Դատական իշխանության գործունեության հետ կապված  Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հաշվետվությունը պետք է վերլուծվի։ Այնտեղ ներկայացված բոլոր առաջարկությունների վերաբերյալ ակնկալում են կոնկրետ ժամանակացույց»:

Հիշեցնենք, որ բարեփոխումների կատարման շուրջ Եխ-ին իրենց առաջարկներն էին ներկայացրել նաև հայաստանյան ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ինչը, Դավիթ Հարությունյանի խոսքով, առանձին չի քննարկվել, սակայն «հետագայում դրանք դիտարկվելու են ներկայացված առաջարկությունների համատեքստում»։

Ակնկալվում է, որ հայտարարված բարեփոխումների ուղղությամբ առաջին քայլերն իրագործելուց հետո, ենթադրաբար՝ ապրիլին, Հայաստանի հարցով համազեկուցողները  լինելու են Հայաստանում՝  տեղում քննարկելու դրանց կատարման ընթացքն ու արդյունավետությունը։