ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խալաֆյանի գործով ձերբակալվել է օպեր լիազորը

Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին դանակի հարվածներից մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով ձերբակալվել է Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը: Այս մասին տեղեկանում ենք, ՀՔԾ-ի երեկ տարածած հաղորդագրությունից, որի վարույթում էլ գտնվում է քրեական գործը.
«Պաշտոնեական լիազորություններն անցնելու և Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով 2010 թվականի ապրիլի 21-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Մ.Հայրապետյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մինչդեռ, ըստ Խալաֆյանի հարազատների, հարցաքննության ժամանակ պրոֆիլակտիկայի սենյակում է եղել ևս մեկ օպեր' Գարիկ անունով:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել գողության կասկածանքով' ևս չորս երիտասարդների հետ:
Հաջորդ օրը Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, 24-ամյա երիտասարդը ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի սենյակում ինքնասպան էր եղել պահարանում դրված խոհանոցային դանակով։ Այնինչ Վահանի հարազատները հանոզված են և պնդում են, որ նրան տանջելով են սպանել ոստիկանությունում։
Ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել էր, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ Վահան Խալաֆյանին ոստիկանությունում խոշտանգել ու սպանել են:
Այս կապակցությամբ երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը «անթույլատրելի» է որակել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պնդումները, թե Վահան Խալաֆյանը միանշանակորեն չի խոշտանգվել, այլ ինքնասպանություն է գործել։
«Չի կարելի նմանատիպ հայտարարություններ անել, քանի որ գործընթաց է գնում, եւ գործընթացի արդյունքում, էքսպերտների ուսումնասիրությունների արդյունքում նոր պարզ կլինի, թե ինչ է և ինչպես է։ Այդ դեպքերում պետք է միանշանակ կարծիք հայտնելուց ձեռնպահ մնալ», - ասել է նա։
Օմբուդսմենը համոզմունք է հայտնել, որ Ոստիկանությունն, ամեն դեպքում, պետք է պատասխանատվություն կրի ապրիլի 13-ին Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան համար:
«Կապ չունի, թե ինչ վարկածներ կան։ Խնդիրը հետևյալն է. սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին ոստիկանություն է մտնում և այնտեղից մահացած դուրս է գալիս։ Նույնիսկ եթե այն վարկածը, որ ոստիկանապետը առաջ քաշեց, դա է համապատասխանում իրականությանը, միևնույն է, պատասխանատուներ պետք է լինեն: Ի՞նչ է նշանակում՝ մարդը եկավ և ոստիկանությունում ինքնասպանություն գործեց։ Չի' կարելի այդպես։ Մարդու կյանքը արժեզրկում են ահավոր»,- շեշտել է օմբուդսմենը։
