ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գերակա է հանրային շահը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը մերժել է Արտավազ գյուղի բնակիչների հայցն ընդդեմ Կառավարության:
Դատարանը անհիմն է համարել արտավազցիների այն պնդումը, թե բացակայում էր գերակա հանրային շահը, այլ առկա է մասնավոր իրավաբանական անձի առեւտրային շահ:
«Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 41 բնակիչներ վիճարկում են Կառավարության այս տարվա փետրվարի 25-ի որոշումը, որով Արտավազ համայնքի մոտ 96 հա հողատարածք ճանաչվել է «բացառիկ գերակա շահ» եւ հատկացվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը:
Ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել էր շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը: Ընկերությունը Կառավարության նիստի օրը գրանցել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն, որի գործադիր մարմնի ղեկավարը ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին է' Արամ Աբրահամյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ փետրվարի 25-ին գրանցված ընկերությունը նույն օրը կարողացել է ծրագրի փաթեթ ներկայացնել Կառավարության քննարկմանը, եւ գործադիրն էլ նրա օգտին որոշում է կայացրել, մինչդեռ Կառավարության որոշման նախագիծը որոշակի ժամկետներում պետք է համաձայնեցվեր շահագրգիռ մարմինների հետ, դատարանը գտել է, որ այդ հարցը մտնում է Կառավարության իրավասությունների մեջ, եւ հայցվոր կողմը իրավասու չէ դա դնել իր պահանջի հիմքում, առավել եւս, որ դրանով հայցվորների որեւէ իրավունք չի խախտվում:
Դատարանը եզրակացրել է, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի համաձայն' գերակա հանրային շահը կարող է հետապնդել նպատակ էներգետիկայի, հեռահաղորդակցության, ընդերքօգտագործման, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովան գործում:
Դատարանը փաստել է, որ արտավազցիների հողերի նկատմամբ ճանաչված բացառիկ' գերակա հանրային շահը բխել է Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարանի կառուցուման ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից:
Ավելին, նշել է, որ ցանկացած ներդրումային առաջարկի իրականացում ներդրում իրականացնող ընկերության համար ինքնանպատակ լինել չի կարող, սակայն նշված որոշման կայացմամբ հետապնդվել է ոչ թե առեւտրային կազմակերպության մասնավոր շահի ապահովում, այլ ՀՀ տարածքային համաչափ զարգացման նպատակ:
Դատարանը եզրակացրել է, որ Արտավազում գործարանի կառուցումը էական ռազմավարական նշանակություն ունի ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ նպաստելու է բնակավայրում զբաղվածության խնդրի լուծմանը, ապահովելու է ոչ միայն Արտավազ համայնքի, այլեւ Կոտայքի մարզի տնտեսական զարգացումը, օգտակար հանածոների արդյունավետ օգտագործումը' նպաստելով ստորերկրյա ջրերը հանքավայրերի աղտոտումից զերծ պահելուն, այսինքն' երկրի համար հետապնդում է նաեւ էկոլոգիական շահ:
Փորձեցինք Կոտայքի մարզպետարանից ճշտել, թե մինչ օրս ինչ քայլեր են կատարվել Արտավազ համայնքի հողերի օտարման հետ կապված, քանի որ փետրվարի 25-ին, երբ Կառավարությունը կայացրել էր «բացառիկ գերակա հանրային շահ»-ի մասին որոշումը, եռամսյա ժամկետ էր սահմանվել որպես uեփականության oտարման գործընթացը uկuելու վերջնաժամկետ:
Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Մարգարյանը տեղեկացրեց, որ մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այժմ արձակուրդում է, եւ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի ստանալ նրա վերադարձից' հոկտեմբերի 5-ից հետո:
Մինչ ընթանում էր այս գործի քննությունը, հայցվորներից 5-ը հրաժարվել էին հայցապահանջից: Իսկ մնացած 36-ը շարունակելու են պայքարել իրենց սեփականության իրավունքը վերականգնելու համար: Արտավազի բնակիչ Երվանդ Նալթակյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ բողոքարկելու են վարչական դատարանի որոշումը ու գնալու են մինչեւ վերջ:
