ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սկեսուրը հարսին մեղադրում է մահանալու մեջ
Հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ամուսնու՝ Խաղաղապահ գնդի պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սկեսուր Լիանա Սարկիսովան համարում է, որ այս ողբերգական պատմության մեջ միակ տուժողն ինքն է:
www.hra.am խմբագրությունը որոշեց կատարել անկախ լրագրողական հետաքննություն' ամենից առաջ նպատակ հետապնդելով պարզել սպանության հոգեբանությունը: Օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար որոշում ընդունվեց լսել թիրախային բոլոր խմբերի կարծիքները' տուժողի իրավահաջորդին /քրոջը/, հարևաններին, սկեսրոջը, հարազատներին, նրան առաջին բժշկական օգնություն ցուցաբերած բժշկին, գործով քննիչին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կարող են տեղյակ լինել գործի մանրամասներին::
«Էս ամեն ինչում տուժողը ես եմ։ Ինքը եկավ իր համար ման եկավ, տունս էլ քանդեց, փաստորեն ես մնացի առանց ոչնչի: Ինչ անիծվածի բերեց իմ տուն իմ «իդիոտ, իշակ» որդին: Պետք ա իմանալ որտեղից ես աղջիկ բերում։ Բերեցիր ի՞նչ արեցիր։ Ընտանիքս կործանեցիր»,- ասում է 20-ամյա աղջկա սկեսուրը՝ անթաքույց զայրույթով և ագրեսիվությամբ մեղադրելով իր որդուն Զարուհուն տուն բերելու իսկ Զարուհուն մահանալու մեջ: Նա գտնում է, որ աղջկա մահը «քանդեց իր տունը», որովհետև դրա պատճառով ինտերնետում իրեն «հեղինակազրկում» են:
Զարուհու քրոջ՝ Հասմիկի խոսքերով՝ հենց սկզբից հարս-սկեսուր հարաբերությունները լավ չեն եղել: Լիլիա Սարկիսովան դեմ է եղել մանկատնից իր տուն աղջիկ բերելուն: Զարուհու հանդեպ վերաբերմունքի տարբերությունը մյուս որդու կնոջ հետ նկատել են նաև հարևանները:
«Էն մի հարսին շատ լավ է վերաբերվում: Էս մանկատան երեխա էր, կարելի էր ծեծելով տանջամահ անել: Էն մեկը գլխին տեր ունի»,- ասում են նրանք:
Դա չի թաքցնում նաև ինքը՝ Լիլիա Սարկիոսվան, ով իր ամենամեծ սխալը Զարուհուն տուն թողնելն է համարում, իսկ մյուս սխալը՝ աղջկան «չկզցնելը»:
«Ես՝ հիմարս, ասում եմ՝ գնա սովորի, խելացի մարդիկ ասում են՝ տանը «իշակություն» արա, հարսին չեն ասում հագնվի ու գնա քեզ ցուցադրելու։ Ճիշտ են էլի անում մարդիկ, հարսին բերում են ու կզցնում են»,- վրդովված ասում է նա:
Ընտանիքում կոնֆլիկտը Զարուհու սկեսուրը բացառում է. «Չէ՜, նա նրան էնքան էր սիրում: Տղաս նրան սիրում էր, է՜, ես դրա համար...»,- քիչ անց բողոքելով՝ «Դե կոնֆլիկտ, ես շատ գիտեմ, եթե օրինակ տղամարդը առավոտյան գնում է աշխատանքի, կին վեր կաց երեկոյան հագուստը արդուկի, դիր: Առավոտյան շուտ սենց (դեմքը ծամածռելով ձեռքերը տարուբերում է) շալվարը անում ես, տալիս ես: Անուշադիր էր, փնթի, կոկիկ չէր»:
Զարուհու հորաքույր և հարևանուհի Շողիկը ասում է, որ «կոնֆլիկտներ այդ ընտանիքում ամեն օր են եղել»:
«Իրենք միշտ ճնշած են պահել երեխուն, ամեն օր սկեսուրն ու ամուսինը ծեծում էին, դասի կապտուկներով էր գնում»,- ասում է նա:
Զարուհու մոտ ընկերուհու խոսքերով (չի ցանկանում ներկայանալ)՝ ծեծը սկսվել է այս տարվա մարտից, երբ «Յանիսը Զարուհուց փող է ուզել, հետո էլ պարբերաբար վռնդել է տնից»: Աղջկա մահվան նախորդ օրն էլ ամուսինը «ծեծել-լարել էր» էր նրան. աղջիկը 3-4 օր ապրում էր ընկերուհիներից մեկի տանը: Ընկերուհու վկայությամբ՝ այդ ժամանակ արդեն նրա մատը ջարդված, բայց անգամ փաթաթված չէր, դեմքը «մի կողմից փուչիկի պես ուռած և կապտած էր» ծեծից:
Զարուհու ընտանեկան խնդիրներին տեղյակ էին նաև հարևանները, շշուկով պատմում են ամեն ինչ, բայց քննիչին ցուցմունք չեն տալիս՝ «արդարանալով», որ «ականատես և տեղյակ չեն եղել»: Անգամ Զարուհու հորաքույր Շողիկը, որը պատմում է Զարուհու ամենօրյա ծեծի ու կապտուկների մասին, հրաժարվում է ցուցմունք տալ:
«Ես ցուցմունք չեմ տվել, եթե ես տեղյակ չեմ, ո՞նց ցուցմունք տամ, ներկա չեմ եղել, տեղյակ չեմ եղել: Քննիչը եկել է, մենք ուղղակի խոսել ենք, ես չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասում է նա և ուղղորդում է զրուցելու ուրիշների հետ:
Զարուհի Պետրոսյանի բարոյականության մասին, ինչում կասկածում է սկեսուրը, հարևանները «ռեալ, ստույգ, հակիրճ, 100 տոկոսանոց» պատասխան են տալիս՝ «ընտիր, հեզ, խոնարհ, «բռիլիանտ» աղջիկ» էր՝ ի տարբերություն իր ամուսնու, որը, աղջկա մոտ ընկերուհու խոսքերով, «ման եկող էր»:
Հարևանները Յանիսին բնութագրում են որպես «շատ ջղային, շատ կոպիտ», ոմանք էլ՝ «շոռաչք» մարդ:
«Ինքը անփաստաթուղթ գիժ էր»,- ասում է Զարուհու հորաքույր Շողիկը: Աղջկա ընկերուհու պնդմամբ՝ տղան «շատ նորմալ է, և եթե որևէ մեկը նրան աննորմալ է ներկայացնում, նշանակում է՝ ուզում է, որ տղան «հոգեկան հիվանդի» պատրվակով պատիժ չկրի:
Յանիսի նորմալ լինելը հաստատում է նաև Զարուհու քույրը՝
«Եթե սկսիսուրը չխառնվեր, հասկանում էին իրար, խոսելով, կիսվելով, բայց սկեսուրը միշտ ստիպում էր Յանիսին, որ ծեծի քրոջս, ասում էր՝ ծեծի, տան աղջիկ չի, պիտի ծեծես, ստիպես ինքը տան աղջիկ դառնա»,- պատմում է նա:
Հասմիկի գտնում է, որ քրոջ սկեսուրն էլ է հանցակից, որովհետև նա էլ պարբերաբար ծեծում էր աղջկան, սակայն գործում Լիլիա Սարկիսովան որպես մեղադրյալ ներգրավված չէ:
«Միանգամից մարդուն չեն վերցնում թերթերում գրածով մեղադրանք առաջադրում: Պետք է վկաներ լինեն, ցուցմունք տվողներ լինեն»,- ասում է քննիչ Վահրամ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ «օբյեկտիվ, անաչառ, բազմակողմանի քննություն է գնում. ոչ մի կասկած քննչականի կամ օպերատիվ աշխատողի վրա թող չլինի»:
Մինչ Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ ճանաչված Հասմիկ Պետրոսյանը պատրաստվում է խնամակալության վերցնել քրոջ դստերը, Լիլիա Սարկիսովան անհանգստանում է երեխայի թոշակի մասին, որը կստանա Զարուհու քույրը, եթե դառնա 1.8 տարեկան Լիլիայի խնամակալը: Իսկ երեխան գիշերները չի քնում, տատի խոսքերով՝ շատ անհանգիստ է, կարոտում է...
Մեզ հետ հանդիպման ժամանակ էլ փոքրիկն անըդնհատ «մամա» էր կանչում:
«Ես առանց ծնող եմ մեծացել, չեմ ուզում երեխաս առանց հայր մեծանա, ո՞ւր բաժանվեմ, ո՞ր տանը կռիվ չի լինում, կդիմանամ»,- մշտական կռիվների ժամանակ անընդհատ կրկնել է Զարուհին,- «կդիմանամ......»
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
