ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իմ պաշտպանվելու ձևը փախչելն է

Վաղը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում շարունակվելու է ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի գործով դատավարությունը (ավտանգության նկատառումներից ելնելով' դատը տեղի է ունենում այստեղ): 2009թ. նոյեմբերին 28-ին նրանք 2-րդ անգամ դիմել էին փախուստի, հայտնաբերվել ու ձերբակալվել 21 օր անց' դեկտեմբերի 18-ին՝ Մհերին բռնել էին քաղաքի կենտրոնում, իսկ Սողոմոնին՝ Մուղնի գյուղում։
Մհերի և Սողոմոնի դեմ կրկին «քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով՝ փախուստ կալանավայրից ( պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով)։
Սողոմոնն ու Մհերը պնդում են, որ «1996թ.-ին Գերագույն դատարանի կողմից կատարված անօրինական, անարդար դատավճիռն է պատճառը, որ դիմել են փախուստի»:
«Հենց էս դահլիճի տանիքով էլ գնացել ենք, չեմ ասում` չենք փախել, փախել ենք, էլի եմ կրկնում, մենք միայն պաշտպանվում ենք, բա ի՞նչ անեմ, նստեմ մեռնե՞մ»,- ասում է Մհերը:
Ցմահ բանտարկյալները 2-րդ անգամ են դիմում փախուստի` այդ կերպ փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց քրեական գործերի վրա: Նրանք պնդում են, որ իրենց դատապարտել են անհիմն և ուզում են, որ իրենց գործերը վերանայվեն:
Ցմահների գործով անցնող 5 վկաներն արդեն 4-րդ անգամ դատարան չեն ներկայանում Մեղադրող կողմը՝ դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացրեց 5 վկաների կողմից ուղարկված գրությունը, որի մեջ նշված չէր պատճառաբանությունը, թե վերջիններս ինչու են հրաժարվել ներկայանալ ու վկայություն տալ:
Մհերի և Սողոմոնի փախուստից հետո նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):
Դատախազ Հարությունյանի խոսքով' վկաներն իրավունք ունեին չներկայանալու ու իրենց դեմ ցուցմունք չտալու' օրենքով սահմանված կարգով, քանի որ մեղադրյալ են այլ գործով: Նա առաջարկեց հիմք ընդունել նրանց նախաքննական ցուցմունքները, ինչին պաշտպանական կողմն ու դատարանը համաձայնեցին:
Կիմ Հայրապետյանի ու Սեդրակ Արթինյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո Մհեր Ենոքյանն ասաց, որ Կիմ Հայրապետյանը սխալ ցուցմունք է տվել, իսկ Սեդրակ Արթինյանը դեռևս 2005թ-ին, երբ Նուբարաշենի ՔՀԿ-ում որպես ստուգող էր աշխատում, պետք է պատասխանատվության ենթարկվեր մի խումբ անձանց հետ իրեն ու իր նման շատ կալանավորների խոշտանգելու համար, «մինչդեռ նրա պաշտոնը բարձրացվեց ու դարձավ անվտագության պետ»:
«2005թ.-ին, երբ Գորիսից ինձ տեղափոխեցին Նուբարաշեն, տեղավորեցին մի խցում, որտեղ մանյակներ ու արվամոլներ էին: Իմ վիճակում էր նաև Սողոմոնը Քոչարյանը,- դատարանում պատմում էր Մհեր Ենոքյանը,- Ինձ ստիպում էին, ասում'ոչ մեկի հետ մի խոսիր 1996թ. քո քրեական գործի թեմայով, նույնիսկ նախագահին ուղղված նամակներն էին պատռում, վախեցնում էին: Մի օր էլ տասը հոգով մտան խուց, որոնց մեջ Սեդրակ Արթինյանն էլ էր, ու ինձ տարան Հովիկ Պետրոսյանի աշխատասենյակ...2 ժամ ծեծեցին, որ չբողոքեմ»:
Ենոքյանը պատմեց, որ ժամանակին Արթինյանն առաջարկել է 100 հազար եվրոյի դիմաց կազմակերպել իր փախուստը, ինչին ինքը չի համաձայնել' հումորի տեղ ընդունելով ու մտածելով, թե իր ազնվությունն են ուզում փորձել:
«Մի օր մոտեցավ ու ասաց' արի մի կողմ դնենք, որ դու բատարկյալ ես, իմ անձնական կարծիքն է, որ մարդ չես սպանել, ես կարամ քո փախուստը նախապատրաստեմ: Հրաժարվեցի, մեկ շաբաթ անց նորից մոտեցավ, թե հանաք չեմ անում, կարող եմ հետո քո փախուստի համար պատիժ էլ կրել, բայց գոնե իմանամ' ինչի համար եմ անում: Ծիծաղով հարցրի'100 հազար եվրոյի տեղը դոլար չի լինի, ասաց' չէ»:
Անդրադառնալով Կիմ Հայրապետյանի նախաքննական ցուցմունքներին, որում ասվում է' իբրև Մհերը նրան խնդրել է սղոցի կտորներ բերել խոհանոցից' մահճակալի ոտքերը կտրելու ու հեռախոսի համար թաքստոց սարքելու նպատակով, Մհերն ասաց, որ վերջինս ստել է.
«Ես իրեն մի քանի անգամ խնդրել եմ, որ սղոցի կտորներ բերի, նա էլ ինձ ասաց, թե ամեն փոքր կտորի դիմաց 100 դոլար պիտի վճարես: Հետո 100 դոլար հավաքեցի տվեցի, բայց խաբեց, չբերեց: Հետո երբ ամեն անգամ սնունդ փոխանցելուց ասում էի բանտում նստած տղա եմ, ինչի խաբեցիր, չէիր անում, ասեիր չեմ անի, ասում էր ձեզ նմաններին տենց ա պետք: Շատ հետաքրքիր է, որ ինքը հիմա իր վրա է վերցնում»:
Մհերն ու Սողոմոնը տեղահան էին արել ՔՀԿ-ի զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը, պարանի միջոցով անցել ահազանգման համակարգի և արտաքին քողարկող պատի վրայով ու դիմել փախուստի:
Ենոքյանի խոսքով, ինքը երկու անգամ էլ փախել է Սողոմոնի հետ, քանի որ համոզված է, որ նա «հոգով հանցագործ չէ»:
Մհերն ասաց, որ նույնիսկ այս դատավարության ընթացքում իրենց հետ անմարդկային են վերաբերվում'«պահում են կեղտոտ վանդակի մեջ, ուր նույնիսկ վայրի գազանին չեն պահի, նստարանը պատված է ծիտիկների ծերտով (նստելուց առաջ Մհերն ու Սողոմոնը թերթ էին փռում նստարանին ու փորձում էին ճաղավանդակներին էլ չդիպչել), ստիպում են սև կրել...»:
«Ուղիղ վեց տարի, մինչև ԵԽ-ին անդամակցելը, մենք ընդհանրապես արևի երես չենք տեսել, զբոսանքի դուրս չենք եկել: Բոլորս դեղին էինք ու կապույտ: Դուռը բացեցին' մաքուր օդից վատացանք: Իսկ հիմա, երբ մենք իրավունք ունենք ամեն օր զբոսանքի գնալու, շաբաթական 3-4 օր ենք դուրս գալիս, իսկ շաբաթ և կիրակի օրերին ընդհանարապես դուրս չեն թողնում: Երբ դժգոհում ենք, ասում են'ձենդ կտրի, նստի, ցմահ դատապարտյալ չե՞ս»,- բարոյական ճնշումից բողոքեց Մհերը:
Ենոքյանը բողոքում էր, որ նույն խցում տարբեր հանցագործների հետ նստեցնելիս համակարգը հաշվի չի առնում մարդու հոգեբանական համատեղելիությունը.
«Ինքս ծխող չեմ և չեմ ցանկանում ծխող մարդու հետ նույն խցում նստել, չեմ ուզում, որ ծուխը փչեն վրաս: Դուռը բացում են, ասում, սրա հետ պիտի նստես: Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ: Միակ բանը, որ անում են' ասում են' մեռի: Իսկ միակ բանը, որ չեմ անում' դիակների վրայով չեմ փախչում: Առանց ասելու էգուց կխփեմ ու խփելով դուրս կգամ, կդառնամ մարդասպան, գոնե կիմանամ'ինչի համար եմ նստած, ո՞վ կշահի դրանից, դատախազությու՞նը, դատավո՞րը, թ՞ե համակարգը: 21 օր, որ փախուստի մեջ էի, մի վատ բան արեցի՞: Ուրիշը լիներ իմ փոխարեն, առաջինը կամ ինչ-որ խանութ կթալաներ, կամ մարդ կսպաներ: Ես հանցագործ չեմ: Դուրս եմ եկել քաղաք, ու ոչ մեկի մազին չեմ կպել: Ես պաշտպանվում եմ, ուրիշ ոչ մի բան, իմ պաշտպանվելու ձևը փախչելն է: Ես հանգիստ չեմ նստելու. Աստված եմ կանչում, որ հանկարծ պահի տակ ուրիշ բան չանեմ...»:
Մհերի կարծիքով' ավելի լավ կլիներ, եթե իրեն գնդակահարեին. «ծնողներս կգային գերեզմանիս կլացեին, մի երկու տարի հետ կհանգստանային, կվերջանար, կգնար, իսկ հիմա խցում նստած' սպասում եմ նրանց հանձնուքին ու եղբորս օգնությանը»:
Արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանը, ով հրաժարվել էր պաշտպան ունենալ, դատավորին ցույց տվեց «Նովոստի Արմենիի» ինտերնետային կայքից հանված իր մասին ինֆորմացիան, որում գրված է, թե ինքը մահապատժի է դատապարտվել երկու և ավելի անձանց սպանության համար (նրա վերջին դատվածությունը՝ 1995 թ.-ին՝ ՀՀ քր.օր. 222 հոդ. 1-ին մասի, 104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 8-րդ - 11-րդ կետերի մեղադրանքով): Նա ակնարկեց, որ այդ սխալ տեղեկատվության տարածման հեղինակը ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչություն է:
Որպես Մհերի խոսքի լրացում'Սողոմոնը դատարանին միայն հարցրեց, թե ինչո՞ւ իր գործի մեջ չկա պատերազմում' 1993թ-ից իր հաշմանդամության մասին տեղեկանքը, և ինչո՞ւ Է ինքն առանց պատճառաբանության զրկվել հաշմանդամության նպաստը ստանալուց: Դատավորն ու մեղադրող Հարություն Հարությունյանն այս հարցի պատասխանը չունեին:
Սողոմոնն ասաց, որ եթե մինչև դատավարության ավարտն իրենց գործերը չվերաբացվեն, հացադուլ կհայտարարի,
«Հասկանում եմ, որ փախուստը ոչ մի երկրում գործերի վերանայման հիմք չի կարող դառնալ: Սակայն մենք այդ ձևով համակարգի ուշադրությունն ենք հրավիրում մեր գործերի վրա: Ես սիրում եմ իմ ժողովրդին, իմ երկիրը: Ու եթե մեղավոր եմ, դատեք ինձ, ոչինչ չեմ կարող ասել»:
Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը խնդրանքով դիմել են, որ իրենց «Կենտրոն ՔՀԿ» տեղափոխեն, սակայն խնդրանքը մերժվել է (նրանք վախենում են, որ «Վարդաշեն» ՔՀԿ-ում գտնվող'փախուստի գործով մեղադրվող 5 հսկիչներն ու պետերը ամեն վայրկյան կարող են իրենց հետ հաշվեհարդար տեսնել):
Քրիստինե Վարդանյան
