ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարձակման են ենթարկվել կանայք

Այսօր ժամը 17։00-ի սահմաններում Էրեբունի հյուրանոցի մոտ բռնության են ենթարկվել քաղաքացիներ Իզաբելլա Սարգսյանն ու Լալա Ասլիկյանը։ Նրանք «Ազատություն 14 քաղբանտարկյալներին» անգլերեն լեզվով պաստառ էին փակցրել հյուրանոցի պատին։ Էրեբունի հյուրանոցում այդ պահին շարունակվում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կազմակերպած ֆորումը։
Լալա Ասլիկյանը պատմում է, որ սկզբում իրենց են մոտեցել 4 հոգի, որոնց իրենք չեն ճանաչել, ապա նրանցից երկուսը սկսել են հրել իրեն ու Իզաբելլային՝ պահանջելով պոկել ցուցապաստառը։
«Նրանք մեզ մարմնով այնքան մոտ էին կանգնած, որ նույնիսկ խնդրեցի մի փոքր հեռու գնալ, թե չէ տարածությունն այնքան նեղ էր, որ անգամ դեմքը չէի կարողանում տեսնել,- պատմում է Լալան,- հետո տղամարդկանցից երկուսը սկսեցին մեզ քաշքշել, հարվածեցին Բելլայի գլխին, իսկ նրանց հետ եկած աղջիկը արագ պատից պլակատն էր պոկում»։
Լալայի խոսքով՝ աղջկա վրա եղել է ինչ- որ բեյջ, որի վրա գրվածը խառնաշփոթի պատճառվ չեն կարողացել կարդալ։
Միջադեպից կես ժամ անց նրանք դիմել են Կենտրոնի ոստիկանություն՝ այդ կապակցությամբ հայտարարություն տալու։
<<Ա1+>>-ի տեսախցիկը տեսնելով` Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները սկսել են վազել և փակվել կողքի սենյակում` ձեռքով փակելով տեսախցիկը: Այս մասին տեղեկանում ենք <<Ա1+>>-ի կայք-էջից:
Դեպքը տեղի է ունեցել FIDH-ի մի քանի իրավապաշտպանների աչքի առաջ, որոնցից մի կին դուռը իր դեմքին փակող անվտանգության աշխատակիցներին անգլերենով ասել է. «Դուք չպետք է այդպես վարվեիք»:
Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին, որոնք ապրիլի 7-ի տոնի առթիվ քաղբանտարկյալների և մարտի 1-ի 10 զոհերի հարազատների անունից ցանկանում էին ծաղիկներ փոխանցել FIDH-ի կին իրավապաշտպաններին, թույլ չեն տվել մտնել ներս:
«Սասուն Միքայելյանի լուսանկարով չի կարելի»,-երիտասարդներին ասել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները:
Միայն FIDH-ի Հայաստանի ներկայացուցիչների միջամտությունից հետո երիտասարդներին, այն էլ անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, թույլ են տվել բարձրանալ կոնֆերանսի դահլիճ և ծաղիկներ փոխանցել կանանց:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ «Էրեբունի» հյուրանոցի աշխատակիցների վերաբերմունքը, նույն հյուրանոցի աշխատակիցները խորհուրդ տվել պարզել, թե ով է հյուրանոցի իրական տերը:
Հ.Գ. Այսօր կանանց և մայրերին ուղղված շնորհավորանքով է հանդես եկել հանրապետության նախագահը, սակայն իրավապահ համակարգի աշխատակիցները չկարողացան խուսափել իրենց որդեգրած գործելաոճից`մասնավորապես հենց այսօր բռնության ենթարկելով երկու գեղեցիկ, երիտասարդ կանանց:
