Հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ուղղել Արդարադատության նախարարին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ուղղել  ՀՀ Արդարադատության նախարարին առանց օրենքով նախատեսված հիմքերի 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին պահվելու վերաբերյալ։ Օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, հաշվետվությունը հրապարակվում է։ Նմանատիպ բովանդակության գրություն է ուղարկվել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն։

 

N 10-17
03.09.2010թ.

ՀՀ Արդարադատության նախարար
պարոն Գ. Դանիելյանին

 ՀՐԱՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հասարակական դիտորդների խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը և Արման Դանիելյանը  2010 թվականի սեպտեմբերի 2-ին այցելեցին «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում պարզվել է, որ Հիմնարկում 2010 թվականի օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ փաստաթղթերը.

Ազատազրկվածի քարտում նշված է.

«Մուտք է եղել հիմնարկ 05.08.2010 թվականին և ազատվել է 01.09.2010 թվականին ՀՀ գլխավոր դատախազության թիվ 21/32-570-10 թվականի գրության համաձայն:»

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի 05.08.2010 թվականի 21/32-570-10 գրությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  պետ Տ. Նավասարդյանին և պատճենը Քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին.

«2010 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի ՈԲ աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ է տարվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից 1344 և 1349 հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող 29.07.2010 թվականից հետախուզվող Սարգիս Մանուկի Պողոսյանը: Վերջինս ՀՀ Քր. դատ. օր-ով սահմանված 72 ժամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ազատ է արձակվել քանի, որ չի ստացվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին որոշումը: Հաշվի առնելով Ս. Պողոսյանի կողմից կատարված արարքի ծանրությունը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվում է, հիմք ընդունելով ԱՄՆ ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 28.07.2010 թվականի տեսքով հրապարակված շրջաբերականը կալանքի վերցնել Ս. Պողոսյանին մինչև ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից համապատասխան փաստաթղթերի ստացումը»։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի 05.08.2010 թվականի N 373-32-98 գրությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին.

«Ուղարկվում է բանկային խարդախության փորձ կատարելու համար ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանը, 1983 թվականի ծնված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պահման ընդունելու և ՀՀ գլխավոր դատախազության վրա հաշվարկելու համար»:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի 06.08.2010 թվականին, Ե40/18-3-44-44 գրությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Վ. Ավետիսյանին.

«Հայտնում ենք, որ 05.08.2010 թվականին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել ԱՄՆ քրեական օրենսգրքի 18 պարբերության 1344 և 1349 հոդվածներով հետախուզվող Ս. Պողոսյանը»:

2010 թվականի սեպտեմբերի 1-ին Ս. Պողոսյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին ուղված 21/32-570-10 գրության հիման վրա, որ բերվում է ստորև.

«Հանձնարարվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանին ազատ արձակել կալանքից:»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն միայն դատարանի որոշման հիման վրա է թույլատրվում կալանքը որպես խափանման միջոց կիրառել:

Միաժամանակ, Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը (Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքերը) հստակ նշում է «...Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է' կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ... կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է»: Փաստորեն Սարգիս Պողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունել և պահել է ոչ թե դատարանի որոշմամբ, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի նամակի հիման վրա։

Հասարակական դիտորդների խումբը գտնում է, որ Սարգիս Պողոսյանը 28 օր ապօրինի պահվել է կալանքի մեջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հանցանք է։ Նրա նկատմամբ խախտվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 16-րդ  հոդվածի պահանջները։ ՀՀ Սահմանադրությունը և Եվրոպական կոնվենցիան թվարկում են ազատությունից զրկելու սպառիչ հիմքերն ու կարգը, որոնց շարքում նախատեսված չէ գլխավոր դատախազի տեղակալի նամակի հիման վրա անձին կալանավորելու և կալանքի տակ պահելու հիմք և ընթացակարգ։  

Խնդրում եմ տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ և պատժել մեղավորներին։ 

Հարգանքով,

Արման Դանիելյան
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խմբի նախագահ

Հրատապ հաշվետվությունը մեկ ֆայլով (pdf, 73kb)