ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անչափահաս դատապարտյալների թիվը մտահոգիչ է

Երեկ Հայ օգնության ֆօնդ կազմակերպության /ՀՕՖ/ Երեխաների աջակցության կենտրոնը նշում էր իր հիմնադրման 10-ամյակը: Տաս տարի է ՀՕՖ-ը ժամանակավոր ապաստան է ապահովում անտեսված, չարաշահված, անօթեւան եւ բռնության ենթարկված երեխաների համար:
Ավելի շուտ հաշվետվություն, քան տարեդարձ հիշեցնող հավաքին մասնակցում էին, իրենց իսկ բնորոշմամբ, երեխաների պաշտպանությանն համակարգի ՙբանակի զինվորները՚' կենտրոնի նախագահ Բելլա Քոչարյանի գլխավորությամբ:
Կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների շրջանում ՀՕՖ-ի կատարած աշխատանքը անուրանալի է, սակայն ցուցադրվող փաստագրական ֆիլմերը, եթե այդքան տխուր չլինեին, կարելի էր զավեշտ համարել. դրանցից մեկում փողոցից բերված երեխաներ էին, որոնց ցուցադրում էին «դօ, ի պօսլե» տարբերակով, մյուսը' ակցիան էր, որտեղ «առողջ» հասարակությունը' երեկոյան արդուզարդով տիկնայք եւ պարոնայք հանգանակություն էին կազմակերպել ու էկրանի վրա թափանցիկ քվեատուփի մեջ հավաքվող 10 հազարանոցների ֆոնին մասնակիցների' ինքնագոհ- ժպտուն դեմքերը:
Թերեւս կառույցն ունի իր կոնկրետ անելիքը, իսկ ոլորտում խնդիրները շատ- շատ են ու խորքային: Երեխաները ՀՕֆ-ում' հետո նաեւ հատուկ դպրոցներ տեղափոխվելիս բազմաթիվ խնդիրներ են ունենում.
Համագործակցությունը ոստիկանության հետ չի նպաստում, որ նրանցից շատերը չհայտնվեն ազատազրկման վայրերում: Կալանավայրերում անչափահաս դատապարտյալների թիվը գնալով մտահոգիչ է դառնում, իսկ վերականգնողական կենտրոնի ստեղծումը, որը նախատեսված էր կարգազանց անչափահասների համար, առ այսօր մնում է անիրագործելի ծրագիր:
Լուծված չէ անօթեւան երեխաների բնակարանային խնդիրները: Դպրոցն ավարտելուց հետո փողոցից բերված երեխան կրկին փողոց է նետվում. Տղաները դեռ ոչինչ' բանակ են գնում, երկու տարով երկարաձգելով փողոցում հայտնվելու հեռանկարը, իսկ աղջիկները:
Նորանշանակ սոցապ նախարարը դժվարացավ որեւէ բան ասել չարաբաստիկ «Սոկոլ գրուպի» մեքենայությունների արդյունքում մանկատան երեխաների համար այդպես էլ չկառուցված բնակարանների մասին .
«Որքանով տեղյակ եմ գործը դատախազությունում է, գումարների մի մասն էլ վերականգնվել է», -ասաց նա' այն ինչ ասվում է արդեն քանի տարի, իսկ սայլը տեղից չի շարժվում:
2006-ից տիկին Բելլան կենտրոնում է: Նա բարեկամների խորհուրդը ներկայացրեց որպես մի մեծ ընտանիք, ուր աշխատում են արդեն 4 տարի.
Մեր կողքին քաղաքական, արվեստի գործիչներ են, մտավորկաններ, որոնց հետ սիրով աշխատում ենք: Մեր դուռը բաց է, բոլոր բարի կամք ունեցողներին հրավիրում եմ կենտրոն՚:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Շահեն ևս գոհ էր կենտրոնի աշխատանքից.
«Մի քանի տարի առաջ փողոցներում կարելի էր տեսնել մուրացիկ, թափառող երեխաներ, համատարած այդ երեււյթը այսօր չկա: Հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է որբերի խնդիր: Մեծ եղեռն: 20 ական թականներին հայ ընտանիքները վերցնում էին որբերի խնամակալությունը/ՀՕՖ-ը 32 երեխաների համար գտել է խնամատար ընտանիքներ/ եւ սա ուղղակի ավանդույթների վերականգնում է»:
Մարդկային աչքից ու երեւակայությունից հեռու տեղակայված հաստատություններում ծվարած, բարեկամների այցին այնքան կարոտ երեխաները կարիք ունեն ոչ թե ակցիայի, այլ պարբերական հանդիպումների ու ջերմ վերաբերմունքի:
Տեր Շահեն փաստեց հանգամանքը, որ խորհրդային տարիներին գոյություն ունեցող պրոֆտեխուսումնարանները արհեստ ու արվեստ էին ուսուցանում, ու երեխաների համար ապահովում հետագա աշխատանք ու կայուն ընտանիք:
«Ցավոք այսօր վերացված է այդ համակարգը,- ասում է հոգևորականը՝ նշելով, որ Հայյ Առաքելական եկեղեցին եւս մտածում է մանկահասակ երեխաների հոգեւոր ուսումնական կենտրոն հիմնելու մասին:
Ռուզան Ավոյան
