Բաց նամակ դատապարտյալների հիվանդանոցից

Մարտի 24-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Մուշեղ Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին և իրավապաշտպաններին։ Նամակում մասնավորապես ասված է․

«Ես սպառել եմ իմ դեմ կատարվող ապօրինի գործողությունների դեմ բողոքարկելու հնարավորությունները, սակայն՝ անարդյունք: Անտարբերությունն ու անօրինականությունը ստիպեցին ինձ դիմել ծայրահեղ' ինձ համար մինչ այդ անընդունելի միջոցի' հացադուլի, իսկ այդ վիճակից ստիպված դուրս եկա ծայրաստիճան ծանր վիճակում։

Գաղտնիք չէ, որ այսօր Գյումրի քաղաքում տիրում է հովանավորչության, անձեռնմխելիության և անպատժելիության մթնոլորտ»:

Գյմրի քաղաքում իր հետ կատարվածի մասին կալանավորը բարձրաձայնել է, իր իսկ համոզմամբ, մի քանի անաչառ լրատվամիջոցներով՝ «Ազատություն» ռադիոկայանով, «ԳԱԼԱ» և «Արմենիա» հեռուստատեսություններով և «Ժամանակ» թերթով։ Սակայն Մուշեղ Հովհաննիսյանը իր նամակում կասկած է հայտնում, որ իր դիմումների մեծ մասը չի հասել հասցեատերերին։

Ըստ կալանավոր Հովհաննիսյանի նամակի, արձագանքել է միայն «ԳԱԼԱ» ՀԸ-ն, որը լուսաբանել է հացադուլս ու իմ հետ կատարվածը:

Ըստ մեղադրանքի, Մուշեղ Հովհաննիսյանը հանդիսացել է «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրաչափերի տեխնիկական վերահսկողության և կարգաբերման ենթաբաժնի աշխղեկ, 2009 թ-ի նոյեմբերի 22-ին և 27-ին համապատասխան պահանջագրերով, ընկերության պահեստից ստացել է 600 հատ «Արազեն» ՍՊԸ արտադրության GSD տեսակի ջրաչափական հանգույց, որից 139-ը տեղադրվել է Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ համապատասխան ցուցակներ, իսկ 11-ը հետ է վերադարձվել ընկերությանը։

Մեղադրանքում նշված է, որ մնացած 450 հանգույցը Մ.Հովհաննիսյանը հափշտակելու միջոցով յուրացրել է՝ «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 4․950.000 դրամի նյութական վնաս:

Ըստ Հովհաննիսյանի, իրեն առաջադրվել է «խայտառակ ու անգրագետ մեղադրանք», քանի որ

  1. Մեղադրանքում նշվում է, որ ես հանդիսանում եմ «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխղեկ:

Այնինչ ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների խախտմամբ՝ սույն քր. գործում բացակայում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը՝ ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Չկա աշխատանքը կարգավորող որևէ լ իրավական ակտ:

  1. «450 հատ ջրաչափ յուրացրել է ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափ 4.950.000 դրամի նյութական վնաս»:

Այնինչ, անկախ բոլոր փաստաթղթերի բացակայությունից, որը, եթե միամտաբար անվանենք անփութության, անգրագիտության և այլնի արդյունք, ապա այս փաստաթղթերի բացակայությունը, որոնցով պետք է հաստատվեր և հիմնավորեր ինձ ներկայացրած մեղադրանքը՝ «համապատասխան պահանջագրերով ընկերության պահեստից ստացել է իրեն վստահված 600 հատ հանգույց' ջրաչափական, պատճառելով նյութական վնաս»-անանուն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 240 հոդվածի 1-ին մասը նախատեսում է «Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը», որի համաձայն, պետք է ինձ հետ կնքված լիներ գրավոր պայմանագիր, որտեղ պետք է նշված լինեին նյութական այն արժեքները, որոնք կապված լինեին դուրս գրման, ընդունման, պահպանման, տեղափոխման, օգտագործման կամ առքուվաճառքի հետ, բայց այդպիսի պայմանգիր չկա ոչ իրականում ոչ գործի նյութերում:

Հովհաննիսյանը ներկայացրել է երկու գերատեսչություններից ստացված տեղեկանքներ, որոնց համաձայն բացառում է վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում կամ քրեական գործի վարույթ իրականացնելը:

Առաջինը ջրային տնտեսության պետական կոմիտեից է այն մասին, որ չի հանդիսանում «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակից: Երկրորդը աշխատանքի տեսչությունից, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ես չի հանդիսանում «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակից:

Տվյալ դեպքում նախաքննական մարմինը պարտավոր էր քրեական գործ հարուցել իմ դեմ կեղծ հայտարարություն տված անձի դեմ' համաձայն քր. օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (սուտ մատնություն):

«Սույն գործի պատվիրատու՝ «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ առևտրի բաժնի պետ Սիմոն Պողոսյանը, նախապես հանցավոր համաձայնության գալով Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ Արա Դարբինյանի հետ, տվեց կեղծ բացատրություն, որպեսզի հիմնավորեն և իմ դեմ մեղադրանք դարձնեն։

Քննիչ՝ Արա Դարբինյանը շինծու մեղադրանք կազմեց և թաքուն հետախուզում հայտարարեց, որն ինձ համար դարձավ խափանման միջոցը որպես կալանք ընտրելու դատարանի որոշման հիմք, իբր տասն օր ինձ հետախուզելուց հետո գտան, այնինչ իրենց հրավերով ես գնացել էի Գյումրի և այնտեղ ինձ, որպես հետախուզման արդյունքում բացահայտված, ձերբակալեցին՝ ապօրինաբար զրկելով ազատությունից: «Արթիկ» ՔԿՀ ինձ տեղափոխելու առաջին իսկ օրվանից քննիչ Արա Դարբինյանի միջնորդությամբ ինձ զրկեցին զանգի եւ տեսակցության իրավունքից:

Նախաքննական մարմնին ես ներկայացրել եմ ձայներիզ, որտեղ Սիմոն Պողոսյանը, ոչ թե հորդորում է պատճառած «նյութական վնասը» վերականգնել, այլ խնդրում է ինձ կեղծել որոշ փաստաթղթեր, որպեսզի ինքը կարողանա խուսափել ԿՀԴՊ-ի 6-րդ վարչության ստուգումներից:

Սիմոն Պողոսյանը, հասկանալով, որ ինձ չի կարող ներքաշել իր կեղտոտ գործերի մեջ, հանձնարարել էր իր աշխատակցին՝ Ֆյոդրին, ինձ նախազգուշացնել, խրատել եւ խորհուրդ տալ, որ ում անունն ուզում եմ տամ, միայն Սիմոնին հանգիստ թողնեմ: Այս 2-րդ ձայներիզը ես նույնպես ներկայացրել եմ քննիչին:

Ես ՀՀ քրեադատավարական օրենսգրքի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ըստ պատշաճի, բողոքարկել եմ իմ նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների դեմ, սակայն անօգուտ:

Չգիտեմ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս կարուսելից, որը ղեկավարում է Սիմոն Պողոսյանը, որին մասնակցում են Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները և Շիրակի մարզի քննչական վարչության քննիչ Արա Դարբինյանը»,-ասված է կալանավոր Մուշեղ Հովհաննիսյանի բաց նամակում: