ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատում են ցմահ ազատազրկվածներին

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով՝ փախուստ կալանավայրից ( պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով)։
Գործը վարույթ է ընդունվել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արթուր Օհանյան), սակայն անվտանգության նկատառումներից ելնելով'քննվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։
35-ամյա Մհեր Ենոքյանը (դատապարտվել է 1996 թ-ին՝ ՀՀ քր.օր. 35-355 հոդ. 1-ին մասի - 67 հոդ. Մեղադրանքով) (նայել այստեղ` http ://www.hra.am/am/point-of-view/2010/02/04/prison) և 44-ամյա Սողոմոն Քոչարյանը (վերջին դատվածությունը՝ 1995 թ.-ին՝ ՀՀ քր.օր. 222 հոդ. 1-ին մասի, 104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 8-րդ - 11-րդ կետերի մեղադրանքով)2009թ. նոյեմբերի 27-ին փախել էին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։
Նրանք տեղահան էին արել ՔՀԿ-ի զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը, պարանի միջոցով անցել ահազանգման համակարգի և արտաքին քողարկող պատի վրայով ու դիմել փախուստի: Հայտնաբերվել և ձերբակալվել էին դեկտեմբերի 18-ին՝ Մհերին բռնել էին քաղաքի կենտրոնում, իսկ Սողոմոնին՝ Մուղնի գյուղում։
Սողոմոն Քոչարյանը հրաժարվել է փաստաբանից, իսկ Մհեր Ենոքյանը՝ ոչ։
Վերջինիս պաշտպան Հայաստանի «Հելսինկյան» կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ասում է, որ երկուսն էլ ընդունում են իրենց արարքը (փախուստի առկայությունը), սակայն իրենց մեղավոր չեն ճանաչում փախուստի մեջ՝ պատճառաբանելով, որ ի սկզբանե անարդար են դատապարտվել ցմահ ազատազրկման։
Վկաների դատարան չներկայանալու պատճառով դատը հետաձգվում է 3-րդ անգամ։
Դատարանում վկայություն է տվել միայն նախկին ազատամարտիկ Գուրգեն Շահբազյանը, ով եղել է Սողոմոն Քոչարյանի ընկերը, և ում տանը փախուստի 10 օրերին հյուրընկալել է Սողոմոնը։
Վկան իր խոսքում նշել է, որ տեղյակ չի եղել Սողոմոն Քոչարյանի՝ ցմահ դատապարտյալ լինելու կարգավիճակ մասին և հյուրընկալել է նրան՝ որպես իր վաղեմի մարտական ընկերոջ, իսկ Սողոմոնը նրան ասել է, թե 15 տարիների ընթացքում Ռուսաստանում է եղել, իսկ այժմ' անձնագրի խնդիրներ ունի, որոնց լուծմանն է սպասում:։
Փաստաբան Ռևազյանն ասում է, որ գործով անցնող մյուս վկաները՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ի աշխատակից, հերթափոխի ավագ Ա.Սմբատյանը, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա.Աթաբեկյանն ու Վ.Հարությունյանը չեն ներկայացել դատարան, քանի որ գտնվում են Նուբարաշեն ՔՀԿ-ում ու նրանց չեն հասցրել բերել դատական նիստին։ 3 վկաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):
Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը փախուստի են դիմում 2-րդ անգամ։ 6 տարի առաջ՝ 2004թ-ի դեկտեմբերի 9-ին նրանք փախել էին «Գորիսի» ՔԿՀ-ից:10 շաբաթ անց, սակայն, կալանավորվել ու տեղափոխվել Երեւան՝ «Նուբարաշեն» ՔՀԿ։ Պատժաչափ էր նշանակվել 8 տարի ազատազրկումը։
Փախուստի դիմելու հետևանքով նրանք կարող են զրկվել պատժաչափը 20 տարի կրելուց հետո՝ որպես ցմահ բանտարկյալ ներման խնդրագիր ներկայացնելու հնարավորությունից:
Ցմահ ազատազրկվածներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը վկաների չներկայանալու պատճառով հետաձգվեց մինչև մայիսի 4-ը ժամը 12։00։
Քրիստինե Վարդանյան
Հ.Գ. Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը վտանգների միջով անցնելով՝ կրկնակի փախուստի դիմելով (հայտնաբերվելուց հետո նրանք ենթարկվել են անմարդկային խոշտանգումների, իսկ Մհեր ենոքյանը իրեն վնասել էր դանակով) փորձում են այս միջոցով իրավապահների և հանրության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա։ Այս մարդիկ իրավունք ունեն արդար դատաքննության և հենց դա է նրանց պահանջը՝ վերանայել քրեական գործերը, սակայն նրանց ձայնը տեղ չի հասնում։
Մհեր Ենոքյանը փախուստի ընթացքում, 22 օր ազատության մեջ գտնվելու օրերին «Իրական պատմություն» վերնագրով հուզիչ մի պատմվածք է գրել, որը ներկայացվել է «Անկախ» Ինքնագիր բլոգի պատմվածաշարերի մրցույթին։ Ընթերցողին այդ պատմվածքը կարդալու հնարավորրություն ենք ընձեռում։
http://ankakh.com/inknagir/?p=445
