Վճռաբեկ բողոք Սաշա Դավթյանի գործով

Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝պահանջելով բեկանել  Սաշա Դավթյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ․ փետրվարի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի  1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  կայացրած վճռին, որով Սաշա Դավթյանի նկատմամբ պատիժ էր նշանակվել 4 տարի ազատազրկումը։

Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանը մեղադրվում էր իր անչափափահաս աղջկան բռնաբարելու և երկու դուստրերին խոշտանգելու մեջ։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 21.12.2009թ. դատավճռով արդարեցրեց նրան դստերը բռնաբարելու մեղադրանքի մասով՝ հիմք ընդունելով ոստիկանությունում անթույլատրելի ապացույցներով՝ խոշտանգումներով աղջիկներից ձեռք բերված ցուցմունքները ու վերջինիս մեղավոր ճանաչեց դուստրերին խոշտանգելու համար՝ նշանակելով 4 տարի ազատազրկում։

Վերաքննիչ քրեական դատարանը մեղմեց Սաշա Դավթյանի նկատմամբ  սահմանած 4 տարվա ազատազրկումը՝ այն դարձնելով 3 տարի, և Դավթյանը համաներում հայտարարելու մասին որոշմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ըստ բողոք բերողի՝«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ է տրվել «առերևույթ դատական սխալ, դատարանի հիմնավորումները չեն բխում  քրեական գործի նյութերից, ճիշտ չեն գնահատվել գործի փաստական դատական հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշները, նրա պատասխանատվությունն  ու պատիժը մեղմացնող հանգամանքները, որի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ»։

Դատախազը որպես բողոքի հիմնավորում մեջբերել է այն փաստը, որ Սաշա Դավթյանը  խոշտանգումների մասով իրեն մեղավոր է ճանաչել միայն նախաքննության  ընացքում, որից հետո երկու դատարաններում էլ Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և կատարած արարքի համար չի զղջացել։  Ըստ բողոքի՝

«Կարևորելով կոնկրետ  հանցանքի  առանձնահատուկ հատկանիշները՝ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչով է պայմանավորված եղել, որ 2008թ․ օգոստոսի 11-ին Թեհմինե Դավթյանը (քույրերից ավագը) հոգեմետ հաբեր օգտագործելով  ցանկացել է ինքնասպան լինել, իսկ անչափահաս Շուշան Դավթյանը  ժամը 23։30-ին սահմաններում հողաթափերով փախել տանից»։

Սաշա Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանն ասում է, որ դատախազության բերած բողոքում արտաքուստ տպավորություն կա, բայց նշված չէ նյութական և դատավարական իրավունքի կոնկրետ որևէ  նորմերի խախտում, հետևաբար «որպես մասնագետ գտնում եմ, որ բողոքը  ենթակա է վերադարձման»։։

Փաստաբանի կարծիքով՝ վերաքննիչ դատարանի կայացրած դատավճիռն օբյեկտիվ է։  Նա վերոնշյալ հիմնավորմամբ միջնորդություն է ներկայացրել վճռաբեկ դատարան։

Հ Գ   Նշենք, որ  Կենտրոնի ոստիկանությունում Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առայսօր  պատասխանատվության չի  ենթարկվել, չնայած այն բանին, որ հայտնի են նրանց անուններն ու աշխատանքի վայրը։ (տես այստեղ՝ http://www.hra.am/am/point-of-view/2010/02/25/arrest)։