Անտառահատումները Հայաստանում։ Առողջ միջավայրում ապրելու իրավունքը, խնդիրները և լուծումները

Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո կանգնեց բազում խնդիրների առջև' սոցիալական, տնտեսական, քաղաքական:  Շարունակական բնույթ կրող բախումները հարևան Ադրբեջանի հետ, ինչպես նաև թուրք-ադրբեջանական բլոկադան վերջիվերջո հանգեցրին նաև էներգետիկ ճգնաժամի, ինչի արդյունքում գազի և էլեկտրականության բացակայության պատճառով մարդիկ սկսեցին ծառերն օգտագործել որպես վառելիք: Լայնածավալ բնույթ սկսեցին կրել ապօրինի ծառահատումները: Համաձայն 2005թ.-ի Միջազգային անտառաբուծության  տեսության' ՀՀ-ում միայն 1991-1996թ.թ. ընթացքում տարեկան 600.000 կուբամետր ծառ է կտրվել: Ծառահատումները չեն դադարել նաև հաջորդող տարիներին, ինչի մասին վկայում է այն ցուցանիշը, որը գրանցվել է 2005 թ-ին: Այդ ցուցանիշը կազմում է  ՀՀ տարածքի 10%-ը 1988թ-ի 11.2% ցուցանիշի դիմաց1:

Սակայն ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր: Արդյոք հիմա, երբ չկա էներգետիկ ճգնաժամ, իսկ տնտեսության ոլորտում, համաձայն ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման  նախարարության  տվյալների, միայն  2005 թ. 6 ամիսների ընթացքում 10.2% տնտեսական աճ է գրանցվել, շարունակվու՞մ են ապօրինի անտառահատումները այսօր, թե՞ ոչ:

Այսպես, համաձայն «Հայաստան ծառ նախաձեռնության» (Armenia Tree Project) կայքէջում տեղադրված տվյալների, ցուցանիշները հետևյալն են: Այսօր ՀՀ տարածքում տարեկան մոտ 750,000 կուբամետր ծառ է կտրվում: Սա, ըստ փորձագետների, կհանգեցնի նրան, որ 50 տարի անց Հայաստանը կլինի անապատացված տարածաշրջան: Հետազոտությունների համաձայն՝ տարեկան կես միլիոն կուբամետր փայտ է այրվում Հայաստանում, որից միայն 10-12%-ն է արձանագրվում: Մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում ոչ միայն կրճատվել են Հայաստանի անտառների տարածքները, այլև դա հանգեցրել է ծառատեսակների կառուցվածքային փոփոխության: Այսպես, նվազում են այնպիսի օգտակար ծառատեսակները, ինչպիսիք են հաճարենին, կաղնին, սոճին և հացենին, իսկ դրանց տեղը հայտնվում են պակաս օգտակար տարատեսակները /օրինակ ֆենխելները/: (United Nations Common Country Assessment of Armenia)

Համաձայն «Հայաստան ծառ նախաձեռնության» մեկ այլ հետազոտության արդյունքների' սկսած 1993 թ-ից ավելի քան 100.000 հեկտար անտառ է հատվել Հայաստանի ողջ տարածքով մեկ, ինչի արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության 240.000 հեկտարն է անտառածածկ, որը համապատասխանում է  ողջ տարածքի 8%-ին: (Armenia Tree Project)       

Վերջիվերջո, ՄԱԿ-ի մեկ այլ հետազոտության համաձայն, Հայաստանի 24.353 քառ. կմ տարածքը, որը կազմում է ողջ տարածքի 81.9%-ը, (չհաշված Սևանա լճի ու ջրամբարների տարածքը) ենթակա է տարբեր մակարդակների անապատացման: Անապատացման խիստ մեծ վտանգ սպառնում է երկրի 26.8%-ին, իսկ անապատացման ավելի մեղմ, բայց, այնուամենայնիվ, հնարավոր վտանգ սպառնում է պետության տարածքի 8.8%-ին2:             

Իսկ ինչպիսին են պաշտոնական տվյալները և, ընդհանրապես, պետության դիրքորոշումը տվյալ խնդրի շուրջ:

Նախ նշենք, որ համաձայն պաշտոնական տվյալների' Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում են 334.100 հա, այսինքն՝ ՀՀ ամբողջ տարածքի 11-12%: Սակայն անհրաժեշտ է նշել, որ այս տվյալները գրանցվել էին դեռևս 1992թ-ին:  Միևնույն ժամանակ վերը նշված հետազոտությունների համաձայն' այսօր  անտառածածկ տարածքները կազմում են 8%:

Համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի նկարագրի3, անտառի որակական փոփոխություններ եղել են, բայց անտառային տարածքները չեն նվազել: Ըստ նրա, հիմա անտառային տարածքներն այնքան են, ինչքան 1988-ին: Անտառային պաշարի իմաստով' 1988-ի եւ 2006-ի համեմատությամբ' հիմնականում Տավուշում եւ Լոռիում, անտառային պաշար չի նվազել, մակարդակը նույնն է' չնայած այս տարիների մեծ ծավալի օգտագործումներին: Պրն. Մաթևոսյանը նաև նշում է, որ անտառը աճում է, իսկ հատված տարածքներում բնական վերաճն ավելի արագ է ընթանում:

Ներկայումս Համաշխարհային բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրառման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավման ծրագիր է իրականացվում: Իսկ «Հայանտառը»  բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ուղղված  բնակչությանն ապօրինի հատումների արդյունքում բնությանը հասցրած վնասի փոխհատուցումների մասին իրազեկելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանում անտառահատման բիզեսի առկայությանը, ապա Պրն.Մաթևոսյանի գնահատմամբ անտառահատումը որպես կայացած բիզնես Հայաստանում գոյություն չունի: Նույնիսկ ավելին,  «Հայանտառի», նաեւ երկրի խնդիրն է' կայացնել դա որպես բիզնես' հատումը, տեղափոխումը, օգտագործումը: Պրն.Մաթևոսյանը հույս է հայտնում, որ այս անտառկառավարման պլանների հաստատումից հետո իրենք կգնան դրան, եւ պետությունը կհայտարարի մրցույթ: Սակայն ըստ «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի, ցանկացած ծառահատում այսօր անդառնալի կորուստ է: «Հարկավոր է բիզնեսը դուրս մղել այս ոլորտից»,- նշում է տիկին Զարաֆյանը: Սակայն իշխանությունները չեն համաձայնում իրենց հետ' պատճառաբանելով, որ դա ծանր բեռ կլինի անտառածածկ տարածքներում ապրող սոցիալապես անապահով բնակչության համար, որոնք հույս ունեն անտառների հաշվին վառելիք ստանալ և աշխատանք ունենալ4: Այս խնդրին որպես լուծում Ինգա Զարաֆյանն առաջարկում է օրինակ 5 տարի ոչ մի տեսակի հատումներ չիրականացնել, արգելել անտառահատումները, իսկ անտառամերձ տարածքների համար իջեցնել գազի գինը: Նա նշում է, որ կառավարության վրա դա ավելի էժան կնստի, քան անտառի հատման հետեւանքով առաջացած խնդիրները լուծելը: Բնապահպանը նշում է, որ երբ իրենք ահազանգում են անտառահատումների մասին, իրենց ակտիվիստներին կանչում են ոստիկանություն և սկսում են հարցաքննել: «Մեր նպատակը չէ, որ խեղճուկրակ անտառապահը, ով պատվեր է կատարում, գնա եւ նստի, մեր նպատակը իրավիճակի շտկումն է»,- ասում է Ինգա Զառաֆյանը ու հավելում, որ Հանքավանում 500 հա դուրս է բերվել անտառածածկ տարածքից եւ տրվել համայնքներին, իսկ համայնքներն էլ դրանք վաճառել են անհայտ անձանց5:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն իր լուծումներն է առաջարկում անտառահատման խնդիրներին: Վանաձոր կատարած իր այցի ժամանակ, ուր նա հանդիպել է Լոռու մարզի իրավապահների ու անտառտնտեսությունների մասնագետների հետ անօրինական հատումների պատճառներն ու դրանց կանխարգելման միջոցները քննարկելու համար, նախարարը հայտարարեց, որ առաջիկայում տեղադրվելու են անցակետեր, որոնք կստուգեն անտառներից դուրս եկող ավտոմեքենաները, որը կնպաստի անօրինական հատումների ծավալների նվազմանը:  Բացի այդ, Գյուղատնտեսության նախարարությունը դեռեւս անցած տարվանից մշակել է մի նախագիծ, որով անտառամերձ շրջանների բնակչությանը նախատեսվում է անտառային թափուկների գնով վառելափայտ տրամադրել: Եթե 1 մ3  վառելափայտի համար անտառամերձ շրջանի գյուղացին հիմա վճարում է 1200 դրամ, որոշման ընդունումից հետո կվճարի՝ 600 դրամ:

Երրորդ գործողությունը, որով նախատեսվում է կանխարգելել անօրինական հատումները, անտառի պահապանների աշխատանքային պայմանների բարելավմանն է ուղղված: Այս պահին անտառապահների աշխատավարձը չի հասնում 50.000 դրամի, նրանց չի տրամադրվում զենք, ավտոմեքենա կամ ձի, արտահագուստ 6 :

Դատելով Գյուղնախարարի նշած ծրագրերից, կարելի է ենթադրել, որ որքան էլ նվազեցնեն անտառահատումների տեմպերը, անտառահատումները բնավ չեն դադարեցվելու: Սակայն մի՞թե փորձագետների նշած թվերը, իսկ համաձայն դրանց Հայաստանի 24,353 քառ. կմ տարածքը, որը կազմում է ողջ տարածքի 81.9%-ը, /չհաշված Սևանա լճի ու ջրամբարների տարածքը/ ենթակա է տարբեր մակարդակների անապատացման /ՄԱԿ/, մի՞թե այս ցուցանիշները չեն կարող հզոր խթան հանդիսաալ, որպեսզի առնվազն մի քանի տարով դադարեցվեն անտառահատումները:

Համաձայն մի հետազոտության, որն իրականացրել է Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը  2009թ-ին, հնարավոր չի լինի անտառահատումները դադարեցնել նույնիսկ մեկ տարով այնքան ժամանակ, որքան գազը կլինի անհասանելի հեռավոր անտառամերձ գյուղերում ոչ թե աշխարհագրական առումով, այլ գազի բարձր արժեքի պատճառով: Իրականացված հետազոտությունները (Սյունիքում, Տավուշում եւ Լոռիում) ցույց են տվել, որ փայտանյութը օգտագործվում է ոչ միայն այնտեղ, որտեղ գազ չկա, այլև այնտեղ, որտեղ կա, իսկ գազի թանկացմանը զուգահեռ զգալիորեն նվազել են գազի օգտագործման ծավալները որպես վառելիք: «Գազը օգտագործվում է հրատապ անհրաժեշտության դեպքում կամ, օրինակ, ինչ-որ սենյակ տաքացնելիս: Գազին զուգահեռ օգտագործում է փայտանյութը»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ուստի այս դեպքում Ինգա Զարաֆյանի առաջարկը հեռավոր անտառամերձ գյուղերի բնակիչների համար գազն ավելի մատչելի դարձնելը ոչ միայն բառի բուն իմաստով, այլև գնային առումով, թվում է խնդրի  հնարավոր լուծում:

Սակայն Հրանուշ Խառատյանը նշում է, որ անտառը ավելի հաճախ հատվում է բիզնեսի նպատակով: Ընդ որում'անտառին սպառնացող հիմնական խնդիրը ոչ թե ջեռուցման համար կատարված հատումներն են, այլ հենց բիզնես նպատակով արվածները, որովհետեւ հենց այս դեպքերում են, որ կտրվում են լավագույն ծառերը 7:

Ուստի արդեն մեկ այլ հարց է ծառանում'ի՞նչ պետք է անի պետությունը նման, թեկուզև պաշտոնապես չճանաչված, բայց գոյություն ունեցող բիզնեսը արգելելու համար: Վերը նշված փաստերը և կարծիքները հաշվի առնելով՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացության: Անհրաժեշտ է լուրջ հսկողություն սահմանել ողջ անտառածածկ տարածքներում, ինչպես նաև բարձրացնել տուգանքի արժեքը յուրաքանչյուր կտրված ծառի դիմաց այնքանով, որքանով այլևս նման բիզնեսով զբաղվելը ձեռնտու չի լինի: Բնականաբար, ուժեղ մոնիտորինգի և հսկողության սահմանման համար միայն պետական վերահսկողությունը բավական չի լինի: Անհրաժեշտ կլինի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ևս ներգրավել վերահսկողության ծրագրի մեջ, որպեսզի լինի օբյեկտիվ և հավասարակշիռ վերահսկողություն: Այս դեպքում հնարավոր կլինի խոսել արդեն ոչ թե անտառահատումներից, այլև անտառների վերականգնումից: Իսկ մինչ այդ պետությունը պետք է պարզապես մեկ քայլ անի նման առաջարկները ուշադրության տակ առնելու համար. մի կողմ դնի բնության և շրջակա միջավայրի հանդեպ իր անտարբեր քաղաքականությունը:

  1. http://www1.american.edu/ted/ice/armenia-forest.htm
  2. http://www.armeniatree.org/thethreat/facts_figures.pdf
  3. http://hetq.am/am/ecology/m-matevosyan-2/  2010/09/17
  4. http://armenianow.com/hy/social/environment /24966/environmentalists_suggest_moratorium_forest_logging  28.09.10
  5. http://hetq.am/am/ecology/antar-3/  2010/09/28
  6. http://ecolur.org/hy/news/2010-10-01/1465/  2010-10-01
  7. http://hetq.am/am/ecology/antar-3/  2010/09/28

Մանուկյան Սոֆյա

Աղբյուրը՝ www.hra.am