ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի առաջարկությունները ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի օրենքի նախագծի մասին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ստորև ներկայացնում ենք Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի առաջարկությունները օրենքի նախագծի վերաբերյալ։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի առաջարկությունները ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի օրենքի # Կ-944-06.07.2010-ՊԱ-010/0 նախագծի մասին
1. Կարգապահական կանոնագիրք օրենքի նախագծի 3-րդ հոդվածը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ այն ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որը զինծառայողին հնարավորություն կընձեռնի ողջամտորեն կանխատեսելու իր գործողությունների հետևանքները: Նշված հոդվածը սահմանում է զինվորական կարգապահության պահպանման գործում զինծառայողների պարտականությունները, որոնք խախտելու դեպքում նույն օրենքի հոդված 11-ի ուժով ենթակա է կարգապահական պատասխանատվություն: Մինչդեռ, գտնում ենք, որ նշված հոդվածը չափազանց ընդգրկուն և ոչ հստակ ձևակերպումներ է պարունակում, որը հնարավորություն չի տալիս զինծառայողին հասկանալ իր պարտականությունները և բարեխղճորեն կատարել դրանք: Մասնավորապես, Հոդված 3-ի 1-ին մասը նախատեսում է այնպիսի անորոշ բովանդակության պարտականություններ, ինչպիսիք են «...խuտորեն պահպանել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության եւ oրենքների պահանջները», «զինվորական պարտքը և գործառնական պարտականությունները կատարել արիաբար»: Սույն դրույթների գոյությունը վտանգում է օրինականությունը և կարող է բազում կամայականությունների տեղիք տալ: Մասնավորապես, հարց է առաջանում, եթե զինծառայողը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, ժամանակին չի կատարում որևէ պայմանագրային պարտավորություն, կարող է արդյոք այդ խախտման համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Սույն դրույթի բառացի մեկնաբանության դեպքում ստացվում է' այո, մինչդեռ պետք է հասկանալ, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելը ինքնանպատակ չէ և այն կոչված է ամրապնդելու զինվորական կարգապահությունը, հետևաբար սույն հոդվածում նախատեսված որևէ պարտականության նախատեսումը պետք է ուղղված լինի այդ խնդրի ձեռք բերմանը: Մյուս կողմից, սույն հոդվածով զինծառայողի համար նախատեսվել են այնպիսի պարտականություններ, որոնք իրենց բնույթով համընդհանրական են և պայմանավորված չեն զինվորական կարգապահության պահպանման անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ նման պարտականություններ են դրված յուրաքանչյուր անձի վրա, իսկ այդ պարտականությունների կատարումը ապահովված է իրավունքի այլ ճյուղերով: Հետևաբար, աննպատակահարմար է քրեական օրենսգրքով արգելված արարքի չկատարումը նախատեսել որպես զինվորական պարտականություն: Օրինակ, հասկանալի է, որ պետական գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է և դրա համար լրացուցիչ կարգապահական պատասխանատվություն չպետք է նախատեսվի:
2. Մյուս կողմից, 11-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է «Կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում առկա են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ»։ Նշված դրույթը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ քրեական և կարգապահական պատիժները չեն սահմանազատվի, որը կհանգեցնի կրկնակի պատասխանատվության։ Կարծում ենք պետք է հստակ տարանջատում լինի քրեական հանցագործության և կարգապահական խախտման միջև: Հարկ է նկատի ունենալ, որ հանցագործության նյութական հատկանիշը հանրային վտանգավորությունն է, որը օբյեկտիվ կատեգորիա է և գոյություն ունի մարդու կամքից և գիտակցությունից անկախ: Հետևաբար, հնարավոր չէ նույն արարքին մի դեպքում տալ քրեաիրավական գնահատական, իսկ մեկ այլ դեպքում որակել միայն որպես կարգապահական զանցանք, իսկ մեկ արարք կատարած անձին ենթարկել և կարգապահական պատասխանատվություն և քրեական պատասխանատվության: Մինչդեռ սույն դրույթի պահպանման պարագայում, զինծառայողին կարող է տրվել կարգապահական տույժ իր կատարած զանցանքի համար, ինչպես նաև վերջինս կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միևնույն արարքի համար։ Այսպես օրինակ, 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն զինվորական կարգապահությունը ենթադրում է յուրաքանչյուր զինծառայողին պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը։ Պետական գաղտնիքը չպահպանելու համար պատասխատանատվություն է նախատեսվում նաև Քրեական օրենսգրքի 299 հոդվածի, ինչպես նաև 306 հոդվածի համաձայն։ Գտնում ենք, որ կարգապահական կանոնագրքի նշված դրույքները պետք է սահմանել այնպես, որ կարգապահական տույժերն ու քրեական պատիժները հստակորեն սահմանազատվեն։ Եթե անձի արարքը չի պարունակում երկու արարք, նա չի կարող ենթարկվել կրկնակի պատասխանատվության:
3. 11-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է կոպիտ կարգապահական խախտումները, որոնք ընդգրկում են նաև քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ ունեցող արարքներ։ Նման սահմանումը փաստորեն կրկին անգամ նույնականացնում է կարգապահական խախտումը քրեական հանցագործության հետ, ինչն անթույլատրելի է: Եթե անձի կատարածը պարունակում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա անձը ակամա դուրս է գալիս կարգապահական պատասխանատվության ոլորտից և ներթափանցում է քրեաիրավական ոլորտ: Հետևաբար, այդ արարքը չի կարող նորից որակվել որպես կարգապահական խախտում:
4. Կոպիտ կարգապահական խախտումների դեպքում 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետք է կիրառվեն 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը։ Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին կոպիտ կարգապահական խախտումների դեպքում կարող են տրվել 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով, իսկ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին' նաեւ 10-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերը: 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են գերատեսչական կրծքանշանից զրկում, պաշտոնի իջեցում մեկ աստիճանով, զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով։ Փաստորեն, եթե շարքային կազմի պարտադիր զինծառայողը չունի գերատեսչական կրծքանշան, պաշտոնը կամ զինվորական կոչումն ամենացածրն է, ապա կոպիտ կարգապահական խախտումների դեպքում ենթարկվում է այն նույն տույժերին, որոնց կենթարկվեր սովորական խախտում կատարելու դեպքում։ Հետևաբար, նման կարգավիճակում գտնվող զինծառայողների համար կարգապահական խախտումների և կարգապահական կոպիտ խախտումների տարբերակումը չունի որևէ իրավական նշանակություն և հետևանք, քանի որ գոյություն չունեն հատուկ տույժի միջոցներ, որոնք կապահովեն խախտման ծանրությանը համամասն տույժ նշանակելու հնարավորությունը:
5. Սույն նախագծում նշված չէ, թե հրամանատարները համապատասխանաբար ինչպիսի կարգապահական տույժեր կարող են նշանակել իրենց լիազորությունների շրջանակում։
6. Համաձայն 16-րդ հոդվածի 18-րդ կետի զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել ըստ վերադասության կամ դատարան։ Միևնույն ժամանակ 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի նվազեցնելու կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինu չի գերազանցել իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը: Այնուամենայնիվ, ավագ հրամանատարը իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի տված տույժը և զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ, եթե գտնում է, որ տույժը չի համապատասխանում խախտման ծանրությանը: Հարց է առաջանում, եթե հրամանատարը գտնում է, որ տույժը չի համապատասխանում խախտման ծանրությանը, քանի որ ավելի մեղմ խախտման համար նշանակվել է առավել խիստ տույժ, ինչու է վերջինս զրկված կարգապահական տույժը նվազեցնելու իրավունքից: Նման տարբերակված և խտրական մոտեցման դրսևորման համար /ի վնաս զինծառայողի/ կա՞ արդյոք որևէ օրինաչափ և արդարացված հիմք: Նման ձևակերպմամբ դրույթի առկայությունը խաթարում է բողոքարկման իրավունքի ողջ էությունը, քանի որ վերադասության կարգով բողոքարկումը անիմաստ է դառնում, եթե ավագ հրամանատարը զրկված է կրտսեր հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժը նվազեցնելու իրավունքից և հնարավորությունից։ Գտնում ենք, որ եթե ավագ հրամանատարը կարող է խստացնել կրտսեր հրամանատարի հրամանը, ապա նա նաև պետք է իրավասու լինի նվազեցնել այդ տույժը։
7. Ողջունում ենք ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջադրված փոփոխությունը' վերացնել մեկուսացում կարգապահական տույժի կիրառումը և փոխարենը ստեղծել կարգապահական վաշտեր։ Սակայն սույն օրենքը չի կարգավորում կարգապահական վաշտերում տույժի կրման պայմանները և կարգը, ինչն անընդունելի է: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ բացառապես օրենքներով են սահմանվում կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգն ու պայմանները, մինչդեռ կարգապահական վաշտերում տույժի կրման կարգն ու պայմանները կարգավորված չեն:
8. Սույն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն զինծառայողներին կարող է տրվել խրախուսանք՝ հիմնական արձակուրդի տրամադրում։ Հիմնական արձակուրդ ունենալու իրավունքը զինծառայողների հիմնական իրավունքներից է, և դրա տրամադրումը չի կարող համարվել խրախուսանք։ Լրացուցիչ արձակուրդի տրամադրումը կարող է համարվել խրախուսանք։
9. Օրենքը նախատեսում է ծառայողական քննության պարտադիր անցկացման հնարավորություն միայն զինծառայողի կողմից կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ սպաների և ենթասպաների կողմից՝ կարգապահական խախտման պարագայում: Գտնում ենք, որ քննության իրականացումը, առանց որի հնարավոր չէ պարզել խախտման բնույթը և նշանակել համաչափ և արդարացի տույժ, պետք է պարտադիր լինի բոլոր դեպքերում:
