Ուսուցիչը չի հարգում աշակերտին, աշակերտը' ուսուցչին. Խնդիրը երկկողմանի է

Վերջին օրերին սոցիալական կայքերի ամենաքննարկվող թեմաներից է youtube-ում հայտնված հերթական տեսահոլովակը, որում Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչը հարվածում, վիրավորում է 8-րդ դասարանի մի աշակերտի:

Յուրաքանչյուր հավասարակշռված մարդ, դիտելով տեսահոլովակը, ցավ է ապրում, որ 21-րդ դարում դեռ բռնությունը տեղ ունի մեր կրթական համակարգում, ցավ է ապրում, որ աշակերտին սաստելու և կարգի հրավիրելու մանկավարժական մեթոդները թողած' ուսուցիչը դիմում է ծեծի օգնությանը: 

Նույնիսկ այն ծնողները, ովքեր ծեծի ամենօրյա չափաբաժին են օգտագործում իրենց երեխաներին դաստիարակելու համար, չզլացան քննադատել և դատապարտել ուսուցչին' համարելով, որ ծնողը իրավունք ունի ձեռք բարձրացնել իր երեխայի վրա, իսկ ուսուցիչը' ոչ:

Բռնությունը անընդունելի է ցանկացած պարագայում, և ես ինքս, լինելով ծնող, երբեք չեմ հանդուրժի իմ երեխայի նկատմամբ նման արարք: Սակայն, ինչպես ասում են, մեդալը երկու կողմ ունի: Բոլորը սուրբ և երեխասեր ձևացան, ոչ ոք չփորձեց խնդրին նաև ուսուցչի տեսանկյունից նայել:

Ես ինքս ունեմ շատ մանկավարժ ծանոթներ, ովքեր խոստովանում են, որ 21-րդ դարի սերունդը անվերահսկելի և անկառավարելի է: Փոխվել է երեխաների արժեհամակարգը, «դասատուին գժվացնելը» դարձել է ինքնակայացման, դասընկերների աչքին «լավ տղա» երևալու միջոց:

Այն ծնողները, ովքեր քննադատում և դատապարտում են ուսուցիչներին, գիտե՞ն, թե իրենց երեխան ինչպես է իրեն պահում դպրոցում, նրանք որևէ աշխատանք տանո՞ւմ են երեխայի հետ' նրա մեջ տարրական հարգալից վերաբերմունք դաստիարակելու դեպի ավագ սերունդը, դեպի մանկավարժները:

Հիմա կասեք, որ ուսուցիչն ինքը պետք է իր նկատմամբ հարգանք ներշնչի: Այո', ես չեմ կարող չհամաձայնել: Ուսուցիչը պետք է իսկական մանկավարժ լինի, և անկախ իր սոցիալական վիճակից կամ աշխատավարձի չափից, բարձր պահի իր կոչումը: Սակայն երեխան, մինչ կրթական հաստատություններ մտնելը, մեծանում և դաստիարակություն է ստանում ընտանիքում:

Վերադառնանք youtube-ի տեսանյութին և ծեծի «փորձված մեթոդը» օգտագործող ուսուցիչներն: Ինձ մի քանի հարց է հուզում, որ ցանկանում եմ ուղղել ոլորտի պատասխանատուներին: Ինչպե՞ս են այդպիսի ուսուցիչները հայտնվում դպրոցում և տարիներ շարունակ ծեծում ու կրթում տասնյակ սերունդների: Ի վերջո, այս խնդիրը վերջին երկու օրերին չէ, որ ի հայտ է եկել:

Ինձ, որպես ծնողի, հետաքրքիր է նաև, թե ի՞նչպես և ի՞նչ չափանիշներով է դպրոցներում կատարվում ուսուցիչների ընդունելությունը: Ըստ իս, համապատասխան մասնագիտական կրթությունը դեռ բավական չէ, որովհետև երեխայի հետ աշխատելու համար պետք է լինել մանկավարժ: Իսկ մանկավարժը, ընդունված է ասել, որ ավելի շատ կոչում է, քան մասնագիտություն:

Արդյո՞ք ուսուցիչներն անցնում են համապատասխան թեստավորում կամ հարցազրույց, որի ժամանակ հնարավոր լինի բացահայտել նրանց հոգեկան և նյարդային համակարգի հավասարակշռվածության վիճակը: Չէ՞ որ մանկավարժի աշխատանքը կապված է հասարակության խոցելի և դեռևս չձևավորված շերտի' դեռահասների հետ: Դա դժվար աշխատանք է'համբերություն, ամուր նյարդեր և մեծ նվիրվածություն պահանջող:

Եթե ուսուցչի նյարդերը հաճախ են տեղի տալիս (իսկ youtube-ում դեռ չի հայտնվել հերթական պոռթկման ձայնագրությունը, որպեսզի ուսուցիչը կամավոր հեռանա աշխատանքից), ապա տնօրենը չպետք է բավարարվի միայն նկատողություններ անելով: Խնդիրը հետևյալն է' կա'մ պետք է ուսուցիչը բուժի իր նյարդերը, կա'մ այլ աշխատանք փնտրի, որը կապված չի լինի երեխաների հետ:

Այն, ինչ տեսա youtube-ի տեսանյութում, երկու խոսքով կարելի է բնութագրել այսպես' հարգանքի տարրական բացակայություն: Մի կողմից աշակերտն է անհարգալից եղել ուսուցչի հանդեպ' իր պահվածքով նրան հասցնելով հուզական  անհավասարակշիռ վիճակի, մյուս կողմից ուսուցիչն է անհարգալից վերաբերմունք դրսևորել իր սանի նկատմամբ' բոլորի ներկայությամբ նրան հարվածելով և վիրավորելով:

Այն բուռն քննարկումները և հուզումնախառը գնահատականները, որ հնչեցվեցին տեսանյութի և երևույթի կապակցությամբ շուտով կմոռացվեն։ Իսկ երևույթը կա և կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ կրթության ոլորտի պատասխանատուները անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել դպրոց մտնող յուրաքանչյուր մանկավարժի մասնագիտական, հոգեկան և բարոյահոգեբանական պատրաստվածությունը ստուգելու համար։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը' www.hra.am