ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գլխավոր դատախազություն. «Կալանավորվել է իրավական անհրաժեշտ բոլոր հիմքրի առկայության պայմաններում»

ՀՀ Գլխավոր դատախազությունը պատասխան է ուղարկել ՀՀ արդարդատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի նամակին։
11.09.2010
ՀՀ արդարդատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խումբը սեպտեմբերի 9-ին հանդես է եկել «Հրատապ հաշվետվությամբ»՝ պնդելով, թե 2010 թվականի օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը առանց օրենքով նախատեսված հիմքերի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը: Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ս.Պողոսյանի կալանավորումը տեղի է ունեցել իրավական անհրաժեշտ բոլոր հիմքերի առկայության պայմաններում:
Նկատի ունենալով, որ «Հրատապ հաշվետությունը» տարածվել է նաեւ ԶԼՄ-ներով՝ ստորեւ հրապարակում ենք Դիտորդների խմբին ուղղված ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն ամբողջությամբ.
«Սարգիս Մանուկի Պողոսյանը 02.08.2010թ. ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից և 05.08.2010թ. տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, քանի որ հետախուզվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18:1344, 1349 հոդվածներով՝ բանկային խարդախություն կատարելուն օժանդակելու մեջ, այսինքն՝ Ս. Պողոսյանը մեղադրվում է այն oտարերկրյա պետության տարածքում հանցագործություն կատարելու մեջ, որի հետ Հայաuտանի Հանրապետությունը կապված է փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական oգնություն ցույց տալու պայմանավորվածությամբ:
Նրա վերաբերյալ ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից լրացված է հետախուզական քարտ, ինչպես նաև առկա է կալանքի սանկցիա՝ տրված ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արևելյան Ռիչմոնդի շրջանային դատարանի կողմից:
Ելնելով վերոնշյալից պարզաբանվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 05.08.2010թ. գրությունը հիմնված է եղել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ուղարկված փաստաթղթերի վրա:
Ինչ վերաբերվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Ձեր պնդմանը, ապա հիշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատաuխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն oրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը վերաբերվում է անձի oրինական կալանավորմանը կամ ձերբակալմանը' իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար:
Մինչդեռ Ս. Պողոսյանի կալանավորումն իրականացվել է նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ոչ թե «գ», այլ «զ» ենթակետի հիմքով, որը, այլի հետ մեկտեղ (inter alia), վերաբերվում է այն անձի oրինական կալանավորմանը կամ ձերբակալմանը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում' նրան հանձնելու հարցի ուսումնասիրման և վերջնական որոշման կայացման նպատակով:
Այս հիմքով անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար վերոնշյալ Կոնվենցիան չի սահմանում անձին անհապաղ դատավորի մոտ տանելու պարտադիր պահանջ:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բազմաթիվ գրագրություններ է վարել ԱՄՆ իրավասու մարմինների հետ Ս. Պողոսյանի հայտնաբերման կապակցությամբ:
ԱՄՆ իրավասու մարմիններն ուղարկել են նրա վերաբերյալ որոշակի դատավարական փաստաթղթեր (այդ թվում կալանքի սանկցիա՝ տրված ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արևելյան Ռիչմոնդի շրջանային դատարանի կողմից), սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ չեն ստացվել Ս. Պողոսյանի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը նրան ազատ է արձակել, մինչև ԱՄՆ իրավասու մարմիններից քրեական գործը ստանալը»:
