ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեր առաջին մտահոգությունը արդարադատության իրականացումն է

Այսօր հրավիրած ասուլիսում «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի» (FIDH) նախագահ Սուեր Բելասենն ասաց, որ Հայաստան գալու իրենց նպատակն է, որ երկիրը իրական առաջընթաց ապրի։ Նա մտահոգություն հայտնեց Հայաստանում գործող լրագրողների համար՝ նշելով, որ վտանգված է խոսքի ազատությունը․ «այն լրագրողները, ովքեր փորձում են մարտի մեկի հետ կապված ճշմարտություններ վեր հանել, վտանգվում են»։
«Անշուշտ, դժվար է փոխել, մասնավորապես, դատական համակարգը։ Մեր առաջին մտահոգությունը արդարադատության իրականացումն է և թե ինչպես այն կարող է անդրադառնալ քաղբանտարկյալների վիճակի վրա,-ասաց տիկին Բելասենը,- Քաղբանտարկյալներից կտտանքների միջոցով է կորզվում խոստովանությունը, շատ կարևոր է, թե փաստերն ինչպես են ձեռք բերվում»։
FIDH-ի գործադիր տնօրեն Անտուան Բեռնարդի խոսքով՝ ներպետական արդարադատության իրականացումը դարձել է միջազգային դիտարկման թեմա և միջազգային համամարդկության բարօրության խնդիր․
«Ներպետական արդարադատության զարգացման համար պետք են որակյալ դատավորներ և մեր բախտը բերել է, որ ներկա է լինելու նաև սահմանադրական դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը»։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի (ՔՀԻ) խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանն էլ հավելեց, որ Հայաստանում նման գիտաժողովի անցկացումը կարևոր է այնքանով, որ ամենանշանակալի մարդկանց շուրթերից պետք է հնչի մարդու իրավուքների խնդիրները։
«Մենք չենք կարող արդարադատության ոլորտում առաջընթաց ունենալ, քանի դեռ 10-ից ավել քաղբանտարկյալներ չեն ազատվել ու մարտի մեկի 10 զոհերի մահվան պատասխանատուները չեն գտնվել,- ասաց Կիրակոսյանը,- Ներկայում մի բան կա միայն շատ ոգևորող, որ ունենք շատ լավ փաստաբաններ, որ կարողանում են խնդիրը լավ ձևակերպել ու պաշտպանել մարդկանց՝ ի հակառակ գոործող իրավապահ մյուս մարմինների»։
Սուեր Բելասենի խոսքով՝ իրենք չեն եկել Հայաստան՝«միայն պաշտոնատար անձանց ձեռքը սեղմելու կամ ոմանց պարգևներ տալու համար»։
«Երբ FIDH-ի մակարդակով որևէ աշխատանք ենք կատարում, համագործակցում ենք իշխանության հետ, ովքեր պատասխանատու են այս կամ այն կառույցի համար, առանց երկխոսության իշխանության հետ հնարավոր չէ աշխատել»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով իշխանություննրին, որ վերջինն ընձեռեց հնարավորթյուն՝ Հայաստանում գիտաժողովն անցկացնելու ու պաշտպաննական ոլորտի ներկայացուցիչներին հյուրընկալելու համար, «ինչը ոչ բոլոր երկրներում է հնարավոր»։
2003թ․ աշխարհի նոբելյան մրցանակակիր Շիրին էբադինիր համոզմունք հայտնեց, որ լրագրողները մարդու իրավունքների պաշտպանների լավագույն բարեկամներն են։Նրա խոսքով՝ Բաքվում իրավիճակը նման է Հյաստանին, իսկ իր հայրենիքում ՝ Իրանում, բազմաթիվ լրգրողներ բանտերում են և նման միջոցառում այնտեղ չէր կարող կազմակերպվել։
Ասուլիսի ավարտին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը հիշեց երկու օր առաջ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումը՝ նշելով, որ իր համար պատիվ ու հաճույք էր նրա հետ հադնդիպելը։
«Հայաստանի առաջին նախագահն ասաց, որ հույսեր է կապում մեր այստեղ գտնվելու հետ։ Թե՛ նրա, թե՛ մեզ համար կարևոր է քաղբանտարկյալների ազատ արձակումն ու ոճիրների անպատիժ չմանլը», ընդգծեց տիկին Բելասենը։
Նա ասում է, որ Հայաստանում ազգի մասշտաբով մեծ զորակցություն կա քաղբանտարկյալների ազատ արձակելու համար և իրենք պատրաստ են միասին հասնելու նրանց ազատ արձակմանը։
