ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ճանաչեք իրավունքի խախտման փաստը

Ա1+ հեռուստաընկերության և նրա ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը
2008թ. հունիսի 17-ին եվրոպական դատարանը կայացրեց Ա1+ հեռուստաընկերության վերաբերյալ իր հայտնի վճիռը, որից հետո գործը փոխանցվեց ԵԽ Նախարարների կոմիտեին, որն էլ 2008թ. դեկտեմբերից սկսեց եվրոպական դատարանի վճռի կատարման վերահսկողության իր վարույթը:
Մինչև այժմ առաջարկվել են հեռուստաընկերության խախտված իրավունքները վերականգնելու երկու ճանապարհ. նոր մրցույթ և 2003-2004թթ. ներպետական դատարանների որոշումների վերանայում' 2003թ. մրցույթների կրկնություն: Առաջինն առաջարկվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ երկրորդը' հեռուստաընկերության կողմից:
Նախարարների կոմիտերի 2009թ. սեպտեմբերի 16-ի և 2010թ. մարտի 4-ի որոշումներից երևում է, որ երկու միջոցներն էլ գտնվում են Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Ըստ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, խախտված իրավունքների վերականգնման ամենաարդյունավետ միջոցը դատական որոշումների վերանայումն է, ըստ որի անհրաժեշտ է իրավախախտման զոհի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք գոյություն ունեին մինչև խախտումը:
Այդ իմաստով հեռուստաընկերությունը 2008թ. դեկտեմբերին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան' խնդրելով ապահովել 2003-2004թթ. տնտեսական դատարանի և վճռաբեկ դատարանի չորս որոշումների վերանայման դատական վարույթ: Հեռուստաընկերության հիմնական փաստարկը կայանում էր նրանում, որ ՀՌԱՀ-ի յոթ որոշումների դատական ստուգման պրոցեսում ՀՀ դատարանները Կոնվենցիայի խախտում չէին արձանագրել, մինչդեռ եվրոպական դատարանը չորս տարի անց արձանագրել էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
Հետևաբար, հեռուստաընկերությունը գտնում էր, որ ՀՀ ներպետական դատարանները ՀՌԱՀ-ի որոշումները դատական ստուգման ենթարկելիս սխալ էին մեկնաբանել և կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որն ինքնին այդ որոշումները վերանայելու հիմք էր: Սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց հեռուստաընկերության վերանայման երկու դիմումները մի այնպիսի իրավական նորմի հիման վրա, որը, ինչպես մեկ տարի հետո պարզվեց Սահմանադրական դատարանի 2010թ. փետրվարի 23-ի որոշումով, դեռ մինչ այդ ճանաչված էր եղել հակասահմանադրական և անվավեր:
Այսպիսով հեռուստաընկերությունը վերստին հնարավորություն ստացավ դիմել ՀՀ
վճռաբեկ դատարան վերանայման դիմումով: Ներկայումս Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ: Վերանայման դիմումով հեռուստաընկերությունը պահանջում է ճանաչել հեռուստաընկերության իրավունքների խախտման փաստը ՀՌԱՀ-ի յոթ որոշումներով և դրա հիման վրա անվավեր համարել ՀՌԱՀ-ի յոթ վիճահարույց որոշումները (Կոնվենցիայի' օրենքի խախտումով ընդունված որոշումները): Նման մոտեցումը բխում է իրավունքի գերակայության սկզբեւնքից և այս մոտեցումն ուղղակիորեն և շատ կարճ ժամկետում հեռուստաընկերության խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն կստեղծի:
Ի տարբերություն դատական որոշումները վերանայելու միջոցի, ՀՀ կառավարությունը Նախարարների կոմիտեին առաջարկում է միայն նոր մրցույթի անցկացման գաղափարը: Թեև նոր մրցույթի անցկացումն ինքնին կարող է հանգեցնել հեռուստաընկերության կողմից կապուղի ստանալուն, սակայն դա չի բխում restitution in integrum սկզբունքից, քանի որ դրանով չի ապահովվում հեռուստաընկերության համար այն նույն պայմանները, ինչ գոյություն ունեին 2003թ. մրցույթների ընթացքում:
Մենք գտնում ենք, որ եթե խոսքը վերաբերում է նոր մրցույթի անցկացմանը, ապա դա պետք է արվի նախկին մրցույթների ընթացքում ՀՌԱՀ-ի կողմից գնահատված մրցույթային փաթեթների վերագնահատումով. այսինքն վերանայումով: Այսինքն ՀՌԱՀ-ը պետք է վերանայի իր որոշումները և վերագնահատի մրցակիցների մրցույթային փաթեթները և կայացնի որոշում, սակայն այս անգամ պատճառաբանելով և պատճառաբանելով այնպես, ինչպես պահանջվում է ներկայիս ներպետական օրենսդրությամբ և ԵԽ չափանիշներով, քանի որ հենց չպատճառաբանելն էր կասկածի տակ դրել մրցույթների օրինականության հարցը և հենց չպատճառաբանելն էր հանգեցրել իրավունքի խախտման փաստի ճանաչմանը ՄԻԵԴ-ի կողմից: Այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտարարել, որ ապահովել է խախտված իրավունքները վերականգնելու արդյունավետ միջոց:
Սակայն ՀՀ կառավարությունը որպես պատասխանող կողմ ոչ միայն չի առաջարկել նման արդյունավետ միջոց, այլ նաև Նախարների կոմիտեին վերջին նիստում հայտարարել է, որ բացի նոր մրցույթի անցկացումից ցանկացած այլ միջոց անհնարին է կիրառել, քան որ դա կհանգեցնի այնպիսի իրավիճակի, որի դեպքում կխախտվեն երրորդ անձանց շահերը:
Նման մոտեցումը չի բխում իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքից: Նման մոտեցումով իրավունքի գերակայության սկզբունքը ստորադասվում է երրորդ անձի շահերին: Եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ՀՀ դատարաններում պետք է կարճվեն բոլոր այն գործերը, որոնցում ներգրավված են նաև երրորդ կողմերը, քանի որ հայցվորների խախտված իրավունքները վերականգնելիս կարող են խախտվել նաև երրորդ կողմի իրավունքները: Մինչդեռ, մինչ այժմ ոչ մեկի մտքով չի անցել նման դատավարություններն արգելել, քանի որ գերակայում է իրավունքը և օրենքը' անկախ որևէ կողմի շահերից:
Մինչ այդ հայտարարությունը երրորդ կողմի շահերը խախտելու մասին փաստարկը
երբեք չէր արծարծվել Նախարարների կոմիտեի առջև: Կարծում ենք, որ նման դիրքորոշման համար պատճառ հանդիսացավ ՀՀ Սամանադրական դատարանի 2010թ. փետրվարի 23-ի անսպասելի որոշումը, որով Սահմանադրական դատարանը, փաստորեն, ՙվերակենդանացրեց՚ Ա1+ի' վերանայման դիմումով Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:
Մտահոգության տեղիք է տալիս նաև ՀՀ կառավարության անգործությունը: 2009թ. սեպտեմբերի 16-ի իր որոշման մեջ Նախարարների կոմիտեն ՀՀ կառավարությունից
խնդրել էր տրամադրել ամբողջական տեղեկատվություն հեռուստաընկերության կողմից նախաձեռնած վերանայման դատական գործընթացների մասին: Մոտ վեց ամիս անց, 2010թ. մարտի 4-ին Նախարարների կոմիտեն կրկնել է այն խնդրանքը:
Կանխատեսելով, որ կառավարությունը կարող էր ձգձգել այդ տեղեկությունների տրամադրումը Նախարարների կոմիտեին, հեռուստաընկերության ներկայացուցիչները իրենք են նախաձեռնել և 2010թ. փետրվար ամսին Նախարարների կոմիտեին տրամադրել պահանջված տեղեկատվությունը հայերեն և անգլերեն լեզուներով. այդ թվում' հեռուստաընկերության երկու դիմումները վերանայման վարույթ հարուցելու մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի երկու որոշումները դիմումները վարույթ ընդունելու մասին և Վճռաբեկ դատարանի երկու որոշումները դիմումները մերժելու մասին: Այս ամենը կատարելու համար հեռուստաընկերության ներկայացուցիչներից պահանջվել է մեկ շաբաթ: Հույսով ենք, որ կառավարությունն արդեն ուղարկել է նշված տեղեկությունը Նախարարների կոմիտեին:
Մեկ անգամ էլ ցանկանում ենք շեշտել, որ հեռուստաընկերության իրավունքները վերականգնելու ամենաարդյունավետ, որոշակի և իրավունքի գերակայության սկզբունքից բխող ճանապարհը դա վիճահարույց դատական ակտերը վերանայելու վարույթն է, իրավունքի խախտման փաստի ճանաչումն է և ՀՌԱՀ որոշումների անվավեր ճանաչումն է: Ցանկացած այլ միջոց այնքան անորոշ է, որքան Ա1+ի ճակատագիրն էր 2002թ. ապրիլի 2-ից հետո:
Արա Ղազարյան
Հեռուստաընկերության ներկայացուցիչ
Արտակ Զեյնալյան
Հեռուստաընկերության ներկայացուցիչ
Մեսրոպ Մովսեսյան
Մելտեքս ՍՊԸ նախագահ
Երևան, ՀՀ
14/04/2010
