ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ FIDH նախագահ Սուեր Բելհասենին

FIDH կազմակերպության հեղինակությանը քաջ ծանոթ լինելով' ուրախ ենք, որ այս տարվա կոնֆերանսը տեղի է ունենալու մեր երկրի մայրաքաղաքում: Պետք է նշենք, սակայն, որ այն տեղի է ունենում արտառոց մի իրավիճակում, որի հետ կապված հանգամանքները պետք է հաշվի առնվեին հավաքի օրակարգը կազմելիս:
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից կարելի է համարել աղետալի:
Ընտրությունների արդյունքը, այսինքն' Սերժ Սարգսյանի ընտրված լինելը, վիճարկող բազմահազար մարդկանց խաղաղ հանրահավաքները բիրտ ուժի միջոցով կասեցնելը, ինչի արդյունքում եղավ մարդկային տասը զոհ, ամրապնդեց հասարակության մեջ ընտրության օրն առաջացած կասկածը:
Այդ կասկածն ավելի խորացրեց 2008 թվականի մարտի մեկին հայտարարված արտակարգ դրությունը, որի պայմաններում (ազատ հավաքների եւ մամուլի բացարձակ արգելքներ) իշխանություններն ուղղակի հաշվեհարդար տեսան ընդդիմադիր շարժումը ղեկավարող, շարժմանը մասնակից կամ համակրող հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ:
Հետապնդումների քաղաքական մոտիվները պարզորեն արտահայտվեցին Հայաստանի դատարաններում կայացված' ապացույցներից ու հիմքերից զուրկ, վճիռներով:
Ավելի ու ավելի խորացող հասարակական ճգնաժամը հնարավոր չեղավ թուլացնել անգամ ճարահատյալ կիրառված համաներմամբ, քանի որ հասարակության ակնկալիքը ոչ թե ղեկավարների ողորմածությունն է, այլ' արդարադատությունը:
Իրավիճակին իրենց գնահատականներն են տվել ԵԽԽՎ-ն (բանաձեւեր 1609, 1620, 1643, 1677), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Freedom House եւ Human Rights Watch միջազգային կազմակերպությունները :
Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է, թե ինչպես եւ ինչու էր FIDH-ի երեւանյան կոնֆերանսի բացման պատիվը վերապահվել Սերժ Սարգսյանին, ով կասկածելի լեգիտիմությամբ դեռեւս շարունակում է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը: Անհասկանալի է նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մասնակցությունը կոնֆերանսին:
Այս մարդիկ, եթե պետք է ներկա լինեն FIDH-ի նման հեղինակավոր կազմակերպության կոնֆերանսին, ապա միայն պատասխանողի դերում: Նրանք պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ են կեղծում ընտրությունները, թե ինչո՞ւ են հետապնդում քաղաքական գործիչներին եւ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, նրանք պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ տասը զոհի գնով եկան իշխանության, նրանք պիտի արդարանան, թե ինչո՞ւ մինչ օրս բացահայտված չեն այդ տասը մարդուն սպանողները եւ վերջապես պիտի պատասխանեն, թե առ այսօր ինչո՞ւ են բանտերում պահվում եւս տասնչորս քաղաքական բանտարկյալներ:
Այս դեպքում մեր հասարակությունը գուցե հասկանար FIDH-ի կոնֆերանսում Սերժ Սարգսյանի եւ նախարար Գեւորգ Դանիելյանի ներկայության անհրաժեշտությունը: Մինչդեռ հիմա տպավորություն է ստեղծվում, որ FIDH-ի կոնֆերանսը նպատակ է դրել այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակները քննարկելու ֆոնին լեգիտիմացնել Հայաստանի այն ղեկավարներին, որոնք մարդու իրավունքների ոտնահարման մրցավազքում չեն զիջում Բիրմայի, Եմենի, Աֆղանստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ռուանդայի, Կոլումբիայի, Կամբոջայի, Քենիայի, Չեչնիայի իրենց գործընկերներին:
Հուսով ենք, որ FIDH-ի ղեկավարությունը հաշվի կառնի մեր արդարացի բողոքն ու որոշակի փոփոխություններ կմտցնի կոնֆերանսի օրակարգում' արտահայտվելու հնարավորություն տալով քաղաքական հետապնդումների ենթարկված հարյուրավոր մարդկանց եւ մարտի մեկի իրադարձությունների տասը զոհերի ներկայացուցիչներին:
Հարգանքով'
Մելիսսա Բրաուն, Հայաստանի քաղբանտարկյալների կանայք-Շահխաթուն
Միքայել Դանիելյան, Հելսինկյան ասոցիացիա
Արտակ Զեյնալյան, Իրավաբաններն ընդդեմ խոշտանգումների
Անդրանիկ Քոչարյան, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ
Աննա Ժամկոչյան, Սոցիոսկոպ ՀԿ
Արայիկ Ղազարյան, Իրավաբան
Տիգրան Պասկեւիչյան, Գրող, հրապարակախոս
